«Մի երեք հատ շուն կա, գնամ սատկացնեմ՝ գամ». Կնոջն ասել էր Արցախում զոհված Մոնթեն

Արցախում զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը Ֆիզուլիում էր ծառայում, դասակի հրամանատար էր։ Ռազմական գործողություննների ընթացքում օգնության էր գնացել Ջեբրաիլ, այնտեղ էլ զոհվել էր։ Բենիամինի հայրը՝ Ներսես Եղոյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, գնդապետ։ Երկար տարիներ աշխատել է Պաշտպանության նախարարությունում, առողջական խնդրի պատճառով կորցրել ոտքը։ Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է եղել, հայտնի է «Բատյա» անունով։

«Քո տղան չե՞մ, ո՞նց կդժվարանամ»

Բենիամինի հայրը պատմում է, որ Բենիամին անունով որդի է ունեցել, ով դժբախտ պատահարի արդյունքում մահացել է. փամփուշտն անդրադարձել է, դիպել երեխային։ Հետագայում, երբ 1992թ. մյուս որդին է ծնվել, նրան Բենիամին անունն են տվել։ Դեռ փոքր հասակից Բենիամինին Մոնթե են սկսել կանչել, քանի որ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանն է եղել։ Խոսելով որդու մասին՝ հայրը նշում է, որ որդին մի քանի տարի սովորել է դպրոցում, ապա տեղափոխվել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր ու սովորել այնտեղ։ Ապա իր ընտրությամբ ընդունվել և սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

Beniamin (2)

«Շատ էր սիրում զինվորական գործը։ Ընկերասեր էր, լավ ընկերներ ուներ»,- ասում է Բենիամինի հայրը՝ նշելով, որ որդին իր համար անկյուն էր պատրաստել՝ դրոշով, հերոսների նկարներով։ «Նվիրված, հայրենասերգ ասելու բան չէ»,- որդու մասին ասում է հայրը՝ նշելով, որ որդին ծառայության է անցել Ղարաբաղում։ Դեպքից 2-3 օր առաջ խոսել է որդու հետ. «Ապրիլի 15-ին պիտի գար Երևան։ Սպասում էի։ Երբ հարցնում էի՝ հնարավո՞ր է՝ դժվարանում ես, ասում էր՝ քո տղան չե՞մ, ո՞նց կդժվարանամ։ Նվիրված էր, սիրում էր»։ Հայրն ասում է, որ Բենիամինը տանկիստ էր. «Սկզբում պեխոտ էր։ Մի օր եկավ, ասաց՝ պա՛պ, փոխում եմ, տանկիստ եմ ուզում լինել։ Ասացի՝ լավ, ա՛յ տղա, ասաց՝ չէ՛, տանկիստ պիտի լինեմ»։

«Թեքվում են, որ գան, այդ ժամանակ սնարյադով խփում են»

Beniamin (4)

Որդու զոհվելու հանգամանքների մասին պատմելով՝ Բենիամինի հայրն ասում է, որ ապրիլի 2-ին գնացել են Ջեբրաիլ՝ օգնության։ «Բոյի մեջ են մտնում, լավ դուրս են գալիս։ Ապրիլի 3-ին ասում են՝ թուրքերը եկան թե ինչ։ Երեք հոգի՝ լենինականցին, դիլիջանցին և ինքը, նստում են տանկն ու գնում առաջ։ Լավ խփում են՝ կրակոց, այս կողմ, այն կողմ։ Հրամանատարը ետ է կանչում, թե՝ հերի՛ք է, եկե՛ք։ Թեքվում են, որ գան, այդ ժամանակ սնարյադով խփում են։ Երեքն էլ չկան…»,- ասում է Բենիամինի հայրը։ Ըստ հարազատների՝ տանկից դիերը դուրս բերելու ընթացքում երկու հոգի վիրավորվել է, մյուսը՝ զոհվել. տանկը կրակի տակ է եղել։ Բենիամինի հայրն ասում է՝ առողջ լիներ, հենց առաջին օրը սահման կգնար։

Beniamin (3)

Քառօրյա պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ էր Բենիամինն ամուսնացել։ «Ինչքան ասես՝ լավ տղա էր, ինչքան ասես՝ հավատարիմ, ինչքան ասես՝ ազնիվ, նվիրված էր հայրենիքին, հայրենասեր էր»,- ասում է զինծառայողի հայրը՝ նշելով, որ կնոջ հետ որդին բնակարան է վարձակալել Ղարաբաղում, այնտեղ են բնակվել, դեռ չեն էլ հասցրել գրանցել ամուսնությունը։ Բենիամինն այդ օրերին խոսել էր նաև կնոջ հետ՝ ասելով. «Մի երեք հատ շուն կա, գնամ սատկացնեմ՝ գամ»։

Տեսանյութեր

Լրահոս