ԵԽ-ն բանաձև ընդունեց՝ կոչ անելով անհապաղ գործարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում անհապաղ գործարկել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր ԵԽ-ի՝ Բրյուսելում կայացած արտահերթ նստաշրջանում:

«Բանաձեւն ընդունված է»,- ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Բանաձեւի օգտին քվեարկել են 395 եվրապատգամավորներ, դեմ՝ 200-ը:

«Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,- նշվում է փաստաթղթում:

Ըստ բանաձևի՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները պետք է սկսվեն այն բանից անմիջապես հետո, երբ Լոնդոնը պաշտոնապես դիմում կներկայացնի: «Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ նոր հարաբերություններ չեն կարող համաձայնեցվել, նախքան դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքումը»,- նշվում է փաստաթղթում:

Տեսանյութեր

Լրահոս