«Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն իր անվտանգության հարցում ավելի լայն տարածքի կարիք է ունենալու». Բատու Կուտելիա

«Ռուսաստան-Հայաստան ՀՕՊ համակարգը չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ին ուղղված սպառնալիք»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում ասաց Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կուտելիան՝ անդրադառնալով ՆԱՏՕ-Հարավային Կովկաս հարաբերություններին ու հեռանկարներին: 168.am-ի հարցին, թե ուկրաինական պատերազմից հետո ի՞նչ է փոխվելու Հարավային Կովկասի երկրների ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում, ի՞նչ կարող է առաջարկել ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով առկա մարտահրավերները, Բատու Կուտելիան պատասխանեց, որ բոլոր առկա ու ապագա ձևաչափերը, կազմակերպությունները, անվտանգության միջոցառումները, որոնք ղեկավարվում են Ռուսաստանի կողմից, անհաջողության կմատնվեն, քանի որ դրանք հիմնված չեն համընդհանուր արժեքների՝ ընտրության ազատության, մարդու համընդհանուր իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքների, միջազգային իրավունքի ու թափանցիկության վրա:

Վրացի վերլուծաբանը չի կարծում, թե աշխարհաքաղաքական չափումներում մի շարք տարաձայնություններից ելնելով՝ Հարավային Կովկասը դիտարկվում է՝ որպես տարածաշրջան, ուստի ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ միության համար դժվար է ունենալ ընդհանուր քաղաքականություն այստեղ: «Ես կասեի, որ ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասն աշխարհագրական տարածք է, որը ներառում է երկու աշխարհաքաղաքականապես կարևոր տարածաշրջան՝ Սևծովյան և Կասպյան:

Վրաստանի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո, ինչպես նաև հիբրիդային մարտահրավերներից հետո, ՆԱՏՕ-ի օրակարգի համար Սևծովյան ավազանը դարձավ ստրատեգիապես կարևոր հարց, և ես նույնիսկ կարևոր որոշումներ կակնկալեի այս ուղղությամբ Վարշավյան գագաթաժողովի ընթացքում»,- նման տեսակետ հայտնեց Կուտելիան:

Վերջինիս խոսքով, ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունն այն երկրներում, որոնք այդ ուղղությամբ հստակ արտահայտված քաղաքական կամք ունեն: Նա մեջբերեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը. «ՆԱՏՕ-ում՝ ավելի Վրաստան, և Վրաստանում՝ ավելի ՆԱՏՕ»: «Ինչ վերաբերում է Հայաստանի այլընտրանքներին, ապա կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարիք է ունենալու իր պաշտպանության և անվտանգության քաղաքականության, ընտրության հարցում ավելի լայն տարածքի, ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդպիսի ընտրությունը պետք է ամրապնդվի ամուր հասարակական կարծիքով»,- նշեց Բատու Կուտելիան:

Խոսելով նույն այս ուղղությամբ ՆԱՏՕ-ԵՄ քաղաքականության համադրման անհրաժեշտության մասին՝ Կուտելիան ասաց, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի քաղաքականությունը պետք է շատ ավելի կոորդինացված լինի ռազմավարական հաղորդակցությունների ուղղությամբ: «Սա թույլ կտա նվազագույնի հասցնել Եվրոպայի պառակտման՝ Ռուսաստանի հնարավորությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծվելիք ՀՕՊ միասնական համակարգին, որպես ՆԱՏՕ-ին ուղղված սպառնալիք՝ Բատու Կուտելիան ասաց, որ Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր ինքնիշխան պետություն, ազատ է իր գործընկերներին, շրջանակները և նրանց հետ համագործակցության մակարդակներն ընտրելու հարցում, ինչպես նաև ազատ է ընտրել իր պաշտպանության ապահովման մեթոդները: Ստրատեգիական որոշումները, ինչպես հակաօդային միասնական պաշտպանության համակարգն է, նրա խոսքով, ունենում է երկարաժամկետ ու կարճաժամկետ հետևանքներ՝ պահանջելով ուշադիր դիտարկում:

«ՆԱՏՕ-ն չի ծրագրում հարձակվել կամ խախտել Հայաստանի օդային տարածքը, ուստի այս համատեղ մեխանիզմը չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի դեմ միջոց, քանի դեռ կողմերը՝ Հայաստանն ու Ռուսաստանը, այդ մասին չեն հայտարարել»,- նկատեց Բատու Կուտելիան:

Տեսանյութեր

Լրահոս