Բաժիններ՝

«Նամակում եղել է «ներողություն» բառը». Պեսկովը՝ Էրդողանի ուղերձի մասին

Նամակում, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին, կան ափսոսանքի խոսքեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուղերձում կան և՛ բառեր, որոնք կապված են ափսոսանք հայտնելու հետ, և՛ կա «ներողություն» բառը: Կա թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նամակի մեջբերումները, որոնք հրապարակված են Կրեմլի պաշտոնական կայքում, ամբողջությամբ համապատասխանում են թուրքերենին:

«Այնտեղ չկան լեզվաբանական նրբություններ, ես իսկապես մասնագետ եմ, ես իսկապես թուրքագետ եմ: Եվս մեկ անգամ կարդացե՛ք տեքստը, դրանից կատարված մեջբերումները, դրանք 100 տոկոսով համապատասխանում են թուրքերեն լեզվին»,- հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները:

«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- գրել է Էրդողանը:

Այնուհետ ասվում է, որ թուրքական կողմը «դիմելով ռիսկի և մեծ ջանքեր գործադրելով, վերցրել է ռուս օդաչուի մարմինը սիրիացի ընդդիմադիրներից և այն տեղափոխել Թուրքիա: Մինչհուղարկավորության արարողության կազմակերպումն անցկացվել է համաձայն կրոնական և զինվորական արարողակարգի: Այդ ամբողջ աշխատանքը իրականացվել է թուրք-ռուսական հարաբերություններին արժանի մակարդակով:

Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ խորապես ցավակցել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրք ընտանիք: Հանուն ցավի թեթևացման և հասցված վնասի ծանրության՝ պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս