Բաժիններ՝

«Հռոմի պապի այցը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կարոտ է իսկական սիրո»

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ Հռոմի պապն ապացուցեց, որ ի խորոց սրտի ծանոթ է հայոց պատմությանը, մշակույթին, հայ մարդու կերպարին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ Հռոմի պապի ամեն խոսքը կշռադատված էր, ապացուցված ու հարգանքի արժանի՝ հասկացողների կողմից. «Իսկ անհավատների և չհասկացողների կողմից ոնց ուզում է՝ թող ընկալվի»:

Բանախոսն առանձնացրել էր, իր դիտարկմամբ՝ պապի արտաբերած երեք կարևոր բառերը.

««Ուխտագնացություն» բառը հենց այնպես չէր: Սա մի ավանդույթ է դառնալու, որ Հայաստան ուխտագնացության գան: Նա երկրորդ անգամ ասաց «ցեղասպանություն» եզրույթը, ինչը ևս պատահական չէր: Նրա ուղերձները միայն քրիստոնյա աշխարհին չէին ուղղված, այլ համայն մարդկությանը: Այդ իմաստով, երբ ասաց՝ այլևս ոչ Ցեղասպանությանը, դա ընդհանուր մարդկությանն էր ուղղված: Եվ երրորդ բառը, բնականաբար, Հռոմի պապը պետք է լինի աշխարհում խաղաղության, արդարամտության և ճշմարտության ուղերձի կրողը. վկա աղավնիները, որ Խոր Վիրապում արձակվեցին»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Հռոմի պապն իր սպիտակով ցույց տվեց, որ մերոնք սև են.

Կարդացեք նաև

«Պարզ է, որ զգեստի մասին չէ խոսքը»: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ տվեց այս այցելությունը Հռոմի պապին. «Ինչո՞ւ ենք մենք միայն մի կողմից հարց տալիս: Ես շատ պետություններում եմ եղել ու այսպիսի դրական էներգիայով լի ժողովուրդ չեմ տեսել: Հայաստանի համար, սա, իհարկե, կոնտրաստի զգալն էր, թե ինչպիսին պետք է լինեն մեր հոգևորականությունը, իշխանությունը, Ոստիկանությունը, մեր գթասրտությունը, և ինչ ճանապարհ ունենք անցնելու այդ ամենին հասնելու համար»:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ հավելեց.

«Կարծես թե բոլորը միաձայն խոսում են որոշակի դասերի մասին: Դասեր կարող է տալ միայն ուսուցիչը, և այս պարագայում մենք հրաշալի ձևով տեսանք, թե ինչպիսին պետք է լինի իսկական ուսուցիչը, ով իրավունք ունի դաս տալու: Նա կրում էր այն ամենը, ինչի մասին խոսում էր: Նա խոսում էր շատ պարզ ու հասկանալի: Մենք սովորել ենք, չէ՞, գավառական ասմունքողներին, որոնք ոչ թե Աստծո խոսքն են ասում, այլ պարզապես երգում են»:

Ռ. Բաբայանն էլ այն կարծիքին է, որ Հռոմի պապը շատ բան տարավ Հայաստանից.

«Նա սեր տարավ: Ընդհանրապես, Հայաստան երկիրը լիքն է էներգետիկայով, և Հռոմի պապն առաջինը չէ, որ դա նկատեց: Մենք տեսանք նաև, որ մեր ժողովուրդը սիրո կարոտ ունի, իսկական սիրո: Անկեղծ սերը նույնպիսի արձագանք է գտնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս