Բաժիններ՝

Քեմերոնը Brexit-ից հետո այսօր առաջին անգամ կհանդիպի ԵՄ ղեկավարների հետ

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին անգամ կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ այն բանից հետո, երբ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:

ԵՄ խորհրդի անդամների հետ գագաթաժողովին Քեմերոնը կոչ կանի եվրոպական երկրների ղեկավարներին ու եվրոպական կառույցներին կառուցողական մոտեցում որդեգրել Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների միջև նոր ձևաչափի ստեղծման բանակցությունների նկատմամբ:

Ինչպես սպասվում է, Քեմերոնը չի սկսի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը՝ պնդելով, որ դրանով զբաղվի իր իրավահաջորդը, որը պետք է ընտրվի Պահպանողական կուսակցության կողմից մինչև սեպտեմբերի 2-ը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ Բրիտանիայի նոր կաբինետին հարկավոր է նախապատրաստվելու ժամանակ տալ, սակայն այդ գործընթացը պետք չէ երկար ձգել, քանի որ դա «վարակիչ» և կործանարար կարող է լինել կազմակերպության համար, որը մի շարք տնտեսկան և քաղաքական դժվարությունների է բախվել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին համաձայնել են Մերկելի հայտարարության հետ:

Քեմերոնի և ԵՄ ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա աշխատանքային ընթրիքի ժամանակ, սակայն նա չի մասնակցի գագաթաժողովի երկրորդ օրվա աշխատանքներին, որտեղ ԵՄ 27 ղեկավարները քննարկելու են պայմանները, որոնց դեպքում կհամաձայնեն ԵՄ-ից հեռացնել Բրիտանիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս