Բաժիններ՝

Գնդեվազցիները «Գեոթիմի» հետ գործարքը շահավետ են համարում

Գնդեվազ գյուղի այն բնակիչները, որոնք «Գեոթիմ» ընկերությանը հողեր են վաճառել, համարում են՝ շահավետ գործարք են կնքել ընկերության հետ։ Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի տեղակայման վայրն ընտրվել է 2013 թվականին՝ «Գեոթիմի» և կառավարության համատեղ աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքում։

Ամուլսարի ծրագրի ենթակառույցների համար ընտրված տարածքը ներառում էր խոտհարք, գյուղնշանակության հողեր, արոտավայրեր և ծիրանի այգիներ։ 2014 թ. աշնանն իրականացվեց հողերի գնահատում՝ միջազգային և Հայաստանի փորձագետների կողմից. գնահատվում էր յուրաքանչյուր հողակտորը, ծառերը՝ ըստ տարիքի և բերքի, և վրայի շինությունը՝ առանձին։ Հողատերերին առաջարկվել է նաև հող՝ հողի դիմաց, դրամական փոխհատուցման փոխարեն։

Ծրագրի տարածքում է գտնվում ընդհանուր առմամբ 279 հողակտոր, որ պատկանում է մոտ 150 սեփականատիրոջ։ Նախքան հողերի ձեռքբերումն իրականացվել է կենսակերպի ուսումնասիրություն՝ գնահատելու ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը: Դրանք կընդունվեն՝ որպես ելակետային տվյալներ՝ հետագա 2-3 տարիների հետ համեմատելու համար: Դա թույլ կտա գնահատել բնակիչների կենսամակարդակի փոփոխությունները, զարգացման միտումները և մշակել ռազմավարություն՝ եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար։

Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Անդրեասյանը, որը «Գեոթիմին» է վաճառել մոտ 1 հազար քմ հող, մեզ հետ զրույցում նշեց, որ գործարքը շատ լավ է եղել.

Կարդացեք նաև

Gerasim Andreasyan

«Անձամբ ես չեմ դժգոհում, որովհետև բավականին նորմալ գնով, շուկայականից գուցե և մի փոքր բարձր գներով ձեռք են բերել մեր հողերը։ Ամենակարևորը, որ պայմանագրում նշված բոլոր կետերը կատարվել են ճիշտ և ժամանակին։ Մարդիկ սկսեցին բիզնեսներ դնել, առևտրով զբաղվել, իրենց տնտեսությունը բարեկարգեցին, գործեր կատարվեցին։ Եթե մինչ այդ մարդը հնարավորություն չուներ տունը սարքելու, հիմա արդեն կարողացան անել։ Գյուղացին այդ գումարով գնել է գյուղտեխնիկա, անձնական օգտագործման մեքենա, գնել է հող, գնել է տրակտոր, այն, ինչ գյուղացուն պետք է»։

Հողի վաճառք իրականացրած գյուղաբակ Ռիտա Խաչատրյանը նույնպես շատ գոհ էր այդ գործարքից.

Rita Xachatryan

«Փողս բանկ եմ գցել։ Ունեմ հինգ երեխա, երկու մեծ տնամերձ եմ առել, որ տղաներիցս ամեն մեկն իր տնամերձն ունենա։ Ես շատ գոհ եմ գործարքից, քանի որ շատ ազնիվ գործարք է տեղի ունեցել, ու կարող եմ բոլորի անունից էլ ասել, որ ծառերը շատ լավ են գնահատել։ Տարածքը 7000 մետր էր, որի դիմաց ստացել եմ 3 միլիոն 400 հազար դրամ»։
Գյուղացիներից ոմանք էլ հողի վաճառքից ստացված գումարով բիզնես են դրել, ու այդ միջոցով են եկամուտներ ստանում։

«Այգեգործությամբ էի զբաղվում, հիմա հատուցել են, հողը տվել ենք նրանց։ Տղաս այդ գումարով Երևանում բիզնեսով է զբաղվում, մնացածով էլ տունն ենք վերանորոգել։ Տղաս այնտեղ հագուստի առևտուր է անում։ Էլի հող ունենք, էլի ծիրանի այգի եմ դրել գյուղից մի քիչ ներքև։ Շահավետ գործարք էր»,- ասում է գնդեվազցի Արարատ Հակոբյանը։

Ararat Hakobyan

«Գեոթիմի» սոցիալական, զարգացման ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանն էլ նշեց, որ հողերի ձեռքբերման պրոցեսը համապատասխանել է ինչպես՝ հայաստանյան օրենսդրությանը, այնպես էլ՝ միջազգային չափանիշներին.

Nara Xazaryan

«Բուն հողերի ձեռքբերման պրոցեսը սկսվել է այս տարվա փետրվարին, ընդհանուր մոտ 279 հողակտոր է այդ տարածքում, որոնք ընդգրկում են արտորավայրեր, այգիներ։ Հայաստանի համար շատ սահուն, լավ գործընթաց եղավ։ Կիրառվել է 10/90 տոկոսի վարձավճարի ձևը. սկզբում վճարում ենք այդ գումարի 10 տոկոսը, երկու ամսից հետո՝ 90 տոկոսը։ Սկզբում մարդկանց մեջ մի քիչ մտավախություն կար, բայց երբ նրանք տեսան, որ գործընթացը շատ լավ գնում է, վճարումները ժամանակին կատարվում են, մարդիկ արդեն ավելի բաց էին։ Նույն սկզբունքը բոլորի հանդեպ է կիրառվել, բոլորին նույն սկզբունքով է առաջարկվել հողերի առքուվաճառքը»։

Ն. Ղազարյանը նշեց նաև, որ առաջիկա 2-3 տարիներին ընկերությունը կիրականացնի Կենսակերպի վերականգնման ծրագրեր՝ ազդակիր հողատերերին տրամադրելու եկամուտը խթանող միջոցներ՝ որպես այլընտրանքային կենսակերպ։ Անցած տարվանից սկսած՝ արդեն ավելի քան 90 միլիոն դրամ, կամ 187,000 դոլար ներդրվել է այս ծրագրերում, որոնք ներկայումս ընթացքի մեջ են.

«Հյուսիսային Գնդեվազում ոռոգման ջրագիծը, որն ընդհանրապես չէր գործում, 150 հեկտար հող կապահովվի ոռոգման ջրով, մարդիկ հնարավորություն ունեն այդ նոր տարածքում այգիներ հիմնել։ Իրազեկում է իրականացվել՝ Ֆինանսների կառավարում, արոտների կառավարում, փոքր բիզնես և գյուղական տուրիզմ թեմաներով սեմինարներ՝ համայնքի ներկայացուցիչներին գործնական հմտություններ սովորեցնելու նպատակով, այս տարի ավելի պրակտիկ ծրագրեր ենք իրականացնում, ունենք 6 ջերմոց, եթե տարին 12 ամիս այս ջերմոցները նրանք օգտագործեն, նրանք արդեն տարվա սկզբին 1 միլիոն դրամից ավելի գումար կունենան»։

Նշենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված «Լիդիան Ինթերնեյշնլի» դուստր ընկերությունն է։ «Լիդիանի» կարևոր բաժնետերերից են միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ IFC-ն և EBRD-ն։ Ընկերությունը ծրագրում է 2016-2018 թվականներին շուրջ 370 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներ իրականացնել Ամուլսարի ծրագրում։ Նախնական աշխատանքներն արդեն սկսվել են։ Հանքավայրի շահագործման ժամկետը կազմելու է մոտ 10 տարի։ Ամուլսարի ծրագրի շրջանակում կստեղծվի 1300 աշխատատեղ՝ շինարարության փուլում (շինարարական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի), և 650-700 աշխատատեղ՝ հանքավայրի շահագործման ողջ ընթացքում՝ 10 տարուց ավելի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս