Ալիևը պատրաստվում է կրկին խախտել հրադադարը և չի ուզում, որ դա արձանագրվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ժխտողական հայտարարությունն է արել՝ ասելով, թե Ադրբեջանը դեմ է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը։ Զինվորականների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով, Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է, ԼՂ-ն երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա, իսկ Ղարաբաղի կարգավիճակն ապագայի հարց է։ Շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառման վերաբերյալ Ալիևը հայտարարել է, թե այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահության մեխանիզմների չկիրառումը բացահայտ հետքայլ անվանեց Վիեննայի պայմանավորվածություններից։ Ըստ նրա՝ բոլոր համանախագահները նշել են, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը Վիեննայի հանդիպման շարունակությունն է, իսկ Վիեննայի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների իրականացման անհրաժեշտության մասին. «ՄԽ համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցուցաբերեն Ալիևի նման ետքայլի ու մերժողական մոտեցման հանդեպ»։

Է.Շարմազանովն ընդգծեց, որ Ալիևը չէ Արցախի ժողովրդին անկախություն տվողը, և տարօրինակ համարեց, թե ինչու Մեծ Բրիտանիայի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել՝ մնա՞լ ԵՄ-ի կազմում, թե՞ ոչ, հանրաքվեի իրավունք ունեն Շոտլանդիան, Կոսովոն, իսկ հենց հերթը հասնում է ԼՂ ինքնորոշմանը, հայտնվում են դեմքեր, որ կասկածի տակ են դնում այդ իրավունքը. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը երբեք չի կարող դրվել հարցականի տակ, և ԼՂ ժողովուրդը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի տիրապետության տակ։ Թող Արցախից էն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում մոռանան դրա մասին»։

Շարմազանովը հիշեցրեց, որ Ալիևի և նրա աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի գնահատականներին շատ խիստ արձագանքել է նաև պաշտոնական Մոսկվան՝ դա անվանելով «այլասերված մեկնաբանություն»։

«Ալիևն Ադրբեջանի նախագահն է, և ինչքան ինձ հայտնի է՝ Ադրբեջանը չի փայլում ժողովրդավարական և բազմակարծության արժեքներով։ Եվ միգուցե Ալիևի հայտարարությունը հալած յուղի տակ անցնում է իր երկրում, իր աշխատակազմում, իր թիմակիցների մոտ, բայց Ալիևի խոսքը հալած յուղի տակ չի կարող անցնել, լինել հեղինակություն ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում։ Քանի դեռ մենք չունենք խաղաղության վերջնական պայմանագիր, ցանկացած, նաև՝ պատերազմական գործողությունների վերսկսում հնարավոր է։ Հայաստանն ունի երկու սպառնալիք՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ Հայաստանում չի գտնվի որևէ մեկ բանական մարդ, որը կարող է ասել, որ ինքը կարող է երաշխիք տալ, որ վաղն Ալիևը չի կրակի։ Դրա համար մենք պետք է առաջնորդվենք «ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի» սկզբունքով»,- ասաց Շարմազանովը։

Ամեն դեպքում, ըստ նրա, բանակցությունները փակուղում չեն, և հանդիպելն ու բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը։ Շարմազանովի խոսքով՝ թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է, և այս պահին այն ամրապնդվում է։ Անդրադառնալով Հայաստանի նախագահի առաջադրած 3 պայմաններին՝ Շարմազանովը նշեց, որ դրանք Վիեննայի հայտարարության մեջ արտացոլված են, իսկ Վիեննայի գագաթաժողովի հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիևի խոսքը զուտ նրա ցանկությունն է, և ոչ թե՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնություն. «Պարոն Ալիևին երևի ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակցությունները։ Դա երևում է նրա մի քանի արտահայտությունից, և նախևառաջ՝ մեխանիզմների հարցը նորից շրջանցելու իր մտադրությունից, որը չափազանց կարևոր խնդիրներից մեկն է, որ մենք ապագայում նորից չունենանք անհասցե մեղադրանքները, թե ով է խախտել հրադադարը։ Սա գլխավոր հարցերից մեկն է։ Եթե նա որոշում է, որ դա միայն ԵԱՀԿ թիմի մեծացումով պետք է տեղի ունենա, դա բացարձակապես ոչ որակական փոփոխություն առաջացնող փոփոխություն է, իսկ որակական կլիներ, երբ մեխանիզմն ամրագրվեր և դա ամրագրվեր հստակ շփման գծի երկայնքով»։

Ըստ նրա՝ պարզ երևում է, որ Ալիևին ձեռնտու չէ, որ այս շփման գծի երկայնքով ամրագրվեն հետաքննության մեխանիզմները, Ալիևը պատրաստվում է կրկին խախտել հրադադարը և չի ուզում, որ դա արձանագրվի միջազգային հանրության կողմից. «Ալիևը նորից չի հասկացել, որ քանի Ղարաբաղի կարգավիճակն անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որևէ փոխզիջման կամ զիջման մասին, կամ այդ ամենը տեսել է, որ այդ տրամաբանությունն աշխատում է բանակցային գործընթացում, վերադարձել է Բաքու ու Բաքվից հայտարարություններ է անում։ Մենք առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում, որ մի պրոցես տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, իսկ վերադառնալուց հետո փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը։ Ես վստահ եմ, որ նա դա անում է ներքին սպառման համար։ Կա, այսպես ասած, երկու տիպի Ալիև. մեկը՝ բանակցությունների սեղանի շուրջ, երբ բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը, և մյուսը՝ իր գահին բազմած, սուլթանական դիրքերից հոխորտացող Ալիև, որ խոսում է Բաքվից, և դրանք տարբեր Ալիևներ են»։

Ա.Ռուստամյանը նշեց, որ փուլային տարբերակը նույնպես փաթեթային պետք է համաձայնեցվի, և հայկական կողմը փուլայինին էլ դեմ չէ, եթե ի սկզբանե ճանաչվում է ԼՂ անկախությունը։ Իսկ ինքնավարության ոչ մի կարգավիճակի, ըստ նրա, հայ ժողովուրդը երբեք չի համաձայնի։ Նա օրինակ բերեց Նախիջևանը, որտեղ 40% հայությունից ոչ մի հայ չի մնացել։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ալիևի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկա, որովհետև նա հերթական անգամ խախտում է ցանկացած պայմանավորվածություն, հերթական անգամ խախտում է փաստաթուղթ, որի տակ ստորագրել է հենց ինքը՝ թե՛ Վիեննայում և թե՛ Սանկտ Պետերբուրգում։ Նա անգամ զարմանք արտահայտեց, որ եթե Ալիևը Վիեննայից վերադառնալուց մեկ օր հետո հերքեց, ապա Սանկտ Պետերբուրգից հետո մի քիչ երկար տևեց նրա հերքումը. «Նման մի հայտնի ֆիլմ կա՝ «ԺպվՖ րցՐՍՈ», սա դեժավյուի տպավորություն է թողնում»։

Ն.Զոհրաբյանի գնահատմամբ՝ Ալիևը վաղուց դադարել է մեր խնդիրը լինելուց. «Ալիևն ու Ադրբեջանը այլևս պետք է դառնան միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների ոչ թե՝ խնդիրը, այլ՝ լրջագույն պրոբլեմը, որովհետև այդ մարդն ուղղակիորեն արհամարհում է ոչ միայն՝ սեփական ստորագրությունը, այլ՝ սա բաց տեքստով թքել է միջազգային հանրության և ՄԽ համանախագահների ճակատին։ Եթե նրանց հարմար է մի ձեռքով մաքրել Ալիևի թուքն իրենց ճակատից ու մեկ այլ տեղ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել, որը մեկ ժամ հետո Ալիևը նորից խախտելու է, ի՞նչ ասեմ, ես այստեղ լավագույն խորհրդատուն չեմ»։

Ըստ նրա՝ առաջիկայում Ֆրանսիայում հանդիպում ծրագրելուց առաջ ՄԽ համանախագահները պետք է պարզաբանում պահանջեն Ալիևի հայտարարության վերաբերյալ, կամ առնվազն իրենք հանդես գան պարզաբանմամբ, այլապես Ֆրանսիայում կայանալիք հանդիպումը կհամարվի անիմաստ և առոչինչ։

«168 ԺԱՄ» թերթ
28.06.2016թ.

Տեսանյութեր

Լրահոս