«Եթե այդ համաձայնություններն իրագործվեն, ապա ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե չիրագործվեն՝ վատ է». Մեթյու Բրայզա

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան օրերս դրական փաստ էր համարել Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Նա նշել էր, թե Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հակամարտության հարցով կայացած գագաթաժողովը բարենպաստ հոգեբանական մթնոլորտ է ստեղծել քաղաքական գործընթացի հետագա առաջխաղացման համար։ «Հանդիպումը ամրապնդել է սույն թվականի մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերած արդյունքները։ Որոշում է կայացվել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը։ Այն, որ հանդիպումը կայացել է, արդեն իսկ, անխոս, դրական փաստ է»,- ասել էր նա։

Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հանդես եկավ անակնկալ հայտարարություններով։ Օրերս երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է. «Ինչ վերաբերում է հայերի կողմից առաջ քաշված նախապայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցին, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա։ Նախևառաջ՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն։ Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները։ Այս պարագայում այդ հարցն այսօր դիտարկելը սխալ կլիներ։ Երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը։ Եթե այդպիսով ի նկատի ունեն «սառեցնել» կոնֆլիկտը և շփման գծում հավելյալ այլ միջոցներ ընդունել, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»։

«168 Ժամը» Ադրբեջանի նախագահի այս մերժման հետևանքների մասին զրուցել է Մեթյու Բրայզայի հետ։

Պարոն Բրայզա, Ադրբեջանի նախագահը հերքեց հետաքննական մեխանիզմների ներդրման մասին տեղեկությունները և ըստ էության հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում նման մեխանիզմներ ներդնելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի առաքելության ընդլայնումից։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպիսի՞ արձագանք պետք է ստանա Մինսկի խմբի կողմից։

– Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները։ Ստացվում է, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին։ Մինսկի խումբը պետք է հստակեցնի այս հարցը։ Եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով։ Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել։

Այս պայմաններում, ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է սպասել հետագա բանակցություններից և հետագա նախագահական հանդիպումներից։

– Կրկին նշեմ, որ այն, ինչ ներկայումս անհրաժեշտ է՝ պարզաբանում, և, որպեսզի Մինսկի խումբը հաջողակ քայլեր ձեռնարկի՝ իրագործելու համար այն ամենը, ինչը համաձայնեցվել է Սանկտ Պետերբուրգում և սահմանի այդ միջադեպերի պատասխանատվության մեխանիզմը։ Հետագայում մենք կտեսնենք գուցե առաջընթաց։ Բայց եթե այն դիրքորոշումները, որոնք համաձայնեցվել են Սանկտ Պետերբուրգում, փոխվեն, ապա մենք և բանակցային գործընթացը՝ նախագահական հանդիպումները շատ ավելի բարդ փուլում են։

Այս հայտարարություններից հետո կարո՞ղ ենք գնահատել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը՝ որպես առաջընթաց բանակցային գործընթացում, ինչպես նշել էիք Ձեր նախկին հարցազրույցում։

– Չգիտեմ, վերադառնալով իմ նախկին պնդմանը՝ պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ իմ դիվանագիտական փորձից հասկացել եմ, որ այս հայտարարությունները սովորաբար տարբեր կերպ են մեկնաբանվում և ներկայացվում, ուստի մեզ անհրաժեշտ են հստակ հայտարարություններ։ Ես կսպասեի, որպեսզի Մինսկի խումբը մեկնաբաներ, քանի որ Մինսկի խմբի համանախագահները կապի մեջ կլինեն նախագահ Ալիևի հետ ուղիղ կերպով։

Տրամաբանորեն, եթե այդ համաձայնություններն իրագործվեն, ապա ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե չիրագործվեն, ապա վատ է, բայց ես ավելի բան չեմ կարող ասել, քանի որ ես չեմ խոսել նախագահ Ալիևի հետ։

Տեսանյութեր

Լրահոս