Շոկային թերապիա. Հայաստանը հաղթահարեց սթրեսը

Հայաստանին ու հայ հասարակությանը երկար ժամանակ էր պետք դուրս գալու համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ոգեղենությունից, էներգետիկայից, երեք օր այլ Հայաստանում ապրելու զգացողությունից: Ծրագրավորվա՞ծ, թե՞ ոչ, բայց իշխանությունը լուծել էր այդ խնդիրը՝ հասարակությանն ավելորդ սթրեսի չենթարկելու ու հանկարծ իրականությունից՝ չափից ու թույլատրելիից ավելի չկտրվելու համար: Իշխանությունը դիմեց շոկային թերապիայի. երեկ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում:

Վերընտրվեց, որպեսզի հասարակությունը վերադառնա այն Հայաստան, որում է՛ր մինչև Հռոմի պապի այցելությունը: Իշխանությունը վերընտրեցրեց Ռադիկ Մարտիրոսյանին, որպեսզի հասարակությունն իրեն զգա ոչ թե Հռոմի պապի այցելած՝ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետության, այլ՝ որպես քոսոտ երկրի քաղաքացի, ինչպիսին որ Հայաստանը որակել էր ԳԱԱ նախկին ու նորընտիր նախագահը:

Կարելի է երկար թվարկել բոլոր վնասները, որոնք Հայաստանի գիտությանը պատճառվել են Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության տարիներին ու դրա պատճառով, կարելի է հարյուրավոր էջեր գրել այն մասին, թե ինչպես ու որքանով է խոչընդոտել մտածողությամբ, տեսակով ու արժեհամակարգով խորհրդային այս գործիչը ժամանակակից հայ գիտության զարգացմանը, կարելի է թվարկել բոլոր այն նշանավոր հայ գիտնականների անունները, ովքեր նաև Ռադիկ Մարտիրոսյանի պատճառով այսօր աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր գիտական հաստատություններում: Բայց այդ թվարկումներն ու հիշատակումներն առոչինչ են դառնում այն մթնոլորտում, որն ընդամենը նախօրեին տիրում էր Հայաստանում:

Հռոմի պապի ուղերձներն ու աղոթքները վստահաբար այն Հայաստանի մասին չէին, որտեղ խավարը հաղթելու էր լույսին, հինը՝ նորին… Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությունը խորհրդանշական իրադարձություն է և արտացոլում է այն երկփեղկվածությունը, այն անդունդը, որն արտահայտվում է իշխանության, իշխող համակարգի ուղերձներում և նրա ներկայացրած տեսլականներում:

Իշխանությունը բոլոր տիպի ընտրություններում ընտրելու է «ռադիկմարտիրոսյաններին», որովհետև էությամբ նույնական է նրան, և ոչ թե՝ այն գիտնականներին, ովքեր կոչումներից, աստիճաններից բացի ու առաջին հերթին՝ ունեն մտքի, մտածողության ազատություն: Իշխանությունը ռադիկմարտիրոսյանների է ընտրելու նաև համայնքի ղեկավարների, քաղաքապետերի, պատգամավորական ընտրություններում, որովհետև այդ ընտրությամբ միայն կարող է հաղթել այն տեսակային պայքարում, որն այսօր աննկատ, բայց ծավալվում է ինչպես՝ հասարակության լայն, այնպես էլ՝ նույն իշխանության՝ նեղ շերտերում:

Տեսակային այս պայքարն է իրականում Հայաստանի, հայ հասարակության ամենամեծ մարտահրավերը, որի հաղթահարումից է կախված լինելու՝ ի վերջո, մենք ապրելու ենք ռադիկմարտիրոսյանների՞ Հայաստանում, թե՞ Հայաստանում, որի համար աղոթում էր Հռոմի Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետը:

Տեսանյութեր

Լրահոս