«Առաջարկել էի սահմանային ծառայությունը կապել բնակչության պետական ռեգիստրի հետ, երբ մարդը դուրս է գնում և ներս է մտնում՝ ֆիքսվում է». Հրանտ Բագրատյանը՝ Դավիթ Հարությունյանին

«Երբ մայիսի 10-ին, 12-ին մեր գործընկերներից մեկը հայտարարեց, որ այդ «4+4+4» ձևաչափը չկա, կոնսենսուս չկա, ես հայտարարել եմ այդ ձևաչափից դուրս գալու մասին: Հիմա ասվում է, որ կա կոնսենսուս: Լավ, ենթադրենք՝ կա, դուք բոլորդ ո՞նց եք պատկերացնում, իսկ եթե ձեզ խաբո՞ւմ են, ասում եք՝ օրենքն ընդունենք, հետո կփոխենք, բայց ժամանակ է գնում»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Հարությունյանը հայտարարել էր, որ, եթե համապատասխան 16 մլն եվրո ֆինանսավորումը չլինի, ապա իրենք Ընտրական օրենսգրքում չեն ավելացնի տեսանկարահանման սարքերի և նույնականացման քարտերի վերաբերյալ դրույթը:

Հ. Բագրատյանի խոսքով՝ առանց այն էլ մենք գնում ենք նոր բարդ ընտրական փուլի, ինչի՞ է մեզ պետք պետությունը մտցնել այդ ձևաչափի մեջ. «Եթե կարող էինք ասել, որ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ներքին մարմինները ֆիքսում են բնակչությունը, և ամենևին նման ռիսկերի հետ չառնչվեինք»:

Ի պատասխան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. «Ինձ թվում է՝ ամեն անգամ դուք դա ասում եք, բայց մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում: Այն ձևը, որ մեր օրենսդրությունը ֆիքսում է մշտական բնակիչներին, խոսքը վերաբերում է բնակչության ռեգիստրում գրանցված մարդկանց մասին: Դուք դա միշտ այլ ձևով եք մեկնաբանում, կարծես թե ինչ-որ մեկը գնում է՝ ստուգում է, բացահայտում է՝ այնտեղ մարդ ապրո՞ւմ է, թե՞ ոչ: Խորհրդային տարիներին կար այդպիսի բան, կոչվում էր՝ անձնագրային ռեժիմ, բայց հենց Խորհրդային Միությունը փլուզվեց, դա վերացվեց: Դա այլևս չկա»:

Կարդացեք նաև

Հ. Բագրատյանն էլ ասաց, որ Դ. Հարությունյանն իրեն ուշադիր չի լսում. «Մշտական բնակություն տերմինը մենք մտցրել ենք մեր կառավարման տարիներին՝ ձեզ հետ միասին, այն հստակ աշխատում է հարկային օրենսդրության պարագայում, երբ մարդը տարվա մեջ 183 օր իր երկրում է գտնվում: Ես առաջարկել էի կապել սահմանային ծառայությունը բնակչության պետական ռեգիստրի հետ, երբ մարդը դուրս է գնում և ներս է մտնում, ֆիքսվում է: Իմ ասած մշտական բնակությունը ձեր ասածի հետ կապ չունի: Ես վստահ չեմ, որ իմ առաջարկը ճիշտ է, բայց գուցե դրա մեջ ռացիոնալ հատիկ կա»:

Դ. Հարությունյանն էլ ասաց, որ Հ. Բագրատյանի ասածի մեջ միանշանակ ռացիոնալ հատիկ կա. «Սակայն այսօր մեր սահմանային ծառայության ծրագրային ապահովումը կառուցված է այլ սկզբունքների հիման վրա: Ես համոզված եմ, որ ինչ-որ մի պահի պետք է անցում կատարենք դրան, դրա առաջին քայլը հենց նույնականացման քարտեր հանելն է»:

Տեսանյութեր

Լրահոս