Հնարավոր է՝ 16 միլիոն եվրոյի բացակայության պատճառով ԸՕ-ում չընդգրկվի տեսանկարահանման սարքերի և նույնականացման քարտերի վերաբերյալ դրույթը

Այս պահին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նախ՝ նշեց, որ Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքական քննարկումները շարունակվեցին մի քանի ֆորմատներով. «Այս առումով «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում մեզ հաջողվեց որոշակի հաջողություններ գրանցել: Չէի ցանկանա քաղաքական գնահատականներ տալ դրան, քանի որ այն մեր քաղաքական մշակույթում նորույթ է»:

Նա նշեց, որ այսօրվա փոփոխությունների փաթեթը կազմելիս այդ օրենսգրքում ներառվել է 2 լրացում՝ մեկը վերաբերում է տեղական դիտորդներին, իսկ մյուսը՝ տեսանկարահանմանը և նույնականացման քարտերին: Ըստ Դ. Հարությունյանի՝ առաջին փաթեթը չի պահաջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ, և այն ուժի մեջ կմտնի օրենքն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում:

«Երկրորդ նախագիծը կապված և կախված է ֆինանսավորման հետ: Երբ մենք բանակցում էինք մեր ընդդիմադիր գործընկերների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, բազմաթիվ հավաստիացումներ հնչել են, որ ֆինանսական հատվածն ապահովված կլինի, և դոնոր հանրությունը ևս պաշտպանում է այդ մոտեցումները: Քանի որ առ այս պահը չունենք խոստում՝ ֆինանսավորման հետ կապված, ուրեմն չենք կարող երաշխավորել, որ այս ֆինանսավորումը կիրականացվի»,- նշեց Դ. Հարությունյանը:

Նա հայտնեց, որ այդ փաթեթն իրականացնելու համար անհրաժեշտ է 16 միլիոն եվրո, որից 3 միլիոն եվրոն կառավարությունը կտա.

«Դժվար է ասել՝ կհաջողվի՞ այդ ֆինանսավորումն ապահովել, թե՞ ոչ, եթե հաջողվի, կնշանակի, որ մենք կկարողանանք կյանքի կոչել այն մեխանիզմները, որոնց մասին մենք եկել ենք փոխհամաձայնության, խնդիրը ոչ միայն ֆինանսավորումն է, այլև ճիշտ ժամանակին այդ ֆինանսավորումն իրականացնելը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս օրենքի ուժի մեջ մտնելը պայմանական է: Եթե մինչև սեպտեմբեր այդ ֆինանսավորումը չապահովվի, մենք այդ օրենքը չեղյալ կհամարենք, եթե լինի ֆինանսավորում, սեպտեմբերի մեկին ինքը կգործի»:

Տեսանյութեր

Լրահոս