Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը վստահ է, որ «Վրացական երազանքը» հաղթանակելու է ընտրություններում

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր գլխավորած «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի նորացված թիմով հաղթի հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը: Կվիրիկաշվիլին այդ մասին հայտարարել է նախօրեին երիտասարդ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը այս տարի ինքնուրույն է մասնակցում ընտրություններին և ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի նորացված թիմով ու էներգիայով, կոնկրետ նպատակներով ու հստակ հայացքով ներկայանա ընտրողների առաջ և հաղթի ընտրություններում: Վստահ եմ՝ դուք լավ եք գիտակցում, որ ներկայացնում եք այն կուսակցությունը, որի վրա այսօր դրված է պատասխանատվություն՝ ղեկավարել երկիրը: Դա մեզ համար պատվավոր գործ է և միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն:

«Վրացական երազանքն» ամեն օր ուժեղանում է և միտված է զարգացմանը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին, որը նաև կուսակցության նախագահն է:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» պետք է ևս մեկ անգամ ցույց տա իր կողմնակիցներին, որ կարող է արժանապատվորեն ղեկավարել երկիրը:

«Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ և առաջադեմ կուսակցություն ենք, որը կրում է եվրոպական արժեքներ և հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին, որը երկիրը տանում է ճիշտ ուղով և այլընտրանքներ չունի»,- հայտարարել է վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս