«Հայաստանը ոչ միայն՝ իր երկնքի, այլև՝ Կովկասի երկնքի բանալիներն է տալիս ՌԴ-ին»

Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը դուրս է բերվում «պահոցից» և, ամենայն հավանականությամբ, կվավերացվի խորհրդարանի կողմից։ Ազգային ժողովն իր գարնանային նստաշրջանի վերջին նիստում չանդրադարձավ համաձայնագրին։

Փաստաթուղթը չքննարկվեց նաև ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանում, թեև մինչ այդ տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀ իշխանությունը շտապում է վավերացնել այն։ Եվ ահա, ՀՀ նախագահի սանկտպետերբուրգյան և ՊՆ պատվիրակության մոսկովյան հանդիպումներից հետո խորհրդարանը համաձայնագիրը ներառել է հունիսի 27-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ վերջին այցի ընթացքում հստակություն է մտցվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ռուսական սպառազինության մատակարարումների շուրջ։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը «168 Ժամի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ՀՕՊ պայմանագրում կան դրական կողմեր, որոնց օգտագործման դեպքում մենք իսկապես կկարողանանք հզորացնել մեր հակաօդային պաշտպանությունը։ «Ես չեմ հավատում, թե ցանկացած մի երևույթի դեպքում հայկական հրամանատարությունը, երբ երկրին վտանգ է սպառնալու, սպասելու կամ մտածելու է, թե որևէ մեկն իրեն հրաման տալո՞ւ է, թե՞ ոչ։ Ես չեմ կարողանում ընկալել, երբ մարդիկ ասում են, որ սրանից հետո ռուսներն են կառավարելու հայկական ՀՕՊ-ը։

Հրամանատարությունը հանձնված է հայկական կողմին, Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ՀՕՊ սարք, որ գոյություն ունի, դրա հրամանատարը լինելու է հայկական ՀՕՊ ուժերի հրամանատար, բնականաբար, որևէ մի վտանգի ժամանակ ինքն է տալու հրաման։ Եթե մենք կասկածում ենք այդ մարդուն, ուրեմն մենք ՀՕՊ հրամանատարության սխալ նշանակում ունենք։ Խնդիրը մեր մեջ պետք է ման գանք, և ոչ թե՝ ուրիշ կողմից։

Երկրորդ՝ համաձայնագիրն իր մեջ ունի անկախ բաժին, որ նաև համագործակցություն է ներառելու արցախյան կողմի հետ։ Համաձայնագրի շուրջ գործընթացը տևել է 3 տարուց ավելի, ես գիտեմ բարդությունների մասին բանակցությունների շրջանում և համարում եմ, որ պետք է դրական լինի»,- ասաց Թ.Պողոսյանը՝ նկատելով, որ հայկական կողմը կարողացել է բանակցությունների ժամանակ պահել Հայաստանի շահերը, այժմ պետք է կարողանալ ԱԺ կամ այլ կառույցի կողմից վերահսկողական մեխանիզմներն ապահովել։

ՀՕՊ համաձայնագրի վավերացումը ՀՀ ԱԺ-ում և ռուսական սպառազինությունների շուրջ պայմանավորվածությունները միմյանց կապելը, Թ.Պողոսյանի կարծիքով, արհեստական է։ Ըստ նրա՝ հայկական կողմը տարբեր մակարդակներով արդեն 4-5 այցելություն է ունեցել Ռուսաստան, և բոլորը բարձրացրել են սպառազինությունների հարցը.

«Ընդհանրապես ապրիլի 2-ից հետո իրենք չպետք է վերադառնային Մոսկվայից, մինչև չլուծեին մատակարարումների խնդիրը։ Շատ վատ է, որ ձգվել է այսքան ժամանակ, և, որ հայկական հատուկ պատվիրակությունն ապրիլյան գործողությունների սկսվելու հենց հաջորդ օրը չի մեկնել Մոսկվա ու այնտեղ գտնվել՝ ջարդուխուրդ անելով բոլոր դռները, այնքան, որպեսզի օր առաջ բերեր դա։ Մոտեցումը դա պետք է լիներ, ոչ թե այս ձևով երկար գնալ-գալ։ Եվ եթե այսօր պայմանավորվածությունների մասին է խոսվում, ու եթե հաջողվել է, դա ընդամենն իրենց աշխատանքն է։ Դրա համար չպետք է կանգնել ասել՝ «վայ, այս ինչ բարեգործություն արեցիք»։ Սպառազինությունների մասին վարկային համաձայնագիրը ստորագրված և արդեն մեկ տարի ուժի մեջ էր, և պետք էր օր առաջ սպառազինությունները լինեին Հայաստանում»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ՀՕՊ մասին համաձայնագիրն արտահերթ նստաշրջանով ԱԺ տանելը պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներով, և միգուցե Հայաստանին պետք էր հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։

«Թե որքանո՞վ է Սերժ Սարգսյանը բավարարված իր զրույցներից, քիչ բան գիտենք, բայց եթե նա փորձեց խոսել Ղարաբաղյան խնդրից, Պուտինը նախընտրեց սահուն կերպով անցնել գյուղատնտեսությանը։

Հայաստանը երբևիցե նշաններ ցույց չի տվել, որ չի վավերացնի, բայց նաև ԱԺ քառօրյայից ու հանձնաժողովում քննարկումից հետո նկատելի էր մի կողմից՝ զգուշավորություն, նաև անորոշություն՝ դրա նշանակության և վտանգների մասին, բայց նաև մյուս կողմից՝ պետք էր հասկանալ, թե ինչ է շահում Հայաստանը դրա դիմաց։ ՀՀ-ն այն եզակի երկիրն է, որին ոչ թե Ռուսաստանն է վճարում իր ռամաբազայի համար, այլ Հայաստանն է հոգում նույնիսկ նրանց կոմունալ ծախսերն այն դեպքում, երբ նույն ՀԱՊԿ-ն կամ ռուսական ռազմաբազան ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների հանդեպ որևէ զգայունություն չունի և չի միջամտել։ Այս կտրվածքով այժմ մենք երկրորդ քայլն ենք անում։ Ռուսաստանը շատ խոշոր աշխարհաքաղաքական խնդիր է լուծում Կովկասի երկինքը վերահսկելու առումով, քանի որ Հայաստանն այդ առումով ոչ միայն՝ իր երկնքի, այլև՝ Կովկասի երկնքի բանալիներն է տալիս Ռուսաստանին, և տակավին անհայտ է, թե ինչ է ստանում դրա դիմաց»։

Ս.Սաֆարյանի խոսքով՝ եթե անգամ պաշտոնական Երևանը վավերացնելու էր այս համաձայնագիրը, Ռուսաստանը գոնե պետք է վճարեր դրա դիմաց՝ անվտանգության առարկայական երաշխիքներ տալու տեսքով, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել։ Նա նշեց, որ դատելով ՀՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների հայտարարություններից, պաշտոնական Երևանը վավերացումը կապել է ռուսական սպառազինության տրամադրման հետ, և եթե քայլ է արվում վավերացնելու, թերևս, Հայաստանը միայն «շահում» է այն, որ Ռուսաստանի տրամադրած վարկի դիմաց ռուսական զենքը հասնի Հայաստան։

«Ցանկացած իշխանության կիսում այլ երկրի հետ արդեն խնդիր է։ Եվ տվյալ պարագայում, եթե պետությունը կանգնած է նման հրամայականի առջև, պետք է հասկանալ, թե առնվազն ինչ է ստանում դրա դիմաց։ ՌԴ-ի համար սա շատ ավելի մեծ կոնֆլիկտի՝ ՆԱՏՕ-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան, օդային ու ցամաքային կոնֆլիկտի մի փոքր պատկերն է, և եթե Ռուսաստանն ինքը Հայաստանի օգնությամբ ստանում է Կովկասի երկնքի բանալիները հարավից, այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ է տալիս դրա դիմաց։ Միայն սպառազինությո՞ւն։ Սա, թերևս, շատ վատ գործարք է, որովհետև բովանդակային առումով այս համաձայնագրի գործնական կիրառության մեջ Հայաստանն ակնհայտ խնդիրներ է ունենալու։ Եվ ի՞նչ են նշանակում այն հավաստիացումները, թե մենք ենք տնօրինելու, մեր ձեռքում է լինելու հրամանատարությունը։

Այս պահին իշխանությունը փորձում է մեզ հավաստիացնել, թե խնդիրներ չենք ունենալու, ամեն ինչ ճիշտ է ամրագրված, բայց կտեսնենք, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով իր խնդիրը լուծում է, իսկ տակավին հարց է, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը։ Այսինքն՝ Ռուսաստանը մեզ պարտքով փողի դիմաց զենք է տալիս, որ մենք ինքնուրույնաբար պաշտպանվենք Ադրբեջանից այն դեպքում, երբ մենք նրա խոշորագույն պրոյե՞կտն ենք սպասարկում։ Սա, կարծում եմ, անհամաչափ է»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս