Մահափորձ Ավետիս Ահարոնյանի դեմ

Պատմության կարևորագույն իրադարձությունները միշտ էլ ուղեկցվել են առաջին հայացքից՝ աննշան, դրվագային թվացող դեպքերով, որոնք, սակայն, հետքեր են թողել ինչպես՝ ժամանակի, այնպես էլ՝ մարդկանց ճակատագրերի վրա։ Ու եթե հաճախ դրանք մոռացության են տրվել, այդ մոռացումն էլ իր պատճառներն է ունեցել։ Ահա այդպիսի մի «անտեսված» միջադեպի մասին ենք ուզում պատմել, որն առնչվում է հայ նշանավոր գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի անվան հետ։

Avetis Aharonyan (3)

Ավետիս Ահարոնյանը

Ահարոնյանը, որ գլխավորել էր հայկական պատվիրակությունները Կոստանդնուպոլսի հայ-թուրքական բանակցություններում (1918), Փարիզի խաղաղության խորհրդաժողովում (1919), Լոնդոնի (1921) կոնֆերանսում ու ստորագրել էր Սևրի դաշնագիրը (1920), 1921 թվականին ապրում էր Փարիզում։ Ահա հենց այդ տարվա ձմռանն էլ Հայաստանում և սփյուռքում անսպասելի մի լուր տարածվեց՝ մահափորձ էր կատարվել Ավետիս Ահարոնյանի դեմ։

Կարդացեք նաև

Տեղեկություններն այնքան կցկտուր ու հակասական էին, որ առաջին պահին նույնիսկ քչերը հավատացին դրանց իսկությանը։ Բայց շատ չանցած տեղ հասան նաև առաջին վկայություններն ու պաշտոնական հաղորդումները։

Համաձայն այդ հրապարակումների՝ հունվարի 26-ին Տեր-Զաքարյան ազգանունով մի հայ երիտասարդ մուտք էր գործել քաղաքի Մարսո փողոցում գտնվող Ահարոնյանի բնակարան, սպառնացել էր նրան, իսկ հետո կրակել էր ատրճանակից։ Բարեբախտաբար, ահաբեկիչը վրիպել էր, ինչից հետո նրան ձերբակալել էին։ Բոլորին առաջին հերթին մտահոգում էր, թե ի՞նչն է եղել հարձակման պատճառը, սակայն ամենից շատ վշտացնում էր այն փաստը, որ կրակողն ազգությամբ հայ էր, այլ ոչ թե՝ օտարերկրացի մեկը։
Հաջորդ օրերին նոր մանրամասներ ի հայտ եկան՝ լրացնելով ժլատ լուրերի բացը։ Նախ՝ գրեցին, որ Ալեքսանդր Տեր-Զաքարյանը գնացել էր Ահարոնյանի մոտ՝ նրանից դրամ խնդրելու, որպեսզի Ֆրանսիայից Միացյալ Նահանգներ մեկներ, և մերժում ստանալուց հետո կրակել էր։

Այնուհետև ասվում էր, որ հարցաքննության ժամանակ նա քննիչին հայտնել էր, թե սեփական թշվառությունն էր իրեն մղել նման ոճրագործության։ Բայց առավել հետաքրքրականը նրա հետևյալ խոսքերն էին. «Փարիզ էի եկել՝ հուսալով բարեկեցիկ կյանք գտնել այստեղ, մինչդեռ ծանր աշխատանքի գնով հազիվ եմ կարողանում օրվա ապրուստ հայթայթել ինձ համար։ Այդ պատճառով էլ որոշեցի իմ և հայրենակիցներիս վրեժը լուծել՝ սպանելով Հայաստանի խորհրդարանի նախագահին, ով հայերին սովամահության է մատնել»։

Avetis Aharonyan (2)

Այն տունը, որտեղ ապրել է Ահարոնյանը

Ձերբակալվածի այս բառերը լիովին բավական էին, որ Ահարոնյանի ու Դաշնակցություն կուսակցության քաղաքական հակառակորդներն անմիջապես վերցնեին այդ միտքն ու դրոշակ դարձրած՝ ծածանեին նրանց դեմ՝ որպես ապացույց իրենց առավելության և հիշեցում այն բանի, թե ՀՅԴ-ն էր Հայաստանը տարել կործանման։ Այստեղ հարկ է նկատել, որ հատկապես 1920-ականների սկզբին շատերի մոտ կար այն մտայնությունը, համաձայն որի՝ տանուլ տրված Հայկական հարցի մեղավորներից մեկը հենց Ավետիս Ահարոնյանն էր, քանի որ նա՝ իբրև կուսակցության ակնառու դեմքերից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն էր ունեցել ազգային, քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններին։ Իսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, սրված գաղափարական պայքարի պայմաններում, այդ թեզն ավելի հաճախ էր շրջանառվում։

Այնպես որ, երբ մի քանի օր անց հայտնի դարձավ, որ մահափորձի հեղինակ երիտասարդն ինքն էլ Երևանից եկած դաշնակցական էր ու հինգ տարի իբրև կամավոր կռվել էր թուրքերի դեմ, պատկերը նոր երանգներ ձեռք բերեց։

Այդ ընթացքում տեղի մամուլը շարունակում էր պարբերաբար անդրադառնալ գործի ընթացքին, և հետզհետե ավելացող փաստերը որոշակի ձևափոխումներ էին կատարում սկզբնական պատկերացումներում։ Օրինակ, գրեցին, թե Տեր-Զաքարյանը նախկինում էլ մի քանի անգամ նույն պահանջով այցելել էր այդ տուն ու դատարկաձեռն հեռացել։ Իսկ միջադեպի օրը, հակառակ տան ծառայողի արգելքներին, նրան հաջողվել էր հասնել մինչև Ահարոնյանի սենյակ ու պահանջել 1500 ֆրանկ։ Լսելով մերժողական պատասխան, գրպանից դուրս էր քաշել ատրճանակը, բայց մինչ կկրակեր, Ահարոնյանը կարողացել էր բռնել նրա դաստակը, և փամփուշտը խրվել էր պատի մեջ։

Որոշ ժամանակ անց ֆրանսիական թերթերը հանդես եկան առավել ծավալուն հրապարակումներով, որտեղ արդեն աչքի էին զարնում գլխագրային ենթավերնագրերը. «Մահափորձը, որին քիչ մնաց՝ զոհ գնար Հայկական պատվիրակության նախագահ պ. Ա. Ահարոնյանը, քաղաքական հանգամանք չուներ»։ Ահա նման շրջադարձային որակումից հետո պարբերականները փոխանցում էին Ոստիկանության կոմիսար Մ. Սիմոնի կատարած քննության արդյունքները, համաձայն որոնց՝ Ալեքսանդր Տեր-Զաքարյանը նախկին ուսանող էր, սովորում էր Պետրոգրադում, երբ բռնկվեց հեղափոխությունը և նրան ստիպեց վերադառնալ Երևան։

«Ութ ամիս առաջ Փարիզ եկավ իր ուսումը շարունակելու համար։ Բայց դրամ չունենալով՝ բազմիցս օգնություն է խնդրել պ. Ահարոնյանից, որը զանազան առիթներով օժանդակել է նրան։ Վերջերս նույնիսկ անցագիր է հանել Տեր-Զաքարյանի համար, որ իր երկիրը դառնա։ Բայց նա չմեկնեց և շարունակեց գալ Մարսոյի փողոց, ուր գտնվում է պ. Ահարոնյանի տունը, և դրամական նոր օգնություն խնդրել։ Պ. Ահարոնյանը հրամայեց, որ հեռացնեն նրան։ Տեր-Զաքարյանը մի քանի անգամ փորձեց ներս մտնել, բայց չհաջողեց։ Վերջին անգամ գալով, ծառային հրմշտելով՝ Ահարոնյանի սենյակը մտավ և 1500 ֆրանկ պահանջեց։ Պ. Ահարոնյանը մերժեց։ Այդ ժամանակ գրպանից ատրճանակը հանելով՝ ուղղեց պ. Ահարոնյանի վրա։ Նախագահը բարեբախտաբար ժամանակին տեսավ նրա շարժումը և կարողացավ դաստակը բռնելով՝ խուսափել գնդակից, որ միջնորմի մեջ անհետացավ։ Իր արարքի պատճառած իրարանցումից օգտվելով՝ Տեր-Զաքարյանը փախավ փողոց, բայց ծառան հետևից վազելով՝ բռնեց և ոստիկանատուն հանձնեց»,- գրում էր թերթերից մեկը։

Մահափորձի հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Այս անգամ Ահարոնյանի հակառակորդները սկսեցին աղմկել, թե նա չունի այնքան ներողամտություն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին։ Մինչ աշուն Տեր-Զաքարյանը մնաց կալանքի տակ, մինչև որ սեպտեմբերի վերջին կայացավ նրա դատավարությունը։ Եվ միայն այդ ժամանակ հասկանալի դարձավ, որ Ավետիս Ահարոնյանի ցանկությունն էր՝ իր վրայից հանել քաղաքական բնույթի մեղադրանքները։ Ինչպես այդ օրերին գրել էր թերթերից մեկը, «Տեր-Զաքարյանը խոստովանել է, որ ցանկանում էր սպանել պ. Ահարոնյանին քաղաքական պատճառներով։ Նա պատճառաբանում էր, թե Ահարոնյանն իբրև հայկական պատվիրակության ղեկավար՝ իր հայրենակիցների մեծամասնության ներկայացուցիչը չէր»։

Avetis Aharonyan (1)

Ահարոնյանի վերջին լուսանկարը

Հատկանշական է, որ դատավարության ժամանակ ընդհանուր դատախազ Կոտրֆրուան՝ պահանջելով ոչ այնքան խիստ պատժաչափ, միաժամանակ հարկ էր համարել հիշեցնել օտարերկրացիներին, որ կարիք չկա «իրենց քաղաքական վեճերը կարգավորել ֆրանսիական հողի վրա»։ Ի վերջո, դատարանը Տեր-Զաքարյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նրան պարտավորեցրեց տուժող կողմին՝ Ա. Ահարոնյանին՝ իբրև վնասի հատուցում, վճարելգ մեկ ֆրանկ։

Ահա այսպիսի ավարտ ունեցավ ցավալի միջադեպը, որ դեռ երկար ժամանակ արծարծվում էր հայկական մամուլում՝ մերթ կրելով զուտ իրավական բովանդակություն, մերթ համեմվելով սուր քաղաքական սարկազմով։ Իսկ տարաբախտ ուսանողի հետագա ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս