10 օր հետո ծիրան չենք ունենա. Ոչ մի գործարան դեռ չի ընդունում բերքը

Վերին Լարսի անցակետի՝ քարաթափման հետևանքով փակվելու պատճառով կանգնել է ծիրանի արտահանման գործընթացը: 168.am-ի հետ զրույցում Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Ֆիրդուս Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը մթերող գործարանների կողմից ծիրանի մթերման գործընթացը շուտափույթ սկսելն է:

«Ոչ մի գործարան դեռ չի ընդունում, օրինակ` Պռոշյանի, Էջմիածնի պահածոների գործարանները, և այլն, չեն ընդունում, այսինքն` ծիրանի բերքի իրացման համար բավականին լուրջ խնդիրներ են առաջացել: Իսկ սառնարանային այդքան մասիվ տարածություններ չկան, որ տանեն սառնարանային տնտեսություններ: Իհարկե, բերքի որոշ մասը պահպանվում է սառնարաններում, բայց այդքան չկա: Իսկ ծիրանն այն միրգն է, որ, եթե ժամանակին չիրացվեց, կփչանա: 10 օր հետո ծիրան չենք ունենա: Կմնա նախալեռնային գոտին: Կառավարությունը պետք է շուտափույթ հանձնարարի գործարաններին, որ շտապ սկսեն մթերել, այլապես բեքը կոչնչանա»,- ասաց Ֆ. Հարությունյանը:

Ըստ նրա` ծիրանի արտահանման այլ տարբերակ չկա, և, եթե պահածոների գործարանները հիմա չմթերեն, բավականին դժվարություններ կունենանք, քանի որ այդքան ծիրան շուկաներում չի վաճառվի:

Ֆ.Հարությունյանի խոսքով` ծիրանի բերքն այս տարի ոչ շատ լավ է, ոչ շատ վատ, հատկապես` Էջմիածնի տարածաշրջանում բավականին ցրտահարություն է եղել, բայց բերք կա. «Անցած տարվա համեմատ՝ այս տարի ծիրանը պակաս է, հիմնականում` գարնանային անձրևների, ծաղկման շրջանում ցրտահարության պատճառով: Կարկտահարության հասցրած վնասն այնքան էլ մեծ չի եղել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս