Բաժիններ՝

«Հռոմի պապը կճաշի Գյումրու միանձնուհիների հետ». մոնսինյոր Լոմբարդի

«Այս առավոտ, այս պատմական պահին մեր առաջ բացվեց «սքանչելի Արարատ լեռը»: Սա պատմական օր է Գյումրիի համար, քանի որ մինչ այդ երբևէ Պապը այստեղ չի եղել, բայց այստեղ չի եղել նաև այս աստիճանի կարևոր աղոթք՝ հանրային տարածքում: Պատարագը սովորաբար սրբագործված տարածքում՝ եկեղեցում է մատուցվում, մինչդեռ այսօր՝ հաշվի առնելով Կաթոլիկ ու Առաքելական եկեղեցու զավակների մեծ քանակը, այսօրինակ մեծ արարողություն տեղի ունեցավ: Տեղական իշխանություններն ավելի քան 23 000 տոմս էին բաշխել, չեմ կարծում, թե այդքան մարդ կար այստեղ, բայց ամեն դեպքում, ժողովրդի աննախադեպ քանակ էր հավաքվել»,- այսօր Գյումիրիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Նրա խոսքով՝ սա միակ կաթողիկե պատարագն էր, որ պապի այցելության ժամանակ մատուցվեց, իսկ պապը, նրա խոսքով՝ շեշտադրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու կարևորությունը, նաև ակնարկներ արեց քրիստոնյաների ներգրավման վերաբերյալ՝ հանուն սոցիալական արդարության և հասարակության շահերի. «Ինձ համար սա շատ հետաքրքրական էր: Այս անգամ տեքստերում փոփոխություններ չեղան, իհարկե, ի տարբերություն երեկվա: Եվ մեկ կարևոր նշան էր այն, որ պապը կաթողիկոսին հրավիրեց իր պապոմոբիլով շրջել Գյումրու հրապարակով: Նախկինում նման դեպքեր, իհարկե, եղել են, նա կրոնական առաջնորդներին հրավիրում է իր հետ շրջել պապոմոբիլով: Սա շատ նշանակալի պահ էր: Ես հարցրի իմ կոլեգաներին՝ արդյո՞ք նրանք նախատեսում են կաթողիկոսի համար կաթողիկոսմոբիլ ունենալ՝ այսօրինակ կարևոր առիթներին օգտագործելու համար»:

Անդրադառնալով այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառմանը, մոնսինյոր Լոմբարդին նշեց, որ ակնկալվում է շատ մեծ թվով մարդկանց մասնակցություն. «Այս երեկոյի երկու մեծ թեմաները կլինեն խաղաղությունն ու էկումենիկ միասնությունը: Այժմ Պապը մեկնել է հայ միանձնուհիների վանքը, այնտեղ կմնա նաև ճաշի, որից հետո նա կայցելի Յոթ վերք եկեղեցին ու Սրբոց Նահատակաց Կաթողիկե տաճարը, որը սրբագործվեց մեկ տարի առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս