Ինչ է տանելու Պապը Հայաստանից

Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարևոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլև մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա:

Առաջիկա օրերը գերհագեցած են լինելու Պապի մասնակցությամբ իրադարձություններով: Առաջիկա օրերին ուշադրությունը կենտրոնանալու է առավելապես ձևի՝ արարողակարգերի, պատարագների, հանդիպումների մանրամասների վրա, որոնք, անշուշտ, նման դեպքերում ունեն չափազանց մեծ նշանակություն, սակայն, բնականաբար, չեն արտահայտում իրադարձության ողջ բովանդակությունը: Այն բովանդակությունը, որն ընդհանուր առմամբ ընկած է Կաթոլիկների աշխարհի հոգևոր առաջնորդի կերպարի ու այն համամարդկային ուղերձների մեջ, որը նա քարոզում է ամբողջ աշխարհում: Սեր, մարդասիրություն, պարկեշտություն, ազնվություն, համեստություն…

pap1

Որակումների շարքը կարելի է երկար շարունակել: Բայց մեզ՝ Հռոմի պապին հյուրընկալող Հայաստանի ու հայաստանցիներիս համար կարևոր է ոչ միայն՝ լսել նրա ուղերձները, այլև՝ գոնե այս օրերին փորձել հասկանալ՝ որքանո՞վ ենք մենք՝ որպես պետություն, որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի հետնորդներ, մեր մեջ կրում իրական քրիստոնեական արժեքները, որքանո՞վ ենք հավատարիմ սրբազան պատվիրաններին, որքանո՞վ ենք մարդասեր իրականում՝ բովանդակության, և ոչ թե՝ ձևի մեջ: Սրանք անհատական, անձնային կատեգորիաներ են, բայց անխուսափելիորեն ունենում են նաև հանրային, պետական հետևանքներ:

PAp (8) PAp (7) PAp (6)

Որովհետև պետության, հասարակության ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների համապատասխան որակներն անխուսափելիորեն ազդում են հանրային կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Եվ այսօր՝ Հռոմի պապին հյուրընկալելիս, մենք ոչ միայն պետք է մեր հայացքն ուղղենք սրբազան հովվապետին՝ մտածելով, թե ինչ է նա «բերելու» Հայաստան, այլ նաև հասկանանք՝ ինչ է նա «տանելու» Հայաստանից:

«Գալիս եմ՝ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից… Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում»,- Հայաստան կատարելիք այցից առաջ հղած ուղերձում ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Pap-naxagahakan (3)

Հայաստանին, հայ ժողովրդին այսօր, երևի ամեն ինչից առավել, պակասում է այդ հույսը, որը, հուսանք, Հռոմի պապը ոչ միայն կբերի իր հետ, այլ նաև կտանի Հայաստանից:

Տեսանյութեր

Լրահոս