Բաժիններ՝

Ինչ ուղերձ կփոխանցեին Հռոմի պապին հայ ու արտասահմանցի ուխտավորները

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը հուզել ու դրական զգացողություններ է առաջացրել ոչ միայն հայաստանաբնակների, այլև արտասահմանցիների ու սփյուռքահայերի մոտ: Պապին տեսնելու, նրա օրհնությունը ստանալու նպատակով նրանք շտապել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: «Արմենպրես»-­ը զրուցել է նրանց հետ` փորձելով պարզել ինչ զգացողություններ ունեն կաթոլիկ առաջնորդի այցի առնչությամբ, ինչ ուղերձ կհղեին նրան հանդիպելու դեպքում:

Մարինե Մխիթարյան

Ինձ հիանալի եմ զգում, անչափ հուզված եմ և ուրախ, որ նման պատվի եմ արժանացել: Պապի այցը որակում եմ որպես գեղեցիկ, քրիստոնեավայել քայլ, որ նա, հայությանն այդքան սիրելով, հարգելով և մեզ ընդունելով որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ, իր պարտքն է համարել այցելել մեզ: Նա ինձ համար խաղաղության, բարեկամության խորհրդանիշ է, Քրիստոսի խոսքը ներկայացնող անձ է, ով Քրիստոսի ծառան է ու իր օրինակով պետք է մեզ իր հետևից տանի:

Նրան կփոխանցեի, որ Աստված միշտ օգնական լինի իր բազում դժվարին գործերում, քանի որ որքան մոտ ես կանգնում Աստծուն, պարտականություններդ ու պատասխանատվությունդ մեծ է ժողովրդին ծառայելու հարցում:

Ֆինլանդացի զբոսաշրջիկ Սերաֆիմ

Մենք ամառային արձակուրդներն Հայաստանում անցկացնելու համար ենք եկել, Հռոմի պապն էլ հետևել է ինձ (ժպտում է): Նրա այցը շատ կարևոր է, քանի որ Հայաստանի իրական ընկերն է, նա ստեղծում է միասնություն, նա խորհդանիշ է, ում յուրաքանչյուրն իրենն է համարում: Նա քրիստոնեական առաջնորդ է, ես ուղղափառ քրիստոնյա եմ, բայց ես լիովին գնահատում ու ընդունում եմ նրան:

Ես գնահատում եմ, որ նա խիզախ է գտնվել խոսելու ցեղասպանության մասին ու իր այդ որոշումը կայացրել է` հիմնվելով ճշմարտության վրա:

Մարտիկ Օրնջակչյան

Հայաստան ժամանել եմ հատուկ պապի այցի համար: Միշտ գալիս եմ Հայաստան, բայց այս անգամ Ֆրանցիսկոս պապի, Վեհափառի ու իմ Հայաստանի համար եկա: Պապն ու Վեհափառը մի վայրում են, շատ սուրբ իրադարձություն է:

Գևորգյան ճեմարանի սան Մանավա սարկավագ Մկրտչյան

Զգացողություններս շատ հուզումնալից են, քանի որ պատմական իրադարձության ենք ականատես լինում: Սա երկրոդ անգամ է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելում է Հայաստան ու մեծ սպասումով է ժողովուրդը դիմավորում նրան: Սա հոգևոր վերազարթոնք է, որ կարող է ազդել հայ ժողովրդի վրա: Ինչպես տեսնում ենք խանդավառությունը մեծ է: Հռոմի պապն ինձ համար ողջ կաթոլիկ աշխարհի, այսինքն` ինձ նման մարդկանց, հոգևոր հայրն է: Նրան կխնդրեմ շարունակել իր պայքարն ընդդեմ մարդկության դեմ ուղղված անարդարությունների, հանցագործությունների: Նա այցելի այնպիսի երկրներ,որտեղ արդարության ձայնը բարձրացնելու և աղաղակելու կարիքը կա:

Ֆրանսիացի զբոսաշրջիկ Ժոն Իվ

Երեկ ենք Հայաստան եկել արձակուրդներն այստեղ անցկացնելու համար, չգիտեինք անգամ, որ Պապը գալու է, պատահաբար իմացանք: Մենք անցյալ տարի եղել ենք Վատիկանում, բայց նրան տսնելու հնարավորություն չունեինք, հուսով ենք նրան տեսնել այստեղ:

Գայանե Բարխուդարյան

Շատ զգացված ենք, որ հարգվում է թե մեր քաղաքը, թե մենք որպես քաղաքացիներ ու մենք եկել ենք Հռոմի պապին ընդառաջ: Նրան երկարակեցություն կմաղթեի:

Նադիա Էքսեբջյան, Բուենոս Այրես

Շատ հուզված եմ, քանի որ այս Պապը Արգենտինայից է և մեր Սրբազանի ընկերն էր, երբ Արգենտինայի հոգևոր առաջնորդն էր: Ինձ համար շատ կարևոր անձ է ու իրապես մեծ հուզումով ընդառաջ եկանք նրան: երբ իմացա, որ Հայաստան պետք է գա, ասեցի անպայման պիտի լինեմ Հայաստանում: Նրան կասեի, որ շարունակի աշխատել, Աստված իրեն ուժ տա և որ խաղաղություն լինի աշխարհում:

Ֆրանցիսկոս պապը Հայաստան է ժամանել հունիսի 24­-ին Երևանի ժամանակով 15:00­-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Նրան դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստյան Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ: Հունիսի 25-­ին Պապը լինելու է Գյումրիում, պատարագ կանցկացնի, երեկոյան Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթք հնչեցվի առ Աստված, իսկ կիրակի` հունիսի 26-­ին Սուրբ պատարագ կմատուցվի Էջմիածնի Բաց խորանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս