Հրադադարի պահպանումը միակ նախապայմանն է արդյունավետ բանակցություններ վարելու համար. Ուորլիք

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները խիստ կարևոր նշանակություն ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար. դրանց շնորհիվ հնարավոր եղավ կլողմերի միջև հրադադար հաստատել, ինչը արդյունավետ բանակցություններ վարելու միակ և կարևորագույն նախապայմանն է: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԼՂ հիմնախնդիրը, իհարկե, մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր: Նախագահներն այս հանդիպումների ընթացքում փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել»,-­ ասել է նա:

Մինսկի խմբի համանախագահը հավելել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: «Վիեննայում այս հարցի շուրջ որոշակի հակասություններ հնչեցին, սակայն հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մինսկի խումբը ձեռնարկում է հրադադարի պահպանումը երաշխավորող հետաքննական մեխանիզմներ»,­ ասել է նա՝ ընդգծելով, որ հարկավոր է սկսել կայուն բանակցային գործընթաց: Ուորլիքը հնարավոր է համարել նաև համաձայնության ձեռք բերումը տարակարծություններ առաջացնող խնդիրների շուրջ:

«Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Գործընթացը երեկ չի սկսվել. այն տարիներ շարունակ ընթացքի մեջ է, և հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է»,-­ հավելել է ՄԽ համանախագահը:

Ուորլիքի կարծիքով՝ անկախ վերջին բախումներից՝ խնդիրը ոչ ռազմական ճանապարհով լուծելը և խաղաղության հաստատելը միանշանակ հնարավոր է: «Խնդրի բանակցային լուծումը չտեսնելու դեպքում կողմերն ուղղակի չէին բանակցի: Երկու նախագահներն էլ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար»,­ կարծիք հայտնեց նա:

Ուորլիքը նկատեց, որ ԼՂՀ բանակցային գործընթացում ԱՄՆ-­ն, Ռուսաստանը և Ֆրանսիան այս խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունեն: «Ռուսաստանը հետաքրքված է խնդրի լուծման մեջ, նախագահն էլ բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում»,­- ասել է ամերիկացի համանախագահը: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ­ն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խնդրի լուծման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս