Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Պապի կողմից Ցեղասպանություն եզրույթի օգտագործմանը Երևանում

Միջազգային լրատվամիջոցների գլխագրերում անմիջապես հայտնվեցին հրապարակումներն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երևանում օգտագործեց Ցեղասպանություն եզրը` 1915թ. իրադարձությունները բնորոշելու համար: «Ֆրանցիսկոս Պապն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կրկին նկարագրել է որպես Ցեղասպանություն: Նա նման հայտարարությո ւն էր արել նաև նախորդ տարի, ինչն առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը»,- ՀՀ Նախագահի նստավայրում Պապի ելույթից անմիջապես հետո գրեց բրիտանական BBC-ն: Հռոմի պապը նշել է. «Այդ ողբերգությունը` Ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը»:

«Հռոմի պապը Հայաստանում արտաբերեց մոգական Ցեղասպանություն բառը»,-գրում է CRUX -ը:

Պապի խոսքն անմիջապես մեջբերեցին Associated press-ը, Reuters-ը, ABCNews-ը, Swissinfo-ն, բազմաթիվ այլ լրատվամիջոցներ: Համաշխարհային գործակալությունները հատկանշական են համարում, որ Պապը շեղվել է նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից:

Թուրքիան դեռ չի արձագանքել Հռոմի պապի հայտարարությանը:

Տեսանյութեր

Լրահոս