Բաժիններ՝

«Red Hot Chili Peppers խումբը նախատեսում է համերգ ունենալ Երևանում». Դավիթ Մուշեգայն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հյուրընկալել էր աշխարհահռչակ Vogue ամսագրի Ռուսաստանի և Ճապոնիայի լուսանկարիչ Դավիթ Մուշեգայնին և Ռուբինա Խանզադյանին, ով Victoria’s secret-ի առաջին հայ մոդելն է և աշխատում է Նյու Յորքի հանրահայտ Lions Agency-ի հետ:

Մոդելային աշխարհում հայտնի գործիչների հետ հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

Դավիթ Մուշեգայնը ելույթի սկզբում ներողություն հայցեց ներկաներից հայերեն չխոսելու համար և խոստացավ, որ հաջորդ անգամ անպայման խոսելու է հայերեն: Իր ելույթի ընթացքում Դավիթ Մուշեգայնը նշեց, որ հետագայում գուցե բնակարան գնի Հայաստանում և հաճախ այցելի այստեղ:

Լուսանկարչությամբ հետաքրքվողներին նա խորհուրդ տվեց միշտ հիշել, որ չնայած այսօր մեդիան տալիս է շատ ինֆորմացիա, լուսանկարը ևս պետք է լինի՝ ինֆորմացիայի, ինչպես նաև՝ էմոցիաների աղբյուր. «Ես սիրում եմ նկարել մարդկանց, մարդկային պատմություններ: Ես չեմ սիրում, երբ նկարը պարզապես գեղեցկությունն է ցույց տալիս, նկարը պետք է պատմի ճակատագրերի մասին»:

Կարդացեք նաև

Դավիթ Մուշեգայնը պատմեց իր գործունեության մասին՝ նշելով, որ 15 տարուց ավելի աշխատում է Vogue Russia-ի համար: Հենց այս ամսագրի համար աշխատելիս է նա իրականացրել իր հայտնի ֆոտոշարքը Հայաստանում, որտեղ նկարահանվել է աշխարհահռչակ մոդել Ստելա Մաքսվելը:

Դավիթ Մուշեգայնն իր գործունեության ընթացքը ներկայացրեց լուսանկարներով՝ պատմելով դրանց պատմությունները: Նա բոլոր սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ տվեց միշտ հավատալ երազանքին ու անպայման գնալ դրա հետևից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության:

Դավիթ Մուշեգայնը ելույթը փոխանցեց հայազգի մոդել Ռուբինա Խանզանդյանին, ում հետ համագործակցում է երկար տարիներ: Ռուբինան պատմեց, որ Դավիթ Մուշեգայնի հետ հանդիպել է քասթինգի ժամանակ: Երբ Դավիթն իմացել է Ռուբինայի հայ լինելու մասին, հետաքրքրվել է նրանով և սկսել համագործակցությունը նրա հետ:

Ռուբինա Խանզդայանն իր ելույթը սկսեց անձնական պատմությամբ: Նա փոքր տարիքում ապրել է Հայաստանում, հետագայում տեղափոխվել է Բարսելոնա, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ: Ռուբինան իրեն զգում է աշխարհի քաղաքացի: Չնայած իր կյանքի մեծ մասը Ռուբինան անցկացրել է Հայաստանից հեռու, նշում է, որ հայկական մշակույթը միշտ հարազատ է եղել իրեն:

Ռուբինա Խանզադյանը, ով մոդելային աշխարհում հայտնի է Rubina Dyan անունով, մոդելինգով հետաքրքրվողներին պատմեց, որ մոդել դառնալու համար պետք է պատրաստ լինել հաղթահարել շատ ու շատ դժվարություններ:

«Մոդելային բիզնեսն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Պետք է պատրաստ լինես անընդհատ դիետաների, մարզումների, երկար թռիչքների, 10-12 ժամյա աշխատանքի: Ու այս ամենը՝ բարձրակրունկների վրա… Չնայած այս դժվարություններին՝ ես շատ եմ սիրում իմ աշխատանքը»,- ասաց նա:

Ռուբինան, մոդելային բիզնեսից բացի, խոսեց արվեստի մասին: Նա նաև նկարչուհի է և ներկաների դատին հանձնեց իր նկարները: Ըստ Ռուբինայի՝ նկարելն օգնում է ավելի մոտ լինել արվեստին և իր համար ոգեշնչման աղբյուր է:

Հանրահայտ ամսագրերից բացի, Դավիթ Մուշեգայնը նաև աշխարհահռչակ Red Hot Chili Peppers խմբի լուսանկարիչն է: Հանդիպման ավարտից հետո «Թումո» կենտրոնի ուսանողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Մուշեգայնը ոոք երաժշտության սիրահարների համար անակնկալ նորություն հայտնեց:

«Red Hot Chili Peppers խումբը նախատեսում է համերգ ունենալ Երևանում, և իմ հիմնական նպատակը մյուս այցելության ժամանակ Red Hot Chili Peppers խմբին Հայաստան բերելն է: Մենք աշխատում ենք այդ ուղությամբ, և մյուս տարի, կամ ևս մեկ տարի անց՝ համերգը անպայման կկայանա»,- հայտարարեց նա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս