«Մատենադարանը ընդլայնում է իր ազդեցության և համա­գոր­ծակցության տիրույթները»

Նոր ձեռագրական ձեռքբերումները Մաշտոցի անվան Մատենադարանում 2015 թվականին կազմել են 116 միավոր՝ հիմնականում Թորոս Ազատյանի ֆոնդի մնացած մասը Գիտության և Արվեստի թանգարանից Մատենադարան տեղափոխելու շնորհիվ։ Եթե 2007 թ. Մատենադարանի ձեռագրական հավաքածուում նշվում էր 17 հազար 250 ձեռագիր, այն այժմ կազմում է 22 հազար 550 ձեռագիր։ Իրականացվում է նաև Մատենադարանի համար ռազմավարակ ան նշանակություն ունեցող մի նպատակային ծրագիր՝ մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի հետազոտման ու գիտատեխնիկական մշակման ու վերականգնման ծրագիրը: Թե ինչ է այն իրենից ներկայացնում և թե ինչպիսի ձեռքբերումներ է Մատենադարանն ունեցել 2015թ.՝ «Արմենպրես»-ը փորձել է պարզել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանից։

Պրն. Թամրազյան, ինչո՞վ էր հատկանշական 2015 թվականը Մատենադարանի համար։

– 2015 թվականին Մատենադարան ինստիտուտի բոլոր ստորաբաժանումները գործել են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Այս առումով տարին բացառիկ էր։ Ամենից առաջ ես ուզում եմ շեշտել մի էական հանգամանք. սերնդափոխության հարցը, որ ամենակարևորն է հայագիտության մեջ, բնականոն հունի մեջ ենք մտցրել, և դա լուրջ ձեռքբերում է։ Այո, մեր ետևից գալիս է երիտասարդ, օժտված գիտնականների նոր սերունդ։ Մենք խոսում ենք արդեն կայացած սերնդափոխության մասին, և այս ասպարեզում մեզ աննախադեպ առաջընթաց է սպասում. նկատի ունեմ քսանից ավելի թեկնածուական ատենախոսությունների պաշտպ անությունը, որ նախատեսվում է այս տարվա ընթացքում։

Գնալով մեծանում է մատենադարանցիների ներկայացվածությունը հայագիտության և ընդհանուր միջնադարագիտության բոլոր ասպարեզներում թե´ Հայաստանում, թե´ արտերկրում, խորանում են կապերը հայագիտական բոլոր խոշոր կենտրոնների հետ, մեր երիտասարդները հաջողությունների են հասնում միջազգային ասպարեզներում։ Մատենադարանն իր կարևոր մասնակցությունը բերեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Որպես պատմամշակութային իրադարձություն հատուկ ուզում եմ շեշտել Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղի բացումը Արցախի Գանձասար վանական համալիրին կից տարածքում։

Իսկ ինչքանո՞վ է տարին արդյունավետ եղել նոր գրքերի լույս ընծայման տեսանկյունից։

– Տարին միանշանակ արդյունավետ է եղել այդ առումով, լույս է տեսել 23 գիրք, հրատարակվել և տպագրական փուլում են 120-ից ավելի հոդված­ներ և ուսումնասիրություններ։ «Ոսկան Երևանցի. Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» գիտաժողովի շրջանակներում լույս ընծայվեց Վարդան Դևրիկյանի «Ոսկան վարդապետ Երևանցի. կյանքը և տպագրական գործունեությունը» գիրքը։ Լույս են տեսել նաեւ «Մատենագիրք Հայոց» կոթողային մատենաշարի 17, 19 և 20–րդ, «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց»-ի 8–րդ հատորները, հրատարակչական ընթացքի մեջ են «Մայր ցուցակ»-ի 9-րդ և Զմմառի վանքի ձեռագրացուցակի 3–րդ հատորները։

Առանձին հրատարակություններից կցանկանայի նշել Կարեն Մաթևոսյանի և Ավետ Ավետիսյանի համատեղ հրատարակած Թբիլիսիի վերակառուցված Ս. Գևորգ եկեղեցու որմնա­­նկար­ներին նվիրված քառալեզու ալբոմը, Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրա­նկարչությունը XI–XIV դարերում» երկլեզու ուսումնասիրություն–ալբոմը, որը հայ մշակույթի երախտավորի երկարամյա ուսումնասիրությունների արդյունք է, Ջ. Էյնաթյանի «Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ» ստվարածավալ մենագրությունը, Հալեպում պատերազմական ծանր իրադրության մեջ տպագրված «Յուշամատեան»–ի կոթողային հատորը, որն հեղինակել է Վարդի Քեշիշյանը, և որն արժանի է ամենայն դրվատանքի։ Մեր գրքերից շատերն արժանացել են բարձր մրցանակների, օրինակ՝ Դոնարա Կարապետյանի «Ամիրդովլաթ Ամասիացի, Ուսումն բժշկութեանն է այս» գրքերն արժանացել են ՀՀ Մշակույթի նախարարության առաջին մրցանակների, իսկ Հ. Հակոբյանի «Արցախի մանրանկարչությունը» երրորդ մրցանակի։

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն արդյո՞ք համալրվել է նորերով։

– Նոր ձեռագրական ձեռքբերումները Մատենադարանում 2015 թվականին կազմել են 116 միավոր՝ հիմնականում Թորոս Ազատյանի ֆոնդի մնացած մասը Գիտության և Արվեստի թանգարանից Մատենադարան տեղափոխելու շնորհիվ, որով ամբողջացավ այս մեծարժեք հավաքածուն։ 2007 թ. Մատենադարանի ձեռագրական հավաքածուում նշվում էր 17 հազար 250 ձեռագիր, այն այժմ կազմում է 22 հազար 550 ձեռագիր։ Մեր ձեռագրագետների կողմից վերահաշվարկները և ճշգրտումները շարունակվում են, քանի որ այս ցուցակում անհրաժեշտաբար իբրև առանձին միավոր են ներառվում մի կազմի մեջ զետեղված տարբեր ձեռագրերը, որոնք հաճախ տարբեր դարերի ու բովանդակության են եւ ներկայացնում են մեր հնագույն շրջանի ձեռագրական հարստությունը։

Արխիվային ֆոնդերի գիտական մշակման և ուսումնասիրման ընթացքում ի հայտ են եկել 16-17-րդ դարերի պարսկերեն 755 մեծարժեք վավերագրեր։ Դրանք շահական հրամանագրեր, կալվածագրեր, պարտամուրհակներ, նամակագրության նմուշներ են։ Ֆոնդային մեծ ձեռքբերումներից էին նաև պարսկահայ աշխարհահռչակ արվեստագետներ հայր և որդի Սևրուգյանների ստեղծագործութունների նվիրատվությունը Մատենադարանին՝ նրանց թոռան և որդու՝ Էմանուել Սևրուգյանի կողմից։ Այդ ստե ղծագործությունները մեծարժեք լուսանկարներ և կտավներ են։

Նշեցիք ձեռագրերի մեծ հավաքածուի մասին, իսկ ո՞ր փուլում են այժմ այդ ձեռագրերի թվայնացման աշխատանքները։

– Այժմ իրականացվում է Մատենադարանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նպատակային ծրագիր՝ մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի հետազոտման ու գիտատեխնիկական մշակման ծրագիրը:

Սա աննախադեպ է մի քանի առումներով: Նախ՝ առաջին անգամ իրականացվում են գրավոր հուշարձանների գիտական հետազոտման, մշտադիտարկման ու դրա հիման վրա տվյալների շտեմարանի ստեղծման համալիր միջոցառումներ, որին մասնակցում են ձեռագրատունը, գրադարանը, արխիվային, թվայնացման և վերականգնման բաժինները: Իսկ մեծադիր ձեռագրերի թիվը հասնում է 1000-ի։ Դրանց մեջ են մտնում մեր ձեռագրական գանձերից շատերը՝ «Ճառընտիրներ», «Հայսմավուրքեր», զանազան ժողովածուներ։ Եվ սա ինքնին գործունեության մի հսկայական բնագավառ է։ 2015 թվականին ՀՀ գիտության և կրթության նախարարության Գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Մատենադարանի թվայնացման բաժինը ձեռք բերեց բարձրակարգ սքանավորող համակարգ։

Նույն մակնիշի եւս մեկ սքանավորող համակարգ Մատենադարանին նվիրաբերեց բարերար Ռուբեն Վարդանյանը։ Այս երկու սարքերը հնարավորություն են ստեղծում առավել բարձր որակով եւ մեծ արդյունավետությամբ թվայնացնել Մատենադարանի ձեռագիր հավաքածուներն ու արխիվային վավերագրերը։ Այսօրվա դրությամբ Մատենադարանի թվայնացման բաժինը շնորհիվ այս նոր համալրումների աշխատանքները շարունակում է 6 թվայնացման սարքերով։

– 2015 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարին էր, ի՞նչ դեր է ունեցել Մատենադարանը հայոց պատմության այս էջին կրկին, նորովի անդրադարձ կատարելու գործում։

– Անցած տարի ողջ հայ ժողովուրդը և առաջադեմ մարդկությունը նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և Մաշտոցյան Մատենադարանն, իբրև ցեղասպանությունը վերապրած հայ մշակույթի էպիկենտրոն և շտեմարան, պետք է իր ամբողջ ներուժով անդրադառնար այդ խնդրին, վեր հաներ համամարդկային արժեքների այն շերտերը և գանձերը, որոնք փրկվել են բնաջնջումից, մշակութային ցեղասպանու­թյունից։

Մեր խնդիրն է եղել ի հայտ բերել, նկարագրել, ցուցադրել այդ արժեքները, ներկայացնել մեր հոգևորականների, մտավորականների և ողջ ժողովրդի հերոսական մաքառումները մեր ձեռագիր ժառանգությունը փրկելու գործում, ձեռագրերի միջոցով ներկայացնել համաժողովրդական սխրանքի, մարտիրոսացման, հոգևոր հառնումի այդ պատմությունը, որի արդյունքում մոխիրներից վերածնվել է Հայրենիքը և բարձրացել է Մատենադարանը։ 2015 թվականին Մատենադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երկու միջազգային գիտաժողով է հրավիրվել՝ «Վերածնված մշակույթ» և «Հիշողության կերպարանքները», «Շողակաթ» ընկերության հետ ֆիլմ է նկարահանվել, որի շնորհանդեսը գիտաժողովի օրերին անցավ մեծ հաջողությամբ, եղել են նաև 4 թեմատիկ ցուցադրություններ:

Այսքան կատարած աշխատանքների կողքին կարո՞ղ ենք ասել, որ հետաքրքրությունը նաեւ ավելանում է ընթերցողների, զբոսաշրջիկների շրջանում։

– Այո, հիրավի, օր օրի ավելանում են ընթերցողների և զբոսաշրջիկների հոսքերը, իսկ ինժեներական ենթակառուցվածքները տարեցտարի առավել մեծ ուշադրություն են պահանջում։ Անցած տարի զբոսաշրջիկների հոսքն աննախադեպ աճել է՝ 90 հազարից ավելի մարդ՝ մոտ 10 հազարով ավելի 2014-ից:

Իսկ ի՞նչ դեր ունի այժմ Մատենադարանը միջազգային հարթակում։

– 2014 թվականի դեկտեմբերին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների որոշմամբ Մատենադարանին շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում Բազային կազմակերպության կարգավիճակ: Բազային կազմակերպության գործառույթներն են մեթոդական ցուցումների մշակումը, ուսումնական ձեռնարկների պատրաստումը, գիտական ժողովածուների հրա­տարակումը, կրթական և գիտական ծրագրերի համատեղ իրականացումը:

Մատենադարանը ընդլայնում է իր ազդեցության և համա­գոր­ծակցության տիրույթները. միայն ֆոնդերի պահպանության և վերանորոգ­ման ասպարեզում Մատենադարանը համագործակցում է 70-ից ավելի արտերկրի կենտրոնների հետ և, իբրև բազային կառույց ԱՊՀ երկրների համար ղեկավար և ուղղորդող գործառույթներ է իրականացնում՝ հաճախ իր վրա վերցնելով նաև ֆինանսական բեռը: Շարունակվում են աշխատանքները արտերկրի հայկական ձեռագրական հավաքածուների վերականգնման և ուսումնասիրության ուղղությամբ, և շուտով դրա արդյունքները ներկայացնելու առիթ կունենանք: Խոսքը Զմմառի հայերեն ձեռագրա­կան հավաքածուի քառահատոր հրատարակության մասին է: Այսպիսով՝ Մատենադարանն անցնող տարի ենթարկվել է էական կառուցվածքային փոփոխությունների և շարունակում է ընդլայնել իր միջազգային և միջպետական գործունեության շրջանակը։

 

Տեսանյութեր

Լրահոս