«Եթե լայնածավալ պատերազմ լինի, Ադրբեջանի բոլոր քաղաքները, բնակավայրերը, ռազմավարական օբյեկտները թիրախավորվելու են». Galatv.am

«Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ քայլեր կձեռնարկի հետաքննող մեխանիզմների ներդրման ծրագրերը խափանելու շուրջ: Ճիշտ է, Ադրբեջանը հետաքննող մեխանիզմների ներդրման շուրջ աղավաղված, մշուշոտ համաձայնություն տվել է, բայց քանի որ ինքն է խախտում այդ ռեժիմը, ինքն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մեխանիզմների մշակման գործընթացը երկարաձգվի և տապալվի»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը, նշեց, որ քննարկման հիմնական թեման հետաքննության մեխանիզմների ներդրման հետ կապված հարցերն են համարվելու:

Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և հակամարտող կողմերն ընդհանուր համաձայնության էին եկել հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ, սակայն ինչպես հայտնի է, այդ հանդիպումից հետո գործնական որևէ քայլ չի կատարվել պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:

«Հետաքննության մեխանիզմների ներդրումն իրենից ներկայացնում է չափազանց երկարատև գործընթաց, անհրաժեշտ է առանձին ուղղություններ մշակել, ինչ-որ տեխնիկական սարքավորումներ տեղադրել սահմանի երկայնքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համալրում մասնագետներով, այդ մասնագետների կապերը ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հետ և այլ բազմաթիվ հարցեր, սակայն սա մեկ այլ ուղղություն է: Առաջին ուղղությունը հետաքննության մեխանիզմների մշակումն է, երկրորդը ներդրումն է, իսկ երրորդ ուղղությունն այն է, որ պետք է գրանցվի հրադադարի ռեժիմի խախտումները, և գրանցելուց հետո պատասխանատվության պետք է կարգեն այն կողմին, ով մեղավոր է հրադադարի ռեժիմի խախտման համար»:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է այսօր կայանալիք հանդիպմանը հաջորդեն ռազմական գործողություններ, Բաբայանը նշեց, որ միշտ պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների վերսկսմանը, բայց քանի որ Ադրբեջանը հիմա գտնվում է վերականգնման փուլում, դժվար այս պահին սպասելի լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում:

«Պատերազմական գործողությունների վերհսկումն ընդհանուր առմամբ կապված չէ այս կամ այն հանդիպման հետ: Այնուամենայնիվ, մենք միշտ պատրաստ ենք լինելու պաշտպանելու մեր արժանապատվությունն, անկախությունը և անվտանգությունը»:

Բաբայանը նշում է, որ Ադրբեջանը պետք է լավ հասկանա, որ եթե լայնածավալ պատերազմ լինի, ապա այն չի լինելու սահմանամերձ կամ միակողմանի, Ադրբեջանի բոլոր քաղաքները, բնակավայրերը, ռազմավարական օբյեկտները թիրախավորվելու են: Լավ պետք է մտածել նման ագրեսիվ գործողությունների դիմելուց առաջ:

«Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին, իսկ Ադրբեջանը չգիտենք ում է պաշտպանում: Հասկանալի է, որ ադրբեջանցի վարձկանները գումարի դիմաց են կատարում զինված գործողություններ, հարձակումներ, բայց ինչի պետք է նրանք տուժեն Ադրբեջանի վարած ստոր քաղաքականության հետևանքով»:

Տեսանյութեր

Լրահոս