«Պուտինը կառուցում է իր կողմից ղեկավարվող Սարգսյան-Ալիև ձևաչափ. Ոչ թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման, այլ՝ չկարգավորման համար»

«Հունիսի վերջին կկայանա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը»,- այսպես էր օրեր առաջ մեկնաբանել քառօրյա պատերազմից հետո հակամարտող երկրների նախագահների երկրորդ հանդիպման ժամանակացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Թեև հայկական և ռուսական մամուլում տարածվել էին տարատեսակ տեղեկություններ հանդիպման վայրի ու ժամանակացույցի վերաբերյալ, դրանք պաշտոնապես հաստատվել են, ըստ էության, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի կողմից, ով ռուսական մամուլին տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ։

«Բնականաբար, մեր կողմից ձեռնարկվելու է ակտիվ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում։ Մենք արդեն խաղացել ենք, կասեի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- հավելել է Ուշակովը։

«168 Ժամը» հանդիպման մասին զրուցեց ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի հետ։

– Պարոն Բրայզա, Վիեննայում Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպումից հետո հերթական նախագահական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առաջիկա օրերին։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ հանդիպումը կկազմակերպվի Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն որոշ արտահոսքեր թույլ տվեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է սպասել նախատեսվող հանդիպումից՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ում դրա անցկացման փաստը։

Կարդացեք նաև

– Նմանատիպ հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը։ Առաջիկա հանդիպումը նախագահներին հնարավորություն կտա վերսկսել քաղաքակիրթ երկխոսություն՝ ստեղծելով հիմք հետագայում շրջանակային համաձայնագրի համար, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա։ Լավ է, որ նրանք հանդիպելու են։ Կարծում եմ, որ սա նաև ազդանշան է այն մասին, որ նախագահ Պուտինը փորձում է լցնել այն դիվանագիտական բացը, որը թողել էր Օբամայի աշխատակազմը՝ իր հարաբերական լռությամբ՝ ապրիլյան բռնության ընթացքում և դրանից հետո։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ, բայց նա նվազագույնը կարող է ձևավորել կառուցողական երկխոսություն Սարգսյանի և Ալիևի միջև, դա ողջունելի կլինի։ Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին, նրանք կցանկանան հավասարակշռություն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։

– ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ապա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հանդիպմանը, նշել էին, որ այն եռակողմ է լինելու, այսինքն՝ Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչափով։ Ենթադրաբար, ՄԽ արևմտյան համանախագահները չեն մասնակցելու բանակցություններին։ Նման փորձ եղել է Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող նախկին հանդիպումների ժամանակ։ Ի՞նչ է սա նշանակում։

– Սկզբունքորեն, եթե այդ եռակողմ կոչվող հանդիպմամբ, ինչպես Մեդվեդևն էր ցանկանում բեկում մտցնել գործընթացում, Պուտինը հանձն է առել բեկում մտցնել՝ օգնելով վերջնականացնել կարգավորման հիմնարար սկզբունքները, ապա հիանալի կլինի։ Բայց ես չեմ հավատում, որ նա դա է ցանկանում։ Ես կարծում եմ, որ նա ցանկանում է տպավորություն ստեղծել նախագահներ Սարգսյանի և Ալիևի մոտ, որ միայն ինքը՝ նախագահ Պուտինն է իրական խաղացողը։ Ես չեմ հավատում, որ նա երբևէ ցանկացել է կարգավորում և կցանկանա; Ես նույնիսկ կարծում եմ, որ Մեդվեդևը գուցե ցանկանում էր։ Բայց ես այն համոզմանն եմ, որ նախագահ Պուտինն այնուամենայնիվ կգտնի եղանակներ՝ արգելափակելու համար վերջնական կարգավորումը, որովհետև նա բազմիցս ապացուցել է, որ հետաքրքրված է Հարավային Կովկասում այս հակամարտության եռացող վիճակի շարունակականությամբ։

Ուստի կարող եմ ասել, որ լավ է, որ նախագահները հանդիպում են, բայց չեմ կարծում, որ Պուտինի հովանու ներքո հնարավոր է հասնել կարգավորման, քանի որ նա դա չի ցանկանում։

– Այսինքն՝ Դուք համաձա՞յն եք այն կարծիքների հետ, որ Վիեննային զուգահեռ՝ Ռուսաստանը նոր գործընթաց է սկսում, և այն ամենևին Վիեննայի տրամաբանության ներքո չի լինելու, և որտեղ Ռուսաստանը հանդես է գալու միայն իր անունից։ Այս դեպքում կարո՞ղ ենք ակնկալել Վիեննայի պայմանավորվածությունների շարունակություն։

– Իմ անհանգստությունը հենց այն է, ինչի մասին Դուք ասացիք։ Նախագահ Պուտինը փորձում է կառուցել առանձին, Ռուսաստանի կողմից միայնակ ղեկավարվող ձևաչափ՝ Սարգսյանի և Ալիևի համար, ոչ թե՝ նրա համար, որ կարգավորում է ցանկանում, այլ ընդհակառակը, քանի որ նա կարգավորում չի ցանկանում։ Այսինքն՝ սա ցինիկ փորձ է՝ ցույց տալ, թե Ռուսաստանը ցանկանում է, թվում է, թե Ռուսաստանը խաղաղարար է, որը գուցե նա օգտակար է համարում նաև պատժամիջոցների թուլացման տեսանկյունից, ցանկանալով այս կերպարով թուլացնել իր նկատմամբ վերաբերմունքն Ուկրաինա ներխուժման համար։

– Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ նախագահները չեն վստահի նման նախաձեռնություններին։ Իսկ նրանք կարո՞ղ են կամ ինչպե՞ս կարող են դրանք մերժել և գործընթացը տեղափոխել եռանախագահների ձևաչափ։ ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից դատելով՝ կարելի է պնդել, որ հայկական կողմը հետաքրքրված է ՄԽ շրջանակում տարվող գործընթացով։

– Ես գիտեմ, որ դա այդպես է։ Սակայն ես կարծում եմ, որ դիվանագիտական փորձի տեսանկյունից չափազանց բարդ կլինի մերժել նախագահների միջև կազմակերպվող հանդիպումը Պուտինի կողմից։ Սա, ըստ էության, հնարավոր չէ։ Այս իրավիճակն ունի ելք, և այդ ելքն ԱՄՆ նախագահի և Ֆրանսիայի նախագահի ակտիվությունն է։ Ես Վաշինգտոնում էի վերջերս, քննարկումների առանցքային թեման Օբամայի վարչակազմի քաղաքականությունն էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Եթե հիշում եք, ես բավականին քննադատական կեցվածք ունեի այդ քաղաքականության նկատմամբ, ես դատապարտում էի ԱՄՆ-ին՝ ապրիլյան պատերազմում նրա «բացակայության» համար։

Բայց ներկայումս ես գոհ եմ, որովհետև պետքարտուղար Քերին ակտիվ է և ներկայումս ևս ցանկանում է շարունակել այդ ակտիվությունը։ Ես կարծում եմ, որ պետքարտուղար Քերին համաձայն է այն ամենի հետ, ինչ ես ասում եմ, և շատ է ցանկանում ակտիվ դերակատարություն ստանձնել Մինսկի խմբի միջնորդական աշխատանքներում։ Ուստի սա է եղանակը՝ կրկին Մինսկի խումբն ակտիվացնելու գոնե ԱԳ նախարարների մակարդակով։ Պետքարտուղար Քերին հանձնառու է շարունակել իր աշխատանքներն այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ դեռ կտեսնենք Մինսկի խմբին կրկին ակտիվ, որպես մեկ միասնական հարթակ, որը կարգավորման միակ ուղին է։

– Դուք խոսեցիք նաև շրջանակային համաձայնագրի մասին, ինչպես օրերս իր բավականին ընդարձակ հարցազրույցում՝ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը։ Նա նշել էր, որ կա շրջանակային համաձայնագիր կնքելու հնարավորություն։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս բացատրել այն, որ այդ մասին Իգոր Պոպովն է խոսում։

– Իմ կարծիքով՝ շրջանակային համաձայնագիրը Մադրիդյան փաստաթուղթն է, այսինքն՝ այսպես կոչված, հիմնարար սկզբունքները, որոնք բոլորիս ծանոթ են՝ միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար, տարածքների վերադարձ, Լաչինի միջանցք, խաղաղապահներ և ԼՂ բնակչության քվեարկություն իրենց ապագայի համար։ Սա եղել է բանակցային սեղանին 2007 թվականից, արդեն շուրջ 8-9 տարի։ Իմ գնահատմամբ՝ միակ տրամաբանական շրջանակը։ Հույս ունեմ, որ դեսպան Պոպովը սա նկատի ուներ։ Եթե նախագահ Պուտինին հաջողվեր այնպես անել, որ նախագահները ստորագրեն նման փաստաթուղթ կամ ինչ-որ փաստաթուղթ, որը մոտ կլինի այս սկզբունքներին, ապա դա ֆանտաստիկ ձեռքբերում կլիներ։ Գտնում եմ, որ դեսպան Պոպովն այլ բան ևս ունի իր մտքում, և պետք է տեսնել, թե ինչ է դա։

– Ձեր կարծիքով՝ այսօր կա՞ նման փաստաթղթի ստորագրման հնարավորություն՝ հաշվի առնելով Հայաստանում և Ադրբեջանում տիրող տրամադրությունները։

– Ներկայումս իրատեսական չէ, տրամադրությունները դեռ լարված են։ Միակ իրատեսական հույսը հաջորդ հանդիպման համար հետևյալն է՝ համաձայնություն կոնկրետ քայլերի ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն իրավիճակի լարումը թուլացնելու, միջոցների ներդրմանը, որոնք քննարկվել են Վիեննայում։ Իմ համոզմամբ՝ կարևոր է նաև այնպիսի հոգեբանական մթնոլորտի ձևավորումը, որը նախագահներին թույլ կտա հանդիպել հետագայում ևս, կազդուրել միջնորդական գործընթացը, որի նպատակը պետք է լինի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս