Բաժիններ՝

Դիլիջանում մեկնարկում են «JUST DILIJAN IT!»-ի ամառային ծրագրերը

UWC Դիլիջան քոլեջը հունիս եւ հուլիս ամիսներին հյուրընկալելու է «JUST DILIJAN IT!» ամառային կրթական ծրագրերի մասնակիցներին, որոնց առաջին խումբը Դիլիջան ժամանեց հունիսի 11-ին:

««JUST DILIJAN IT!»-ը 10-13 եւ 14-17 տարեկան երեխաների եւ դեռահասների համար նախատեսված ինովացիոն կրթական ծրագիր է, որի հիմքում  մասնակիցների եւ ուսուցիչների ազատ շփման, երեխաներին ստեղծագործական գործընթացում ներգրավելու հեղինակային մեթոդն է»,-ասում է ծրագրերի ղեկավար Օլեգ Դրյոմովը:

«Մեր փորձարարական միջդիսցիպլինար ծրագրերի շրջանակում ցանկանում ենք վերականգնել արդեն կորսված «բակի» մշակույթը, որպեսզի երեխաներն անկաշկանդ շփվեն իրենց հետաքրքրությունների շրջանակում՝  անկախ նրանից, թե սոցիալական ինչ խմբի են պատկանում»,-ասում է ծրագրի ղեկավար Անդրեյ Խոջիկյանը:

Առաջին՝ «Շերլոկ Հոլմսը եւ մոլորակի պահապանները» ծրագիրը, որը վարելու է բնապահպան, քիմիկոս, կենսաբան Ալինա Կոլյովսկան, երեխաներին կսովորեցնի ուսումնասիրել էկոհամակարգի հիմնական տարրերը: Նրանք մուլտֆիլմեր կպատրաստեն բնապահպանության մասին, կուսումնասիրեն տարածաշրջանի ֆլորան ու ֆաունան:

Կարդացեք նաև

Պատմաբան եւ մշակութաբան, ArtWeekend մանկական կրթական ծրագրի համահիմնադիր Գալինա Յուզեֆովիչը, կերպարվեստի եւ դիզայնի մասնագետ Նատալյա Շեւչենկոն եւ Երեւանի  Փոքր թատրոնի հիմնադիր ու ռեժիսոր Վահան Բադալյանը մշակել են «Հին հունական թատրոն» ծրագիրը, որի շրջանակում երեխաները բեմականացումներ կպատրաստեն՝ անտիկ թատրոնի բոլոր կանոններին համապատասխան եւ  ներկայացումով հանդես կգան Դիլիջանի բնակիչների համար:

«Քաղաքն ու նրա բնակիչները» ծրագրի հեղինակների՝ մշակութային ծրագրերի լաբորատորիայի ղեկավար Պյոտոր Մազաեւի եւ գրող Լինոր Գորալիկի ղեկավարությամբ երեխաները կուսումնասիրեն Դիլիջանը եւ կմշակեն քաղաքի զարգացման նախագծեր, որոնք դասընթացի վերջում կներկայացնեն բնակիչներին:

«Դիլիջանի զարգացման հիմնադրամը վերջերս սկսել է Աղստեւ գետի առափնյա տարածքի արդիականացման աշխատանքները, որոնց ավարտից հետո այս վայրը քաղաքում «ձգողականության» կենտրոն է դառնալու: Գետափնյա տարածքը հարմար վայր է լինելու զբոսանքի համար, այնտեղ հնարավոր կլինի նույնիսկ ֆուտբոլ խաղալ եւ զբաղվել սթրիթ-արթով: Հուսով ենք, որ ավարտին երեխաները հետաքրքիր գաղափարներ կառաջարկեն, որոնք կներառվեն քաղաքի զագացման ծրագրում»,-ավելացնում  է Անդրեյ Խոջիկյանը:

«Սպորտային ակադեմիա» ծրագրի շրջանակում երեխաները կզբաղվեն ֆուտբոլով ու լողով, սպորտային պարերով, կուսումնասիրեն կրկեսային արվեստ ու շախմատ:  Շախմատ կդասավանդի Սոֆյա Ռեպինան, ով Մոսկվայի օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի բարձր դասի մարզիչ է եւ ավելի քան 10 օլիմպիական չեմպիոն է կրթել:

ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համատեղ կիրականացվի գրաֆիկական դիզայնի ու անիմացիայի «Idesigntheworld» ծրագիրը: Վարպետության դասերը կվարի մուլտիպլիկատոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը, ով հայտնի է իր «Դե, սպասիր»  մուլտֆիլմով:

14-17 տարեկան դեռահասների համար նախատեսված՝  UWC Summer Academy ծրագրի շրջանակում կկազմակերպվեն առաջնորդության  եւ  սոցիալական ձեռներեցության ոլորտին վերաբերող նախագծային մենեջմենթի դասընթացներ, որոնք կազմակերպվում են Big Brothers Big Sisters կրթական նախագծի հետ համատեղ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ՝ 10 կրթաթոշակ կտրամադրվի Հայաստանի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  շնորհալի երեխաների համար, որպեսզի նրանք  նույնպես հնարավորություն ունենան  մասնակցել UWC Summer Academy-ին:

Դիլիջանում ամառային կրթական ծրագրեր առաջին անգամ սկսել են իրականացվել 2013 թվականին: Այս տարի ծրագիրը  նոր անվանում եւ նոր բովանադակություն է ստացել: Դիլիջան կգան երեխաներ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ, իհարկե, Հայաստանի տարբեր մարզերից:

«JUST DILIJAN IT!» ամառային ծրագրերը կազմակերպվում են  Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաեւ  UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս