Ահաբեկչության տեսություն և պրակտիկա. առասպելների հերքում

«Ահաբեկչությունը կտարածվի, եթե այդ մասին չբարձրաձայնվի»,- ասել է կանանց կրթության պակիստանցի ակտիվիստ և նոբելյան ամենաերիտասարդ մրցանակակիր Մալալա Յուսաֆզայը: Բրյուսելը և Փարիզը, այսօր էլ ԱՄՆ-ը ահաբեկչության՝ որպես վտանգավոր սպառնալիքի ցայտուն օրինակներ դարձան: ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալների համաձայն[1]՝ 2014թ. գրանցվել են առավել քան 30.000 մահվան ելքով 13.000-ից ավելի ահաբեկչական հարձակումներ: Առավել տուժած երկրների թվում են Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանը՝ ավելի քան 16.000 մահվան ելքով, որը կազմում է համաշխարհային ցուցանիշի կեսը: Աշխարհը դարձել է համախմբված սարսափելի երևույթի դեմ և առավել քան վճռական՝ գործողություններ իրականացնելիս:

Ահաբեկչության պատմության հիմնական ուղին սկսվում է 1880թ.՝ անարխիստներ անվանումով առաջին ահաբեկչական թևի ի հայտ գալով: 1920-ականներին նախաձեռնվեց հակագաղութային ալիքը, որն այնուհետև փոխարինվեց նոր՝ ձախ ալիքով, դրանից հետո էլ՝ 1979թ. սկիզբ առած կրոնական ալիքով: Չնայած «ահաբեկչություն» երևույթի բավականին հարուստ պատմությանը՝ դեռ չկա միասնական ընդունելի սահմանում, որը կբացահայտի նրա ամբողջ էությունը: Ինչու՞:

Նախ, ահաբեկչությունը «վիճարկելի հայեցակարգ» է: Սա նշանակում է, որ մեկի ահաբեկիչը մյուսի ազատամարտիկն է: Ասվածի վառ օրինակներն են Աբդուլլահ Օջալանը և Յասեր Արաֆաթը[2], ով Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահն է: Այն մինչև 1991թ. Մադրիդյան կոնֆերանսը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Միևնույն ժամանակ Յասեր Արաֆաթը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շնորհիվ 1994թ.-ից նոբելյան մրցանակակիր է: Աբդուլլահ Օջալանը Քրդական բանվորական կուսակցության նախագահն է, ում կուսակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն[3], իսկ միլիոնավոր քրդերի կողմից՝ քաղաքական ներկայացուցիչ՝ դառնալով մշակութային և ժողովրդավարական պայքարի առաջամարտիկ: Ահաբեկչության միասնական ձևակերպման առկայության մեկ այլ խոչընդոտ է այն փաստը, որ այն իր գոյության ավելի քան 200 տարիների ընթացքում շատ է փոփոխվել և դեռ շարունակում է զարգանալ: Եվ չնայած առկա են որոշ առանցքային հայեցակարգեր և սկզբունքներ, որոնք տասնամյակներ շարունակ փոփոխության չեն ենթարկվել, առաջ են եկել բազմաթիվ տեսակներ, կիրառվել են նոր մեթոդներ և գործիքներ այնպես, որ աշխարհը միշտ զարմացել է ինչ-որ նորով և անսպասելիով։

Ահաբեկիչները ցանկանում են տարածել վախի, այլ ոչ թե մահվան բարձր մակարդակ: Այս հայեցակարգն առաջին անգամ 1975թ., առաջարկել է Բրայան Ջենքինսը: Ահաբեկիչների թիրախը նրանք չեն, ովքեր մահանում են, այլ նրանք, ովքեր ապրում են: Լրատվամիջոցների ի հայտ գալով ահաբեկիչներին իրենց սխրանքների մասին բարձրաձայնելու, վախ տարածելու, բոլորին հեշտությամբ հաջորդը լինելու սպասմամբ վարակելու անփոխարինելի հնարավորություն ընձեռնվեց: Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցած հարձակումները համարձակ վկայություն էին այն մասին, որ նույնիսկ ամենահզոր և ամենաապահով Եվրոպան կարող է ոչնչացվել մեկ րոպեում, իսկ ԵՄ քաղաքացիները խոցելի են, ինչպես երբևէ:

Իրավացիորեն պետք է ընդունել, որ մենք նրանց մեծ հեղինակություն և կարևորություն ենք տալիս, երբ ահաբեկչությունը ներկայացնում ենք որպես մի անլուծելի խնդիր՝ տարածելով վախի ու անվստահության մթնոլորտ: Որոշ մարդիկ վստահ են, որ ահաբեկչությունը դառնում է առավել հակաարևմտյան, մահաբեր և հաջողված: Ճի՞շտ են արդյոք այս կարծիքները, կամ մի՞գուցե դրանք վախի և հուսահատության արդյունք են: Իրականությունն առավել լավ հասկանալու համար կփորձենք դիտարկել ահաբեկչության էվոլյուցիան՝ ակադեմիական, էմպիրիկ և պատմական վկայություններով:

Առասպել 1. Ահաբեկչությունը դարձել է ավելի հակաարևմտյան:

Նախ և առաջ հարկ է տարբերակել այդ հաստատման երկու հիմնական մոտեցումները․

  • Զոհերը և թիրախները հիմնականում արևմուտքի՞ց են:
  • Արդյո՞ք ահաբեկիչների կողմից կիրառվող քարոզչությունը հակաարևմտյան է:

Ինչու՞ է կարևոր այս առասպելի ուսումնասիրությունը: Նախ, եթե այս հիպոթեզը հաստատվի, ապա ահաբեկչությունը կվերածվի արևելքի ու արևմուտքի, քրիստոնեության և մահմեդականության միջև պայքարի: Երկրորդ, եթե ապացուցենք, որ ահաբեկչությունը թիրախավորել է արևմուտքը, ապա արդյունքում հակաահաբեկչական միջոցառումները կարող են դառնալ ավելի կենտրոնացված և արդյունավետ:

«Այս պայքարում առաջնահերթություն պետք է տրվի անհավատներին՝ ամերիկացիներին և հրեաներին, ովքեր չեն դադարեցրել իրենց անարդարությունները»,- հայտարարել է[4] Բեն Լադենը, ինչն ուղղակի սպառնալիք և վերջնագիր է թվում արևմուտքի համար: Իսկ հիմա ուսումնասիրենք համապատասխան վիճակագրությունը։

2015թ. ահաբեկչության համաշխարհային ցուցանիշում[5] նշվում է, որ «մահացությունների 78%-ը և հարձակումների 57%-ը արձանագրվել են հետևյալ 5 երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Նիգերիա, Պակիստան և Սիրիա», որոնք ակնհայտորեն արևմտյան չեն: Մյուս կողմից, 2013թ. Եվրոպայում թվով 152 ահաբեկչությունների 55%-ն իրականացվել է ազգայնականների և անջատողականների կողմից: Ավելին, 2009-2013թթ. Եվրոպայում գրանցված ահաբեկչությունների ընդամենը 2%-ն է կրել կրոնական բնույթ[6]: Այսպիսով, վստահությամբ կարող ենք ասել, որ չնայած քարոզչության հիմնականում հակաարևմտյան բնույթին, ահաբեկիչների շարունակական պնդումներին, թե իրենց գլխավոր թշնամին Եվրոպան և ԱՄՆ-ն են, թվերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքը շարունակում է կրել ամենաշատ վնասները ահաբեկչությունից։

Ի վերջո, կարող ենք պնդել, որ առասպելը հաստատվում է միայն մասնակիորեն։

Առասպել 2. Ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:

Այս պնդումը դիտարկենք 2 տարբեր տեսանկյուններից.

  • Աճե՞լ է արդյոք մահացությունների թիվը:
  • Աճե՞լ է մահացությունների թիվը մեկ ահաբեկչական գործողության համար։

Որտեղի՞ց է սկիզբ առնում այս հավաստումը: Նախ և առաջ չենք կարող հերքել, որ տեխնոլոգիաների և զինատեսակների զարգացումը իրագործելի է դարձնում վայրկյանների ընթացքում մեծ թվով մարդկանց ոչնչացումը: Երկրորդ, քաղաքական գործիչների և քաղաքագետների ելույթներն առավել սարսափեցնող և տագնապալի են դարձել: Օրինակ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեննին գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցում ասել է[7].

«Ազգային անվտանգության տեսանկյունից մեզ սպառնացող թերևս ամենամեծ վտանգն ահաբեկչությունն է: Հաջորդ անգամ, երբ նրանք հարձակում գործեն Միացյալ Նահանգների դեմ, կունենան մահացու զինատեսակներ, ինչպիսիք սեպտեմբերի 11-ի (9/11) ժամանակ չկային, կունենան միջուկային զենք կամ որևէ կենսաբանական զենք, և մահացությունների թիվը կհասնի հարյուր հազարների»:

Մյուս կողմից, 2006թ. ամերիկացի վերլուծաբան Բրայան Ջենքինսը վերաշարադրեց իր 1970թ. հայտարարությունը. «Ահաբեկիչներն ուզում են, որ շատ մարդիկ ականատես լինեն և վախենան, այլ ոչ թե մահանան»[8]: Այպիսով, արդյո՞ք ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:

« 9/11. տասը տարի անց» զեկույցը[9] ցույց է տալիս, որ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների թիվը կտրուկ նվազել է` հիմնականում շնորհիվ խիստ կանոնակարգերի, թարմացված օրենսդրության, հետազոտական կենտրոնների ստեղծման և այլն: Սակայն, ինչպես արդեն նշվեց, ահաբեկչությունը զոհերի և թիրախների համատեքստում հիմնականում հակաարևմտյան չէ, իսկ իրավիճակն ԱՄՆ-ից և Եվրոպայից դուրս իրականում շատ ավելի վատ է։

Անդրադառնալով այս առասպելի երկրորդ կետին` մեջբերենք Ջեյմս Պիացցայի կողմից 2009թ. գրված մի հոդված, որտեղ նա 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած համեմատում է ահաբեկչական գործողությունների զոհերի տվյալները: Այսպիսով, ուսումնասիրելով միջազգային ահաբեկչությունները՝ նա ապացուցում է զոհերի թվի աճը: 1968-1979թթ. ցուցանիշները միջինում կրկնակիից մի փոքր ավելի էին յուրաքանչյուր հարձակման դեպքում՝ պայմանավորված թե՛ վիրավորների, և թե՛ մահացածների թվով: 1980-ականներին զոհերի թիվը համարյա հասնում էր 4-ի, իսկ 1990-ականներին աճում է՝ հասնելով 10-ի: Այս վիճակագրությունը հստակորեն ցույց է տալիս, որ մահացությունների թիվն իրոք կրկնապատկվել է:

Ուստի հարց է առաջանում՝ կարելի՞ է արդյոք «հաղթել» ահաբեկչությունը: Արդյո՞ք ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին խմբերի և անհատների: Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը 2010թ. «CNN» գործակալությանը տված հարցազրույցի[10] ժամանակ ասել է. «Մենք երբեք չենք կարող ձերբազատվել ահաբեկչությունից, քանի որ աշխարհում միշտ էլ լինելու է չարը»: Այսպիսով, իսկապե՞ս ահաբեկչությունն անպարտելի է: Եթե այո, ապա մենք արդյո՞ք պետք է առավել կենտրոնանանք հետևանքի և վախի կառավարման վրա՝ ահաբեկչության կանխարգելման համար հսկայական ռեսուրսներ տրամադրելու փոխարեն:

Հարցին պատասխանելուց առաջ սահմանենք, թե այս համատեքստում ինչ է նշանակում «հաղթել»: Սեթ Ջոնսի և Մարթին Լիբիքի կողմից 2008թ. թողարկված «Ին՞չ ավարտ են ունենում ահաբեկչական խմբերը» հրապարակման[11] մեջ հեղինակներն առանձնացնում են պարտվելու 4 հիմնական պատճառներ.

  1. Տեղական հատուկ ծառայությունների և ոստիկանության գործողություններ, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 40%-ի դեպքում: Այն ներառում է գլխատում, հակաահաբեկչություն, գաղտնի գործողություններ և հատուկ գործակալությունների կողմից տվյալների հավաքագրում:
  2. Ռազմական ուժի գործադրում, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 7%-ի պարագայում: Նախ և առաջ, այն պահանջում է մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ: Երկրորդ, ռազմական գործողությունների արդյունքում կարող են շատ քաղաքացիականներ մահանալ, ինչը կխորացնի բնակչության ատելությունն ամբողջ համակարգի նկատմամբ:
  3. Քաղաքական բանակցային գործընթացներում ներգրավվում, ինչն արդյունավետ է եղել 648 դեպքերից 43%-ի պարագայում:
  4. Հաղթանակ այն համատեքստում, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները հասել են իրենց քաղաքական նպատակին: Այս մեթոդն իրադարձությունների 10%-ի դեպքում հաղթանակելու «արդյունավետ» գործիք է հանդիսացել: Այս կետը հատկապես նպաստում է այն գաղափարին, որ ահաբեկչությունը կարելի է հաջողված համարել:

Անդրադառնանք վերոնշյալ հարցադրմանը՝ ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին անհատներ կամ խմբեր: Ահաբեկչություն երևույթը երբեք հաղթելի չի լինի, չնայած մեզ կհաջողվի հաղթել որոշակի խմբերի, կազմակերպությունների կամ անհատների:

Ի վերջո, կցանկանայի՞ք ինքներդ ձեզ հարց ուղղել՝ որ՞ն է ահաբեկչության ապագան, ու՞ր ենք մենք գնում, արդյոք նոր՝ հինգերորդ ալիք հնարավո՞ր է, թե՞ ընդամենը մեր երևակայության արդյունք է:

Մի բան հաստատ է՝ մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց հիմա կարող ենք խելամիտ և ուշադիր լինել, ինչպես նաև զգույշ անցյալի հետ: Միակ վկայությունը, որ ունենք, անցյալն է՝ զոհերը, պատմությունները, միտումները և զարգացումները: Այդ իսկ պատճառով առանց անցյալը մոռանալու և անտեսելու առաջ շարժվելը կենսական անհրաժեշտություն է: Որոշ բաներ,սակայն, բացարձակ ճշմարտություններ են. առաջին, ահաբեկչությունը կշարունակի զարգանալ և ծավալվել` փոփոխելով իր բնույթը, ապա այն կլինի մեր ապագայի անխուսափելի մասնիկը` շարունակելով ենթարկվել հանրային քաղաքականությունների, քաղաքական և տեխնոլոգիական միտումների ու այլ գործոնների ազդեցությանը: Հետևաբար, հակաահաբեկչության մեջ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է հոլիստիկ մոտեցում, որը ներառում է թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ ռեպրեսիվ (զսպող) և թե՛ կանխարգելիչ միջոցառումներ, բազմազան գործիքներ ու դերակատարներ: Ահաբեկչության դեմ պատերազմում կարելի է հաղթանակել, եթե ամբողջ աշխարհի երկրները, կառավարությունները, ենթակառուցվածքները համատեղեն իրենց ջանքերը և գործեն ներդաշնակ:

Վիկտորյա Մուրադյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ժողովրդավարության առաջին դպրոցի շրջանավարտ
Առաջնորդության ակադեմիա ծրագիր

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

[1] National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism: Annex of Statistical Information, Country Reports on Terrorism 2014,
[2] Yasser Arafat – Facts, Nobel Prizes and Laureates
[3]
Foreign Terrorist Organizations, US State Department Bureau Of Counterterrorism
[4] ‘Bin Laden’ hails anti-Western attacks, BBC, 14.10.2002
[5] 2015 Global Terrorism Index, The report of the Institute for Economics and Peace
[6] Less Than 2% Terrorist Acts Have Been Committed By Muslims In Europe & US, Anonymous, 15.01.2015
[7] SPIEGEL Interview with Dick Cheney: ‘I Think There Will Be Further Terror Attacks’, 27.09.2011
[8] Brynjar Lia, Globalisation and the Future of Terrorism: Patterns and Predictions (Contemporary Security Studies)
[9]
Background Report: 9/11, Ten Years Later, START Background Report, the National Consortium for the Study of Terrorism and Responses to Terrorism (START), 2011
[10] Fareed Zakaria’s Interview with King Abdullah II of Jordan, Interview with John Yoo, 07.02.2010
[11] Seth G. Jones, Martin C. Libicki, How Terrorist Groups End: Lessons for Countering al Qa’ida, 2008

Տեսանյութեր

Լրահոս