Հայաստանի չոր պատասխանը Ռուսաստանին

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Կառավարության առաջարկով հրավիրված ԱԺ  արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Թեև նախապես չէր էլ հայտարարվել, որ այդ համաձայնագիրը քննարկվելու և քվեարկության է դրվելու այս արտահերթ նիստում, սակայն դատելով դրա շուրջ ստեղծված աժիոտաժից՝ այն ամեն գնով պաշտպանելու` իշխանության ներկայացուցիչների փորձերից, ակնհայտ էր, որ խնդիր է դրված՝ օր առաջ վավերացնել այդ համաձայնագիրը: Այն ընդգրկված էր ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում:

Ավելին` իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե ռուսական կողմն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է՝ որպես նախապայման` 200 միլիոն դոլար զենքը Հայաստանին վերջապես մատակարարելու համար: Այսօր նույն Վահրամ Բաղդասարյանը՝ Համաձայնագրի՝ արտահերթ նստաշրջանի օրակարգում չընդգրկվելու կապակցությամբ, լրագրողներին ասել է, թե կառավարությունն այս արտահերթ նիստով չէր բերելու այդ համաձայնագիրը: «Ձեր երևակայությունն է դա պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա հարց է,- հայտարարել է նա` ավելացնելով,- Մեր ժամկետները որոշում ենք մենք, ես խնդրում եմ այդ բանը մի քիչ հղկեք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք, մենք չենք շտապում, դուք եք շտապում»:

Թե ով է որոշում Հայաստանի իշխանության քայլերի ժամկետներն ու ընդհանրապես բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի ու վիճարկելի հարց է, և առնվազն Վահրամ Բաղդասարյանի երևակայության արդյունքն է, թե «մեր ժամկետները որոշում ենք մենք»: Հնարավոր է` Բաղդասարյանն անգամ տեղեկացված չի լինում, թե ովքեր և որտեղ են որոշում «մեր ժամկետները»՝ առնվազն Ռուսաստանին վերաբերող հարցերում, և նրան պարզապես հանձնարարում են կազմակերպել այս կամ այն` արդեն իսկ որոշված հարցի քվեարկությունը: Բայց խնդիրը, բնականաբար, Վահրամ Բաղդասարյանը չէ: Խնդիրն անգամ Հանրապետական կուսակցությունը չէ:

Խնդիրը շատ ավելի խորն ու լուրջ է, քան Հանրապետական կուսակցությունն ու իշխանությունը` ամբողջությամբ վերցված: Իսկ խնդիրն այն է, որ օգտագործելով ՀՀԿ-ի սիմվոլիկան` Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, Ռուսաստանն օրերս Հայաստանին, ըստ էության, դեմարշ հայտարարեց` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարելով, թե Ռուսաստանի համար անհասկանալի է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը:

Այդ հայտարարությունը հնչեց այն տեղեկության հրապարակումից ժամեր անց, ըստ որի՝ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանը նախաձեռնելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որով շատ խանդավառված են ադրբեջանցիները: Զախարովայի այս հայտարարությանը հետևեցին ՀՀԿ-ականների վախվորած պատասխաններն ու ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակի անուղղակի մեղադրանքը Ռուսաստանին` Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող քարոզչական ալիքին մասնակցելու համար:

Այսինքն` ակնհայտ է, որ Ռուսաստանը տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես Ռուսաստանում ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացնելու համար` դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով: Հայաստանն առայժմ դիմադրում է: Դրա համար ռուսները գործի են դրել ամենակեղտոտ միջոցները ու անցել են Նժդեհի վարկաբեկման միջոցով Հայաստանի իշխող կուսակցությանն ու Հայաստանի Հանրապետությանը վարկաբեկելու գործին: Եթե այս պայմաններում Հայաստանի խորհրդարանն արտահերթ նստաշրջանով վավերացներ ՀՕՊ համաձայնագիրը, կնշանակեր, որ Հայաստանի իշխող կուսակցությունը կիսում է իր իսկ գաղափարական հոր` Նժդեհի հասցեին՝ Ռուսաստանի ներկայացրած մեղադրանքները:

Ռուսաստանը դիպչել է ոչ միայն Հայաստանի արժանապատվությանը (դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունն արդեն իմունիտետ ունի), այլ ուղղակիորեն իշխանությանը` ՀՀԿ-ին` նրան դնելով փակուղու առաջ: Առայժմ ՀՀԿ-ն պաշտպանում է արժանապատվությունը` եզակի անգամ այդպիսով հանդես գալով նաև Հայաստանի արժանապատվությունը պաշտպանողի դերում: Որքա՞ն կտևի դա, ցույց կտա ժամանակը: Հայաստանը պետք է ամեն գնով հրաժարվի ռուսական միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպումից, քանի որ դա նշանակելու է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանի վերակենդանացում: Իսկ դա ենթադրելու է ինչպես՝ տարածքային, այնպես էլ՝ մարդկային կորուստներ:

Տեսանյութեր

Լրահոս