Հայաստանը Ռուսաստանին մեղադրում է ադրբեջանական քարոզչությանը ծառայելու մեջ

Ռուսաստանի արտգործնախարար Մարիա Զախարովայի երեկվա սկանդալային հայտարարությունից հետո, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ, ՀՀ արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը 168.am-ին ասել էր, թե «այդ կապակցությամբ մենք էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»: Հաշվի առնելով Զախարովայի հայտարարության կոպիտ, ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրի պաշտոնյային ոչ հարիր հայտարարությունը, ենթադրելի էր, որ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որում առնվազն ոչ թե՝ սպառնալիքի, այլ՝ գոնե հորդորի լեզվով կոչ կանի Ռուսաստանին՝ զերծ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելու` միջազգայնորեն անընդունելի վարքագծից:

Իսկ որ Զախարովայի հայտարարությունը հենց այդպիսի վարքագծի դսրևորում է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն ընդամենը երեկ այդ պահի համար համարժեք հակիրճ պատասխան ներկայացրած Հայաստանի ԱԳՆ պաշտոնյան դրանից ժամեր անց սոցիալական ցանցերից մեկում հանդես է եկել գրառմամբ, որը, ըստ էության, պատասխան է Զախարովային: «Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունն են կրում հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, և նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղված իր հերոսական պայքարի, ինչպես նաև այն բանի համար, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է հասարակությանը այդ ժամանակ քարտեզի վրա նոր-նոր հայտնվող Ադրբեջանի Հանրապետության զինված կազմավորումների կողմից իրականացված անկարգություններից, այն բանի համար, որ կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում նաև Զանգեզուրի:

Եվ իհարկե, հասկանալի է Ադրբեջանի պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկը` ուղղակիորեն հանդիսանալով Ադրբեջանի` Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների ապացույցը: Ապարդյուն են և բարոյական չեն Բաքվի բոլոր ջանքերը ստվեր գցելու ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի ունեցած անգնահատելի ներդրման վրա»,- գրել է Տիգրան Բալայանը:

Այս գրառումը Զախարովայի հայտարարությանը համարժեք պատասխան համարելու համար պետք է առնվազն անհամարժեքության բարդույթ ունենալ: Նախ՝ ձևաչափի առումով սա անգամ պատասխան էլ չէ, քանի որ այն ներկայացված է ոչ թե՝ պաշտոնական հայտարարությամբ, հաղորդագրությամբ կամ գոնե լրատվամիջոցին տրված մեկնաբանությամբ, այլ՝ սոցիալական ցանցի գրառման տեսքով: Կարելի է ենթադրել, թե ինչու է ընտրվել այդ տարբերակը` որպեսզի ռուսների կողմից դժգոհության դեպքում հայկական կողմն արդարացում ունենա` այն ներկայացնելով՝ որպես Տիգրան Բալայանի անձնական կարծիք` արտահայտված սոցիալական ցանցում:

Բացի այդ, տեսեք, թե ինչ է ասում Տիգրան Բալայանը: Հակիրճ պատմական էքսկուրսից հետո նա գրում է. «Եվ իհարկե, հասկանալի է Ադրբեջանի պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկը` ուղղակիորեն հանդիսանալով Ադրբեջանի` Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների ապացույցը: Ապարդյուն են և բարոյական չեն Բաքվի բոլոր ջանքերը ստվեր գցելու ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի ունեցած անգնահատելի ներդրման վրա»:

Այսինքն` իրականում Ռուսաստանին հանկարծ չվիրավորելու մղումով ցուցաբերված այս զգուշավորության արդյունքում, Հայաստանի արտգործնախարարի մամլո խոսնակն անուղղակիորեն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, առնվազն՝ նրա պաշտոնական ներկայացուցչին, որակում է՝ որպես ադրբեջանական քարոզչության սպասարկու, Ադրբեջանի պատվերով իրականացված փոթորկի մասնակից:

Սա, թերևս, շատ ավելի վտանգավոր ու նույն հայ-ռուսական հարաբերությունների համար վտանգավոր պատասխան է, քան՝ եթե Տիգրան Բալայանն ասեր այն, ինչը կասեր այդ պաշտոնում և այսպիսի իրավիճակում հայտնված ցանկացած նման պաշտոնյան. «Հայաստանը դատապարտում է երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած քայլ և հույս է հայտնում, որ սա ոչ թե տվյալ պետության, այլ առանձին պաշտոնյայի դիրքորոշումն է` ակնկալելով պատշաճ պարզաբանում»:

Մինչդեռ խուսափելով այս` դիվանագիտական նորմերի մեջ տեղավորվող պատասխանից, Բալայանն անուղղակիորեն շատ ավելի կոպիտ պատասխան է տվել ռուս պաշտոնյային` նրան մեղադրելով ադրբեջանական ծախու քարոզիչ լինելու մեջ: Գուցե դա իրականում այդպես էլ կա, և գուցե Զախարովային դա «հասնում է»:

Սակայն նման հայտարարությունը նորմալ, անգամ ողջունելի կլիներ, եթե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդհանրապես Հայաստանը` որպես պետություն, համարձակություն ունենար վարելու այնպիսի քաղաքականություն, որն անհրաժեշտության դեպքում իրերը կանվաներ իրենց անուններով, այդ թվում՝ ռուս պաշտոնյաներին ցույց տալով իրենց տեղը:

Բայց հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը՝ ընդհանրապես, և ռուսական փոխկապակցվածությունը` մասնավորապես, շատ ավելի հավանական է, որ Տիգրան Բալայանը կազատվի աշխատանքից, քան այն, որ Հայաստանի ԱԳՆ կդրսևորի արժանապատիվ կեցվածք:

Տեսանյութեր

Լրահոս