Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս։ Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ։

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին։ Նախկինում բոլորովին աչքի չընկնող ռուս համանախագահ Իգոր Պոպովը սկսեց մեկնաբանություններ տալ մամուլին Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում՝ այն դեպքում, երբ սովորաբար իր ակտիվությամբ աչքի էր ընկնում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ապրիլյան պատերազմից հետո իր գործընկերների հետ Երևանում տված ասուլիսի ընթացքում անդրադարձավ միայն մեկ՝ հումանիտար բնույթի հարցի՝ բոլոր կարևոր ուղերձների մեկնաբանությունը զիջելով Իգոր Պոպովին։

Թեև պատերազմի կանխարգելման շատ ավելի լայն ռուսական ծրագրերը՝ ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո Սարգսյան-Ալիև հանդիպում չկայացավ, այլ կայացավ հանդիպում արևմտյան համանախագահների ակտիվ միջնորդության պայմաններում, որը որակվեց՝ որպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռուսական մենաշնորհային դերի նվազում, ռուսական կողմը փորձում է պահպանել և շեշտել իր՝ առաջատարի դիրքերը՝ այս անգամ արդեն շատ ավելի լուրջ դրսևորումներով։

Այս տեսանկյունից բավականին ուշագրավ են զարգացումների այն երկու ուղղությունները, որոնք երևում են Ղարաբաղյան գործընթացի շուրջ՝ հայ-ամերիկյան աշխատանք վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ, որի ապացույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի թվիթերյան գրառումն էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքներով, և ռուս-ադրբեջանական-գերմանական համագործակցություն՝ կարգավորման պլանի շուրջ, որի կենտրոնում ռուսական համանախագահությունն է և Ռուսաստանի՝ գլխավորի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Սրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով Մերկել-Ալիև հանդիպման արդյունքներին, որն ամփոփված է ասուլիսի տեսքով, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված բավականին ընդարձակ հարցազրույցին։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու հարցին, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին, Պոպովն ասել է, որ փաստացի, բանակցային ներկայիս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումների ժամանակ։

«Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ՝ շրջանակային պայմանավորվածության ձեռքբերումից հետո կստեղծվի հնարավորություն, որ նրանք վերադառնային բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Պոպովը։ Վերջինիս ամենաուշագրավ դիտարկումը վերաբերում էր վերահսկողական մեխանիզմների ներդրմանը։ Պոպովը նշել էր, որ բարձր մակարդակի համաձայնություններն այդ մեխանիզմների շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել։ «Ներկայումս ԵԱՀԿ մասնագետներն աշխատում են մշակման ուղղությամբ։ Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս գործընկերների հետ փոխանցեցինք փորձագիտական մշակումներն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին։ Սպասում ենք կողմերի եզրակացությանը»,- ասել է նա՝ ըստ էության առաջին անգամ ռուսական կողմից հնչեցնելով պատրաստակամություն՝ աշխատել այս մեխանիզմների ներդրման ուղղությամբ։

Manvel Sargsyan 2«168 Ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, որը 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում, ասաց, որ Իգոր Պոպովի հարցազրույցի բովանդակությունը հասկանալու համար պետք է դիտարկել, թե երբ Պոպովը որոշեց խոսել։ Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս Գերմանիայում էր, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի շարք հետաքրքրական հայտարարություններով հանդես եկավ։ Ըստ Սարգսյանի՝ Իլհամ Ալիևն իր ասուլիսի ընթացքում մեծ դերակատարություն հատկացրեց Ռուսաստանին հակամարտության կարգավորման գործընթացում, նույնն արեց Մերկելը՝ պնդելով, որ Ռուսաստանը գլխավոր դերակատարություն ունի կարգավորման գործընթացում։

«Անմիջապես այդ դիտարկումներից հետո հարցազրույց տվեց ռուս համանախագահ Իգոր Պոպովն ու ըստ էության ասաց նույն բանը՝ Ռուսաստանն է կարողացել զինադադար կնքել և Ռուսաստանը Մինսկի խմբի ջանքերից դուրս նույնպես քայլեր է ձեռնարկում։ Փաստորեն, ինչ-որ կերպ մենք տեսանք, որ պատերազմից հետո պասիվացավ Ռուսաստանը, անգամ Լավրովը Երևան կատարած այցի ժամանակ որոշակի գործառույթ փոխանցեց Գերմանիային մեխանիզմների ներդրման հարցում, ապա ակտիվացավ ԱՄՆ-ը, և մենք տեսնում ենք ուղղության փոփոխություն՝ բոլոր կողմերից պաս է տրվում Ռուսաստանին, իսկ նա դա վերցնում է։

Այդ ֆոնին, երբ խոսվում է կոնկրետ շրջանակային համաձայնագրի մասին, ես կապում եմ այն բանի հետ, որ կարծես թե փորձ է արվում Ռուսաստանի միջոցով սկսել գործընթաց։ Թե այս ամենի տակ ինչ քաղաքականություն է և ինչ է թաքնված՝ դժվար է ասել, որովհետև գործ ունենք մեծ քաղաքականության հետ՝ տարածաշրջանային, գերտերությունների մրցավազք, պայմանավորվածություններ։ Բայց շրջանակային պայմանավորվածության գաղափարն արդեն շրջանառության մեջ է դրվել, և այս պահին դժվար է ասել՝ կա՞ հստակ առաջարկ, թե՞ ոչ։ Մինսկի խմբի համանախագահների և հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում մեխանիզմների հարցն է քննարկվել, սակայն այսօր ռուսական կողմի միջոցով այլ առաջարկ է արվում»,- նման տեսակետ հայտնեց Մանվել Սարգսյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ շրջանակային համաձայնագիրը նույն «Կազանի փաստաթուղթ», «Լավրովի պլան» տրամաբանության շրջանակում է լինելու, վերջինս պատասխանեց. «Այլ ուրիշ ի՞նչ կարող է լինել։ Այդ փաստաթղթերը պետք է տասն անգամ կարդալ, որից հետո միայն հնարավոր է տարբերություն զգալ։ Նույն մոտեցումներն ու սկզբունքներն են, որևէ բան չի փոխվել՝ կան դրույթներ Հայաստանին են ձեռնտու, կան դրույթներ՝ Ադրբեջանին։ Հետաքրքրականն այն է, որ վերջին տարիներին խոսվում էր շփման գծի մասին, և ոչ թե՝ կարգավորման։ Ներկայումս կրկին կարգավորման պլանների մասին են զրույցներ ծավալվում։

Այս պահին կարևոր է հասկանալ հայկական կողմի դիրքորոշումը, չէ՞ որ ասվել էր, որ առանց երեք պայմանների՝ անհնար է շարունակել բանակցությունները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ալիևն ամեն կերպ փորձում է շրջանցել այս մեծանիզմների ներդրման հարցը, դա պարզ երևում է։ Հիմա հույսեր են կապում Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ իր հերթին՝ այդքան հետաքրքրված չէ այդ մեխանիզմների ներդրման հարցով։ Ադրբեջանն իր կուրսը տանում է»։

Մանվել Սարգսյանի խոսքով, Ադրբեջանին կարգավորման ծրագիր պետք չէ, նա դրա համար չի բանակցում, Ադրբեջանին պետք է ստեղծել նպաստավոր իրավիճակ՝ առավել մեծ շահեր ներգրավելու համար ի օգուտ իրեն՝ կրկին պատերազմական ճանապարհով առաջ շարժվելու համար։ Ըստ նրա՝ կրկին Ադրբեջանն աշխատում է պատերազմի համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու ուղղությամբ։ «Եթե այս դիտանկյունից չնայենք հարցին, կրկին անգամ կխաբվենք՝ մտածելով, թե մարդիկ ինչ-որ փաստաթուղթ են ցանկանում ստորագրել։ Չխաբվելու համար պետք է պահել այն հստակ գիծը, որը դրվել էր։ Աշխատել այլ երկրների հետ այնպես, ինչպես Ադրբեջանն է աշխատում։ Ադրբեջանը համոզում է Գերմանիային, անում են, մենք տեսնում ենք նրանց կոնկրետ նախագծերը, նրանք փոխում են ուժերի հավասարակշռությունը դեպի իրենց, Հայաստանն այդպիսի աշխատանք պետք է տանի, խնդիրներ պետք է դնի։ Սկզբունքային քաղաքականություն պետք է վարվի»,- ասաց Սարգսյանը։

piontkovskii01«168 Ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս, վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին հարցը դիտարկեց շատ ավելի գլոբալ կոնտեքստում։ Նա ասաց, որ ռուսական կողմն ինչպես ունեցել էր մենաշնորհ հակամարտության խաղաղ կարգավորման և ընդհանրապես հակամարտության գոտում, այնպես էլ պահպանում է և դեռ պահպանելու է, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքականություններում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ու բոլոր ներկայիս քայլերն ու հայտարարությունները, Պիոնտկովսկու որակմամբ, ուղղված են դրան։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ներկայիս իշխանություններն իրենց դիրքերը Ղարաբաղում Արևմուտքին զիջելու ցանկություն ամենևին էլ չունեն, ավելին՝ նրանք պետք է էլ ավելի մեծ ուշադրություն սևեռեն կարգավորման գործընթացի վրա, քանի որ մարտահրավերները և պուտինյան քաղաքականության համար սպառնալիքները շատացել են, իսկ Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է։

«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հատկապես՝ լարվածությունը, Մոսկվային թույլ է տալիս դրսևորել իրեն իր քաղաքական շահերի տեսանկյունից՝ ամեն անգամ ավելի ու ավելի մեծացնելով իր ներկայությունն ու ակտիվությունը հակամարտության գոտում։ Ներկայումս, իմ համոզմամբ, ինչպես և ԶԼՄ-ներն են գրում, ռուսական համանախագահության սեղանին Լավրովի փաստաթուղթն է, որից բազում արտահոսքեր են եղել՝ Ղարաբաղին հարող շրջանների վերադարձ-խաղաղապահների մուտք Ղարաբաղ։ Սա է ռուսական կողմի նպատակը»,- ասաց Պիոնտկովսկին։ Վերջինիս համոզմամբ՝ քանի դեռ արտաքին ուժերի հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ չի փոխվել, և ռուսական դիվանագիտությունը չի ճնշվել, ակնկալել, որ նախագահական հանդիպումների ընթացքում բեկումներ են գրանցվելու, անիմաստ է։ Այս դեպքում, նրա վստահեցմամբ՝ գերիշխող են լինելու ռուսական կողմի առաջարկները, և կարևոր չէ, թե որտեղ են հանդիպում նախագահները։

Տեսանյութեր

Լրահոս