«Ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարևորությունը, նրա ունեցած փորձն օգտագործելու անհրաժեշտությունը». Արմեն Ռուստամյան

«Ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Բաբայանին, որովհետև իր անցած ճանապարհը, վաստակը պետք է գնահատել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին:

Այնուամենայնիվ, Ա. Ռուստամյանը համաձայն չէ Սամվել Բաբայանի այն կարծիքի հետ, որ ապրիլյան պատերազմը դիվերսիոն գործողություն էր. «Սա լայնամասշտաբ հարձակում էր, որ գրանցվեց ամբողջ Ղարաբաղի երկայնքով»:

Հարցին, թե Դուք տեսնո՞ւմ եք նրան պաշտպանության բանակում, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարևորությունը, նրա ունեցած փորձն օգտագործելու անհրաժեշտությունը, թե ի՞նչ ձևով է դա լինելու, անպայման չէ ինչ-որ պաշտոն ունենալ այդ օգտակարությունն ունենալու համար, օրինակ, Կոմանդոսը որտեղ էլ լինի, օգտակար է, ուզում եք՝ նրան պաշտոն տվեք, մի տվեք, նրա ցանկացած հայտարարությունը կարևոր է»:

Անդրադառնալով պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին՝ Ա. Ռուստամյանը չբացառեց, որ այնտեղ հնարավոր են քաղաքական ենթատեքստեր, որովհետև առաջիկայում ընտրություններ են ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ Ղարաբաղում. «Ցանկացած քաղաքական ուժ փորձում է տեղավորվել այս դասավորումների մեջ և որոշել իր հարաբերություններում՝ ինչպես օգտագործի այս կամ այն ինտրիգը՝ կապված այս կամ այն անձի հետ: Ճանաչված մարդիկ են, իրենց ներկայությունը քաղաքական դաշում միշտ էլ որոշակի խնդիրներ, կրքեր բորբոքելու հնարավորություն առաջացնում է, և այդ ամենը պետք է նաև ոմանք օգտագործեն քաղաքական նպատակներով: Խանումյանի նկատամամբ եթե բռնություն է կիրառվել, դատապարտելի է, բայց բնական է, որ չպետք է թույլ տալ, որ գործընթացները քաղաքական դաշտից դուրս գան, տեղափոխվեն ռազբորկաների, այլ անընդունելի հարաբերությունների դաշտ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս