3-շաբաթյա «հակամենաշնորհային» պատերազմի արդյունքները

Մենաշնորհների դեմ կառավարության հայտարարած պատերազմն ավարտվեց։ Ավարտվեց՝ չսկսած։ Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բեզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են՝ որպես մենաշնորհ։

Այս մասին կառավարության նիստում հինգշաբթի օրը հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այլ կերպ ասած՝ պետությունն ինքն իր հայտարարության ձեռքը կրակն ընկավ։ Պարզվեց, որ կառավարությունը պատրաստ է պայքարել, սակայն դե յուրե Հայաստանում մենաշնորհներ չկան։

Սակայն կառավարությունը չի հանձնվում։ Վարչապետը մի քանի հանձնարարականներ է տվել։ Նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է մշակել հստակ ուղեցույցներ՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ. դրանք պետք է ընդգրկեն բոլոր անրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարման ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը, և այլն։ ՊԵԿ նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը հանձնարարվել է օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների։

Այսինքն, փորձ է արվում խաղի հավասար պայմաններ սահմանել։ Սա պայքար է ոչ թե՝ մենաշնորհի, այլ՝ մենաշնորհ ծնող պատճառների դեմ, որոնց հաղթահարման անհրաժեշտության մասին վարչապետն իր խոսքում նշեց։

Մեխը, սակայն, նրանում է, որ այդ պատճառները շատ վաղուց իրենց «սև գործն» արել են։ Մենաշնորհներն արդեն ձևավորվել ու կայացել են։ Սա շատ նման է, որ գրիպով հիվանդ մարդուն սկսես բացատրել՝ ինչպես կանխել գրիպը. ձեռքերը լվանալ, դիմակ կապել, և այլն։ Սա կարող է օգտակար լինել, երբ վարակվածները քիչ են, խոսքդ էլ ուղղված է չվարակվածներին։ Սակայն, երբ վարակն արդեն տարածվել է, ապա կանխելու մասին խոսելը խիստ ուշացած է։

Ուղեցույցները՝ ինչպես ներմուծել շաքարավազ, ինչ պայմաններ են գործում, ինչպես մաքսազերծել և այլն, կլինեն զուտ ճանաչողական բնույթի։ Մարդիկ դա կընդունեն՝ ի գիտություն, և կանցնեն առաջ՝ հասկանալով, որ անիմաստ է գլուխը խփել պատին։ Եթե անգամ բոլորի համար օրենքը հավասար գործի, եթե չլինեն արտոնյալներ, բացառվեն կոռուպցիոն և այլ դրսևորումները, ապա մոնոպոլիաների հետ այլևս անհնար է մրցել։

Որովհետև մասշտաբի էֆեկտով նա արդեն գրավել է այս փոքր շուկան, և ֆորմալ առումով ունի մի քանի մանր «մրցակիցներ»։

Իսկ կոնկրետ շաքարավազի մասով՝ գործ ունենք արդեն «բնականի» վերածված մոնոպոլիայի հետ։ Չէ՞ որ մենք ԵՏՄ-ի հետ պայմանագրի շրջանակներում ընդունել ենք համապատասխան օրենսդրություն, ըստ որի՝ պատրաստի շաքարի ներմուծումը քվոտավորված է, և գանձվում է բարձր մաքսատուրք, մինչդեռ շաքարի հումքը մաքսատուրքից ազատված է, և ներմուծման առավելագույն շեմ չկա։ Սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի հետ կարելի է մրցակցել՝ միայն երկրորդ շաքարի գործարանը կառուցելու միջոցով։ Իսկ նման բան, իհարկե, չի լինի։

Այսինքն՝ այս հանձնարարականները կարելի է համարել ուշացած։ Դրանք միգուցե կանխեն այլ շուկաներում մոնոպոլիաների առաջացումը, սակայն արդեն գործող մոնոպոլիաների դեպքում ոչինչ չեն կարող անել։

Կառավարությունում սա մեզանից լավ են հասկանում։ Ու նաև հասկանում են, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան պետք է անել։ Ըստ այդմ՝ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը։

Հիմա պա՞րզ է։ Այսինքն՝ ընդունում ենք, որ ֆորմալ առումով մենաշնորհ չկա, մենաշնորհին «5 պակաս» վիճակ է։ Ըստ էության, համակերպվում ենք, որ ինչ-ինչ պատճառներով, ժամանակին անհետևողական լինելու պատճառով՝ ունենք գերիշխողներ (մեղմ ասած), սակայն չենք հանդուրժում, որ նրանք չարաշահեն գերիշխող դիրքն ու խաղի պայմաններ թելադրեն։ Սամվել Ալեքսանյանը պահպանում է գերիշխող դիրքը, սակայն չի կարող խաղի կանոններ թելադրել։

Այսպիսով, մենաշնորհի դեմ պայքարը սահուն վերածվեց գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարի։ Բայց մի րոպե՝ իսկ ինչո՞վ էր այսքան ժամանակ զբաղվում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Չէ՞ որ հայտարարվում էր, որ հենց դրանով է զբաղված։ Այսինքն՝ այս մասով թերացումնե՞ր ունենք։ Պարզվում է՝ ոչ, պետությունն արել է հնարավոր ամեն ինչ, սակայն մեխանիզմները բավարար չեն։ Ու որպես գործուն մեխանիզմի օրինակ՝ վարչապետն առաջարկել է քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքներում նույն խոշոր տնտեսվարողների կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը։ «Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռք բերողների համար»,- ասել է Հ. Աբրահամյանը։

Այս խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, քանի որ իրոք անհավասար պայմաններ են ստեղծվում մեծածախ վաճառողների և շուկայի մյուս խաղացողների միջև։ Օրինակը կրկին բերենք շաքարի համար, որովհետև դա ամենաակնհայտն է։ «Ալեքս Գրիգն» իր կողմից արտադրված շաքարի մեծածախ գինը սահմանում է, ենթադրենք, 360 դրամ, ու իր կազմի մեջ մտնող «Yerevan City» սուպերմարկետներում նույն շաքարը մանրածախ վաճառում է նույն գնով՝ 360 դրամով։ Նրանից շաքար գնած խանութատերը պետք է շաքարը վերավաճառի գոնե 400 դրամով։ Սակայն, եթե մոտակայքում «Yerevan City» կա, ապա մարդը շաքարը կգնի այդտեղից՝ վճարելով 360 դրամ։

Ի՞նչ կլինի, եթե պետությունն «Ալեքս-Գրիգին» արգելի իրականացնել շաքարի և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառք։ Մեծածախ վաճառքից, բնականաբար, ընկերությունը չի հրաժարվի, այլ մատակարար պարզապես չկա։ Մյուս կողմից՝ անտրամաբանական կլինի, որ սուպերմարկետում շաքար չվաճառվի։ Այդ դեպքում Սամվել Ալեքսանյանը ստիպված կլինի տարանջատել «Yerevan City»-ն շաքարի բիզնեսից (ինչպես նախկինում էր, երբ շաքարի մասով գործում էր առանձին ընկերություն՝ «Լուսաստղ Շուգր»)։ Այսինքն՝ կստեղծվի երկու ընկերություն, որոնցից մեկը շաքարը կներմուծի (կարտադրի) և կվաճառի մյուսին։

Շաքար արտադրող ընկերությունը շաքարը «Yerevan City»-ին կմատակարարի նույն գնով, ինչպես մյուսներին՝ 360 դրամով, իսկ «Yerevan City»-ն այն կվաճառի ինչպես մյուսները՝ 400 դրամով։ Սա կվերացնի անհավասար մրցակցությունը մանրածախ շուկայում, սակայն շաքարավազը փաստացի կթանկանա, իսկ «Yerevan City»-ն շահած դուրս կգա։

Ոնց «քցում-բռնում ենք», շաքարի ոլորտի մոնոպոլիան (շեշտենք՝ հասարակական ընկալման մեջ) չի վերանալու, իսկ միակ տուժողը լինելու է շաքարավազ գնողը։ Ու ստացվում է, որ կառավարությունը շեշտը դնում է մանրածախ շուկայում խաղի կանոններ փոխելու վրա, իսկ մեծածախ շուկան կգործի հին կանոններով։ Կարճ ասած, կառավարությունն ինքն իրեն փակուղու առաջ է կանգնեցրել։ Մի կողմից՝ ընդունում է, որ մենաշնորհների առումով հասարակության քննադատությունը տեղին է, հայտարարում, որ պատրաստ է պայքար մղել և ցանկանում է գոհացնել հասարակությանը։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այդպիսի «պայքարը» հաստատ ոչ մեկին չի գոհացնելու, և ոչ թե ավելացնելու է առանց այն էլ ցածր վստահությունը, այլ հակառակը՝ թուլացնելու։

Դրա վառ ապացույցը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտնի հայտարարությանը հետևած բուռն արձագանքն էր։ Մինչդեռ նա ասել էր այն, ինչ իրականում կարելի է անել՝ օրենքի շրջանակներում։

Իսկ կա՞ր արդյոք հասարակությանը գոհացնելու այլ տարբերակ՝ կրկին օրենքի շրջանակներում։ Կար։ Միակ տարբերակը խորը «քչփորելն էր»։ Այսինքն՝ 10-15 տարի ետ գնալ ու մանրամասն ուսումնասիրել կոնկրետ մոնոպոլիստների կայացման փոշոտ ճանապարհը՝ ինչպես են սկսել, որտեղից են ձեռք բերել նախնական կապիտալը, ում են կաշառել, ում են ճնշել կամ ահաբեկել, ում հետ են դավադիր համաձայնության եկել, որտեղ են խաբել, և այլն։ Կարճ ասած, իրոք ստուգել «օդում կախված» բոլոր կասկածները։ Էական խախտումներ հայտնաբերվելու դեպքում ընկերությունը կպետականացվեր, իսկ հետո դրա բաժնետոմսերի ազատ վաճառքի միջոցով հանրային ընկերության կվերածվեր։ «Կուլակաթափ» անելը, մեծ հաշվով, հենց այս պրոցեսն է։

Սակայն, ինչպես մի անգամ նշել ենք, իշխանությունը նման քայլի չի գնա։ Խոշոր գործարարների 90%-ին նման քննության ենթարկելու դեպքում կբացահայտվեն այնպիսի փաստեր, որոնք կարող են քրեական գործերի նյութեր դառնալ, ու ամբողջ գործարար էլիտան կհայտնվի ճաղերի ետևում։ Բացի գործարար էլիտայից՝ ճաղերի ետևում կհայտնվի ՀՀ պաշտոնատար անձանց ճնշող մեծամասնությունը։ Ընդ որում, նման բան տեղի չի ունենա նաև իշխանափոխության դեպքում, որովհետև, այսպես կոչված, «կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը» քչփորելուց բոլորն են խուսափում. դա կարող է լուրջ ցնցումների մեջ գցել երկիրը։ Քաղաքական կամքը, այսպիսով, ունի սահմաններ, որից չի կարող անցնել։

Հնարավոր է՝ մի քանի առավել խնդրահարույց անձանց կամ բիզնեսների դեպքում նման քայլի գնան, սակայն օրենքի ընտրանքային մոտեցումը՝ մեկին՝ պատժել, մյուսին՝ ոչ, կարճ ժամանակ անց նույնատիպ խնդիրների առաջ է կանգնեցնելու։
Եթե այս ամենը բանաձևենք, կստացվի՝ մեր երկրում մոնոպոլիստը կա՛մ պետք է դատվի, կա՛մ պետք է համակերպվենք նրա մենաշնորհային կարգավիճակի հետ։

Կառավարությունն ընտրում է երկրորդ ճանապարհը։

Ի դեպ, եթե սառը դատենք՝ սա նույնպես դրական քայլ կլինի, եթե խաղի կանոններն իրոք փոխվեն։ Ընդունենք այն, ինչ կա, ինչ եղել՝ եղել է, գծենք նոր խաղի կանոններ ու շարժվենք առաջ։ Ի վերջո, հասարակությանը չի հուզում՝ շաքարը մե՞կ հոգի է բերում, թե՞ մի քանի։ Հասարակությանը հուզում է, որ բերողը բարեխիղճ լինի ու իրեն չխաբի։
Սակայն մյուս կողմից՝ պետք չէ մոռանալ, որ «նոր խաղի կանոններ» հաստատելու մասին նախկինում բազմիցս հայտարարվել է։ Այդ թվում՝ գործող կառավարության կողմից։

Տեսանյութեր

Լրահոս