«Սա շատ վտանգավոր բան է». Մանվել Սարգսյան

«Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց՝ ինչ է նշանակում հույսդ որևէ հարցում դնես ուրիշի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»,- ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Մ. Սարգսյանի խոսքով, փաստորեն, ստորագրում է պայմանագիր, որտեղ պատերազմական ժամանակ միասնական որոշումեր պետք է ընդունվի. «Միասնական որոշումներ ինչպե՞ս կարելի է ընդունել պետության հետ, որն ուրիշ հարաբերություններ ունի քո անմիջական թշնամու հետ, սա շատ վտանգավոր բան է, և ես չգիտեմ՝ ինչու են մարդիկ դրան գնում: Դա մեզ բացարձակապես ոչ մի բան չի տալիս, միայն շանտաժով Ռուսաստանը կարող է Հայաստանին նման բան պարտադրել, ըստ երևույթին, նման շանտաժ էլ կա: Մենք տեսանք, որ պատերազմը Ռուսաստանի միջոցով կանգնեցվեց այն պահին, երբ դա ձեռնտու էր Ադրբեջանին: Հիմա էլ ցանկություն կունենան՝ որոշում կընդունեն՝ կաշխատի այդ հակաօդային պաշտպանությունը, ցանկություն չունենան՝ չի աշխատի: Դա այնքան պարզ բան է, որ այս ամեն ինչից արդեն պետական հանցագործության հոտ է գալիս»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ եթե մենք որևէ անվտանգության համակարգի մեջ չենք, միայնակ չենք կարող ապահովել մեր անվտանգությունը, Մ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Բայց ո՞վ է ասել՝ ուրիշներն ապահովելու են: Ո՞վ է ասել, որ այդ ընդհանուր համակարգն ապահովելու է, այդ ո՞վ է որոշել: Նման խաղեր չպետք է խաղալ, ապրիլյան պատերազմից հետո մարդիկ պետք է հասկանան, որ անգամ համագործակցությունը հետախուզության հարցերում շատ վտանգավոր բան է: Դա անվտանգության կորուստ է, դուք ձեր անվտանգության հարցում որոշում կայացնելու իրավունքը տալիս եք ուրիշին»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս