Բաժիններ՝

Հոլիվուդյան հայ լեգենդը՝ Ռուբեն Մամուլյան

Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897թ. հոկտեմբերի 8-ին, Թիֆլիսում: Հայրը` Զաքար Մամուլյանը, քաղաքի ճանաչված բանկիրներից էր, եւ շատ էր ցանկանում, որ որդին ինժեներ դառնար սակայն Ռուբենը մորից ժառանգել էր սերը թատրոնի հանդեպ (Վերգինե Մամուլյանը դերասանուհի էր) եւ երազում էր դերասանի կարիերայի մասին: Ի վերջո, նրանք փոխհամաձայնության եկան, եւ Ռուբենն ընդունվեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Մի անգամ համալսարանում նա մի հայտարարություն տեսավ. «Բոլոր այն ուսանողները, ովքեր հետաքրքրվում են թատրոնով, կարող են հաճախել Եվգենի Վախթանգովի երեկոյան դասերին, որոնք անց են կացվելու Մոսկովյան Գեղարվեստական թատրոնում»: Հաջորդ օրը երեկոյան Ռուբենն արդեն թատրոնում էր: Սակայն Մամուլյանը թատրոնում ուսանեց ընդամենը մի քանի ամիս, սկսվեցին հեղափոխությունը, եւ երկրորդ կուրսն ավարտելուց հետո նա վերադարձավ Թիֆլիս, իսկ 1919թ. մեկնեց Լոնդոն, քրոջ` Սվետլանայի մոտ, որն ամուսնացած էր անգլիացի սպայի հետ:

??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Լոնդոն

Կարդացեք նաև

Լոնդոնում աշխատանք գտնելու Ռուբենի բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին: Մի անգամ նա հանդիպեց ընկերոջը` Գրիգոր Մակարովին: Մակարովը պատրաստվում էր շրջագայություններով հանդես գալ Անգլիայում եւ ռեժիսոր էր փնտրում:

– Ինձ վերցրու որպես ռեժիսոր,- առաջարկեց Ռուբենը:

– Քանի՞ տարեկան ես: Քսանչո՞րս: Ախր թատերախումբը քեզ երբեք չի ընդունի:

??????????????????????????????????????????????

– Զուր ես ծիծաղում, չէ՞ որ ես սովորել եմ Վախթանգովի մոտ… Արի այսպես պայմանավորվենք. ես քեզ մոտ առանց վարձատրության կաշխատեմ այնքան ժամանակ, մինչեւ որ հարմար ռեժիսոր կգտնես:

Այդպես էլ արեցին: Երեք օր հետո Մամուլյանը եւ թատերախումբը, վերջինիս խոսքերով, պարզապես սիրահարվեցին մեկմեկու:

Մայրաքաղաքի ամենահին` St. James Theatre թատրոնի մենեջեր Ալեքսանդր Նեթերսոլը եւ դրամատուրգ Օստին Փեյջը հաճախ էին գալիս նրա փորձերին, ինչի արդյունքում Մամուլյանն առաջարկ ստացավ բեմադրելու Փեյջի «Թակոց դռանը» պիեսը:

Ruben Mamulyan (10)

Ներկայացման պրեմիերան կայացավ 1922թ. նոյեմբերի 6-ին: Պիեսն ու դերասանների խաղը խիստ քննադատության արժանացան, սակայն քննադատները բարձր գնահատեցին ներկայացման երաժշտական մասը: Այդուհանդերձ, ինչ-որ բան այս ներկայացման մեջ գրավեց Ժակ Էբերտոյի ուշադրությունը: Էբերտոն Մամուլյանին առաջարկեց համագործակցել Լուի Ժուվեի եւ Ֆյոդոր Կոմիսարժեւսկու հետ: Մամուլյանը մեկնեց Փարիզ՝ պայմանագիր կնքելու Էբերտոյի հետ, սակայն Փարիզում նա հեռագիր ստացավ Ջորջ Իսթմենից…

Ruben Mamulyan (13)
Ռոչեսթեր

Հետագայում Մամուլյանը պատմում էր, որ մանկուց հրապուրված է եղել ամերիկյան ռոմանտիկայով, Մարկ Տվենի եւ Ջեկ Լոնդոնի ստեղծագործություններով, եւ որ հենց այդ պատճառով էլ մերժել է Փարիզում աշխատելու առաջարկը: Իրականում սկսնակ ռեժիսորի որոշումը մեծապես պայմանավորված էր Իսթմենի առաջարկած հսկայական հոնորարով: Այսպես, 1923թ. Մամուլյանը տեղափոխվեց Ռոչեսթեր եւ սկսեց աշխատել Իսթմենի մոտ: Առաջինը բեմադրվեց Վերդիի «Ռիգոլետտոյի» երրորդ մասը: Արձագանքները բավականին ջերմ էին: «Ռիգոլետտոյին» հաջորդեցին հատվածներ «Սեւիլյան սափրիչից», «Բորիս Գոդունովից», «Ռոմեո եւ Ջուլիետից», «Պիկովայա դամայից», «Պայացներից», իսկ 1925թ. հունվար ամսին նա ամբողջությամբ բեմադրեց Շ. Գունոյի «Ֆաուստը»:

?????????????????????????????????????????????????????????

1925թ. Լոնդոնում մահացավ Սվետլանան: Մամուլյանը ծանր տարավ քրոջ մահը: 1926թ. հունվարի 15-ին նա ներկայացրեց «Քույր Բեատրիս» պիեսը: Մամուլյանի խոսքերով` «Քույր Բեատրիսն» իր լավագույն աշխատանքն էր:

Բրոդվեյ, Բրոդվեյ

Ռոչեսթերում անցկացրած երեք տարիները զուր չանցան Մամուլյանի համար, սակայն նա երազում էր Բրոդվեյի մասին: Ինչպես հաճախ է պատահում՝ օգնեց պատահականությունը:

Ruben Mamulyan (15)
Մի անգամ Նյու Յորքի թատերական Գիլդիայի ղեկավար Լոուրենս Լանգները գործերով ժամանեց Ռոչեսթեր: Մամուլյանը հանդիպեց նրա հետ եւ խնդրեց դիտել իր աշխատանքներից մի քանիսը: Լանգները գոհ մնաց եւ նրան աշխատանք առաջարկեց Նյու Յորքի արվարձաններից մեկում գտնվող թատերական դպրոցում: Մամուլյանը համաձայնեց, հուսալով, որ այդպես կկարողանա ներկայացումներ բեմադրել Բրոդվեյում: Այդպես էլ եղավ. շուտով Մամուլյանն առաջարկ ստացավ բեմադրելու Հարավային Ամերիկայում բնակվող սեւամորթների մասին պատմող «Պորգի» վեպը: Մինչ այդ ոչ մի ռեժիսոր չէր ցանկանում աշխատել սեւամորթ դերասանների հետ, իսկ Մամուլյանը կտրականապես հրաժարվեց օգտագործել գրիմավորված սպիտակամորթ դերասանների ծառայությունը: Սեւամորթների հետ աշխատելիս Մամուլյանը նրանց սովորեցնում էր չնմանվել սպիտակամորթ դերասաններին, եւ լինել այնպիսին, ինչպիսին կան իրականում: Ներկայացման պրեմիերան կայացավ 1927թ. հոկտեմբերի 10-ին: Քննադատները հիացած էին. նրանց զարմացրել էր այն փաստը, որ օտարերկրացին կարող էր այդքան լավ զգալ նեգրական ոգին: 1928թ. Մամուլյանը բեմադրեց «Թեւեր Եվրոպայի վրա» պիեսը:

Ruben Mamulyan (16)

Նյու Յորք

Ձայնային կինոյի ստեղծումից հետո պրոդյուսերները սկսեցին փնտրել այնպիսի թատերական ռեժիսորների, որոնք կկարողանային խոսել սովորեցնել «համր» դերասաններին: Paramount Pictures ստուդիան դասավանդելու առաջարկով դիմեց Մամուլյանին, սակայն նա չհամաձայնեց, այլ ցանկություն հայտնեց դառնալ ֆիլմերից մեկի ռեժիսորը:

Գործունեության այս նոր ոլորտն ամբողջովին կլանեց Մամուլյանին, այստեղ նա կարող էր կատարելագործել իր արվեստը: Առաջին անգամ կինեմատոգրաֆիայի պրակտիկայում նա նկարահանումները կատարեց ստուդիայից դուրս` երկաթուղային կայարանում, մետրոյում, երկնաքերի տանիքին, Բրուքլինյան կամրջին, թեեւ այն ժամանակ սա օրենքի խախտում էր համարվում: «Ծափահարություններ» ֆիլմը նոր կինոյի կատարյալ տեսակն էր` նոր կերպարներով, նոր տեխնիկայով:

1929թ. աշնանը Մամուլյանը վերադարձավ թատրոն, որտեղ մի քանի ներկայացումներ բեմադրեց:

Հոլիվուդ

Paramount Pictures ստուդիան Մամուլյանի հետ պայմանագիր կնքեց ֆիլմ նկարահանել զինված հարձակում կազմակերպած աղջկա եւ տղայի մասին: Մամուլյանը Նյու Յորքից Հոլիվուդ է տեղափոխվում: «Քաղաքային փողոցներ» ֆիլմն էկրան բարձրացավ 1930թ. եւ մեծ հաջողություն ունեցավ: Այն առաջին գանգստերական ֆիլմն էր: Առաջին անգամ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ֆիլմում հնչեց ձայն կադրի ետեւում: «Քաղաքային փողոցներ» ֆիլմի հաջողությունը Մամուլյանին հնարավորություն տվեց լիակատար ազատություն ստանալ հաջորդ երկու ֆիլմերի աշխատանքների ժամանակ: «Դոկտոր Ջեքիլն ու միսթր Հայդը» եւ «Սիրիր ինձ այս գիշեր» ֆիլմերում Մամուլյանը հանդես եկավ որպես պրոդյուսեր եւ որպես ռեժիսոր:

Այնուհետեւ հաջորդեցին «Երգ երգոցը» եւ «Թագուհի Քրիստինան»` Գրետա Գարբոյի մասնակցությամբ, իսկ 1934թ.` «Մենք կրկին ապրում ենք» ֆիլմը, որը հաջողություն չունեցավ:

Նույն թվականին Pioneer Pictures հոլիվուդյան փոքրիկ ստուդիան սկսեց առաջին «Բեկի Շարփ» ֆիլմի նկարահանումները (սա առաջին գունավոր ֆիլմն էր): Ֆիլմի ռեժիսոր Լոուել Շերմանը մահացավ ֆիլմի նկարահանումները սկսելուց երեք օր հետո, եւ ստուդիան հրավիրեց Մամուլյանին: Ֆիլմը Թուրինի փառատոնի ժամանակ, գույնն օրիգինալ ձեւով օգտագործելու համար հատուկ մրցանակի արժանացավ:

?????????????????????????????????????????????????????????

1936թ. Մամուլյանն «Ուրախ բանդիտը» ֆիլմի համար ստացավ Նյու Յորքյան կինոքննադատների մրցանակ: Հետագա մի քանի տարիները Մամուլյանն անցկացրեց Հոլիվուդում: Այս շրջանում նկարահանված առավել հաջող ֆիլմերից են «Զորրոյի նշանը» եւ «Արյուն եւ ավազը» (ֆիլմը վենետիկյան փառատոնում արժանացավ հատուկ մրցանակի Լավագույն գունավոր ֆիլմ անվանակարգում):

1942թ. Մամուլյանն ամուսնանում է Ազալիա Նյումանի հետ: Ազալիան նկարչուհի էր, նա զարմանալի կերպով իր մեջ համատեղում էր մամուլյանական բազմաթիվ հերոսուհիների բնավորությունները:

Մամուլյանը կրկին բեմ է վերադառնում: Թատերական Գիլդիան որոշում է բեմադրել «Օկլահոմա» մյուզիքլը, իսկ 2 տարի անց` «Կարուսելը». այս մյուզիքլները բարձր գնահատականի արժանացան: Սակայն «Օկլահոմայի» եւ «Կարուսելի» մյուզիքլների կինոտարբերակները նկարահանեցին այլ ռեժիսորներ: Դերասանների եւ օգնականների նկատմամբ պահանջկոտությունն ու անզիջողականությունը Մամուլյանին դարձրին «ոչ հարմար» ռեժիսոր: Մամուլյանին դադարեցին հրավիրել, եւ սա պատճառ դարձավ, որպեսզի ռեժիսոր Արթուր Ֆրիդն առաջարկի նրան նկարահանել «Նինոչկա» կինոմյուզիքլը: Ֆրիդն, իհարկե, բարձր էր գնահատում Մամուլյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն նրա համար պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ աշխատանքից զուրկ ռեժիսորին կարելի էր վճարել չնչին հոնորար:

1957թ. Սեմ Գոլդուինը Մամուլյանի հետ Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերայի կինոտարբերակը նկարահանելու պայմանագիր կնքեց, սակայն 1958թ. հուլիսի 2-ին, նկարահանումներից մեկ օր առաջ, ստուդիայում հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց բոլոր դեկորացիաներն ու կոստյումները: Գոլդուինը երդվեց վերականգնել ամեն ինչ, սակայն հեռացրեց Մամուլյանին` նրա փոխարեն նշանակելով Օտտո Պրեմինջերին: Մամուլյանի համար սա սարսափելի հարված էր:

1959թ. Մամուլյանը սկսեց «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ գլխավոր դերի համար հրավիրեց Էլիզաբեթ Թեյլորին: Ֆիլմի աշխատանքների հենց սկզբում բազմաթիվ դժվարություններ ծագեցին, եւ Մամուլյանը` տեսնելով, թե ինչ փոփոխություններ են իրեն պարտադրում, հայտարարեց, որ «Կլեոպատրան» այլեւս այն ֆիլմը չէ, որն ինքը ցանկանում էր նկարահանել, եւ 1961թ. հունվարին նա հրաժարական տվեց:

Այսպես ավարտվեց ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կարիերան: 1964թ. նա հրատարակեց «Աբիգեյլ» մանկական գիրքը, որի գլխավոր հերոսը մի կատու էր: Իր կյանքի 10 տարիները Մամուլյանը նվիրեց իր սիրելի շեքսպիրյան «Համլետ» պիեսը ժամանակակից անգլերենի թարգմանելուն: Պիեսի այս տարբերակը բեմում ներկայացվել է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ ոչ Մամուլյանի կողմից, եւ բարձր գնահատականի է արժանացել:

70-80 ական թթ. Մամուլյանը մի կինոփառատոնից մյուսն էր ճամփորդում եւ դասախոսություններ էր կարդում համալսարաններում: Մամուլյանի անունը գրանցված է «Փառքի Բրոդվեյյան դահլիճում»: 1983թ. նա ստացավ Ամերիկայի կինոռեժիսորների Գիլդիայի Գրիֆֆիթ մրցանակը` կինեմատոգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների համար:

Ruben Mamulyan (4)
Իր ծերությունը Մամուլյանն անցկացրեց Հոլիվուդում: Նրա կինը, որը 20 տարիների ընթացքում տառապում էր հարբեցողությունից, դարձել էր այնքան դաժան եւ խելահաս, որ ծառաները չէին կարողանում նրա հետ մնալ. ծերունիները միայնակ էին ապրում՝ շրջապատված իրենց սիրելի կատուներով, դրանք թվով քառասունն էին եւ ամբողջովին աղտոտում էին տունը:

Ռուբեն Մամուլյանը մահացավ 1987թ. դեկտեմբերի 5-ին: Մեջբերելով իր կողմից այդքան սիրված Շեքսպիրին, նա մի անգամ ասաց. «Եթե կյանքը թատրոն է, իսկ մենք դերասաններն ենք, ապա կյանքում ամենակարեւորն այդ դերը լավ խաղալն է, անկախ խաղացած պիեսի որակից»: «Ռուբեն Մամուլյան եւ ուրիշներ» պիեսը տեւեց 90 տարի, նրա գլխավոր հերոսը բազում անգամներ ցավ զգաց վայր ընկնելուց, սակայն վերելքի պահին կարողանում էր ստեղծել բարձրարժեք գործեր:

Պատրաստեց՝ Կամո Մայիլյանը
2006թ.
«168 ԺԱՄ» թերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս