Բաժիններ՝

«Եթե մաքսազերծումն էժան եղավ, ռուսը ստեղից «Ռենջ Ռովեր» չի՞ տանի». բանավեճ Վարդան Այվազյանի և Արմեն Ալավերդյանի միջև

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բուռն վիճաբանություն ծավալվեց տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ու ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի միջև:

Վ.Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է սպառումը նվազել, հարկերն էլ ավելացել, երբ անցած տարի 18 մլրդ դրամ քիչ է հարկ հավաքվել, որն, ըստ էության, արտոնություն է բիզնեսին:

Ա.Ալավերդյանը պատասխանեց, որ անկում է գրանցվել շրջանառության հարկ վճարողների մասով, քանի որ առաջին վեց ամսում հսկողություն չի իրականացվել: Ըստ նրա` 18 մլրդ արտոնությունը պետք է արտացոլվի մանրածախ առևտրի ոլորտում:

Այվազյանը փորձում էր ճշտել, թե ինչի՞ հաշվին, ո՞ւր են գնացել միջոցները, ստվերը ի՞նչ է եղել: «Ստվերը եղել է, կա ու կմնա, ու դրա դեմ պետք է պայքարենք»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը` նշելով, որ հարկային եկամուտների կառուցվածքը դիտարկելիս պարզ երևում է գումարների շարժը:

Վ. Այվազյանը Ալավերդյանից պահանջեց երրորդ երկրներից ներկրվող մեքենաների վրայից ԱԱՀ-ն հանել, որպեսզի «ռուսը գա ստեղից մեքենա տանի»: «Ժոստկի պահում եք, 32% մաքսատուրք որտե՞ղ կա,- դժգոհեց Այվազյանն ու հավելեց,- Եթե մաքսազերծումն էժան եղավ, ռուսը ստեղից «Ռենջ Ռովեր» չի՞ տանի»:

Ա.Ալավերդյանը նշեց, որ «ծաղկուն տարիներին» ավտոմեքենաներից ՀՀ բյուջե մուտք էր լինում 40-45 մլրդ դրամ, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետո սկսեցին բերել Ռուսաստանով ու այդ պատճառով 2.5 մլրդ դրամ էլ այդտեղ է կորուստ եղել:

Ըստ նրա` ԵՏՄ ազդեցությունը ժամանակավոր է, կկարգավորվի, իսկ հարկը իջեցնելը բնապահպանական խնդիր է առաջացնում, որովհետև հին մեքենաների գերեզմանոցի կվերածվենք. «Լավ, ուզում եմ հասկանամ ինչի՞ շուրջ ենք բանավիճում: Եթե ավտոմեքենաները ազատենք, դե եկեք դեղն էլ, հացն էլ ազատենք: Ժամանակի ընթացքում ԵՏՄ անդամներն էլ կսկսեն ավելի թանկ հարկել: Սա մի տարվա էֆեկտ է»:

Այվազյանի դիտարկմանը, որ հարկային մուտքերն ավտոմեքենաների գծով այս տարի էլ չեն կատարվի, Ալավեդյանը համաձայնեց. «Բայց ո՞վ ասաց, որ կատարվելու են: Ես ի սկզբանե հայտարարեցի, որ ռիսկեր կան, ու 2016-ին չի կատարվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս