Դպրոցներում բիզնես են անում. Համազգեստ կրե՞լ, թե՞ ոչ

Հայաստանում դպրոցը ոչ թե կրթական հաստատություն է, այլ բիզնեսի աղբյուր: Չարչրկված դրամահավաքներն այդպես էլ ամբողջապես արմատախիլ չարվեցին, այլ գործընթացն անցավ ընդհատակ: Դպրոցներում ոչ պակաս շահութաբեր բիզնես է համազգեստների գործը: Շատ դպրոցներում երեխաներին պարտադրվում է կրել համազգեստ, որի համար ծնողներն ամեն տարի զգալի գումար են վճարում:

168.am-ի խմբագրություն ահազանգ ստացվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի մի խումբ ծնողներից, որ հերթական անգամ իրենք ստիպված են լինելու 12-16 հազար դրամ վճարել աշակերտական համազգեստի դիմաց: Աղջիկների համար կարվում է կիսաշրջազգեստ, փողկապ ու «ժիլետ», իսկ տղաների համար` տաբատ, փողկապ ու «ժիլետ»: Սակայն, ծնողները նշեցին, որ հագուստը շատ անորակ կտորից է կարվում, շուտ մաշվում է, իսկ չափսերն էլ տարվա կեսին արդեն փոքր են լինում երեխաների համար: Նաև հագուստը բարակ կտորից է, և ձմռան ցուրտ ամիսներին երեխաները, միևնույն է, ստիպված են լինում համազգեստը փոխարինել ջինսե տաբատներով:

Ծնողների դժգոհությունը տարիներ շարունակ անտեսվում է դպրոցի տնօրինության կողմից, շատերն էլ արդեն լռում են և չեն պայքարում իրենց ու իրենց երեխաների իրավունքների համար` հանուն նրա, որ ուսուցիչները դրա պատճառով «թարս աչքով չնայեն» աշակերտներին:

Պարզ է, որ համազգեստի մատակարարմամբ զբաղվում են կամ հենց դպրոցների տնօրեններին կից, կամ պաշտոնյաների հետ առնչություն ունեցող կազմակերպություններ: Մեր «հերոս» դպրոցում այժմ սովորում է ավելի քան 1200 աշակերտ: Ստացվում է, որ այս բիզնեսմենների համար տարեկան ապահովված է 14-20 մլն դրամի եկամուտ:

Կարդացեք նաև

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե կոնկրետ փաստված ու ստորագրված բողոք պետք է լինի, որպեսզի նախարարությունը կարողանա զբաղվել որևէ հարցով: «Եթե ես հետևեմ ձեր ահազանգին և գնամ տնօրենի մոտ, տնօրենը կբերի ամբողջ դպրոցի ծնողների վկայությունը, որ իրենք ցանկանում են այդ համազգեստները, շատ որակով են, և ամեն ինչ շատ լավ է: Այսինքն` շատ նուրբ հարցեր են սրանք»:

Ըստ նախարարի` չեն կարող արգելել, որ դպրոցն ունենա համազգեստ, և աշակերտները կրեն սև-սպիտակ հագուստ: Նա նշեց, որ, եթե համազգեստ ունենալը կամավոր չէ, և ծնողները դեմ են, պետք է բողոքեն: Դիտարկմանը, որ այդ դեպքում էլ երեխան է հարվածի տակ հայտնվելու, և դա անուղղակի ձևով կազդի նրա վրա, Լ.Մկրտչյանը պատասխանեց. «Դպրոցական համակարգի շատ կարևոր հատկություն է իրենց սեփական համազգեստի ձեռք բերելը: Պետք է մտածել այդ ուղղությամբ»:

Նա չհամաձայնեց, որ այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան. «Կոռուպցիա չի՝ այն իմաստով, որ գումարը տալիս են և համազգեստ են ստանում: Բայց որակի հարցն այլ խնդիր է»:

Ամեն դեպքում, Լ.Մկրտչյանը խոստացավ ընդառաջ գնալ ծնողների բողոքին և զբաղվել խնդրով:

Տեսանյութեր

Լրահոս