Բաժիններ՝

«Գերմանացիներն առիթը բաց չեն թողնում՝ հասկացնելու, որ դու օտար ես ու ապրում ես իրենց երկրում»․ Կարեն Մարտիրոսյան

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ տարբերվում է նրանով, որ ներկայացնում ենք հանրությանը ծանոթ անձի՝ «Դար 21» հեռուստաընկերության նախկին հաղորդավար Կարեն Մարտիրոսյանի պատմությունը, ով, արդեն մի քանի տարի է, ապրում ու սովորում է Գերմանիայում: Կարենն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինության ֆակուլտետը՝ միաժամանակ սովորելով նաև Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում:

«Հաղորդավարությունը միշտ սիրել եմ, այդ պատճառով որոշեցի զբաղվել նաև դրանով: Հետագայում 6-ամսյա փորձաշրջան անցնելուց հետո ընդունվեցի «Դար 21» հեռուստաընկերություն՝ որպես VJ: Իմ կյանքում մի շատ կարևոր ու դժվար շրջան սկսվեց. Ինձ դժվար էր համատեղել հաղորդավարությունն ու մեքենաշինությունը, հոգեբանորեն բարդ իրավիճակ էր: Բայց, փառք Աստծո, իմ կողքին կային մարդիկ, ովքեր օգնում էին ինձ, ու ես որոշեցի իմ մեջ ապրող երկու Կարենից ընտրել հաղորդավարին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Կարենը:

Karen Martirosyan (5)

Համալսարանն ավարտելուց հետո Կարենը մեկնում է ծառայության Քարվաճառ. «Ծառայության տարիներին շատ էի մտածում, թե բանակից հետո ինչով պետք է զբաղվեմ, ինչ պետք է անեմ ավելի լավ ապագա ունենալու համար: Հայաստանից դուրս ուսում ստանալու ցանկությունս քիչ-քիչ մեծանում էր: Բանակից հետո նորից վերադարձա «Դար 21» հեռուստաընկերություն, նաև շարունակեցի ուսումս Համալսարանում՝ Մեքենաշինություն բաժնի մագիստրատուրայում»:

Կարդացեք նաև

Կարենն ընդգծում է՝ երբեք մտքով չի անցել, որ մի օր կհասնի Գերմանիա, իսկ այնտեղ մեկնելու ցանկություն իր մոտ առաջացրել է ընկերներից մեկը, ով սովորելով Գերմանիայում՝ մշտապես պատմել է այնտեղի ուսանողական կյանքի, բուհական համակարգի մասին: «Պատմում էր նաև, թե ընդհանրապես ինչ լավ է Գերմանիայում ուսանող լինելը, ուսանողի ապագան այնտեղ ապահովված է: Այդ ամենն իմ մեջ ամրապնդեց Գերմանիա գնալու և այնտեղ կրթվելու ցանկությունը: Իմ կյանքում ամենադժվար որոշումն էի կայացնելու. Թողնել ընտանիքս, ընկերներիս ու այն ամենը, ինչին հասել էի տասնյակ տարիների ընթացքում, ու մեկնել Գերմանիա և ամեն ինչ սկսել զրոյի՞ց, թե՞ մնալ Հայաստանում, և ամեն օր լսելով «ամեն ինչ լավ է լինելու» փոշոտված արտահայտությունը՝ անորոշ ապրել»,- պատմում է Կարենը՝ հավելելով, որ որոշում է ռիսկի դիմել և մեկնել:

Karen Martirosyan (3)

«Ձախողվելու դեպքում ոչինչ չէի կորցնում. միշտ կարող էի ու կարող եմ վերադառնալ Հայաստան»,- ասում է նա:

Մեկնելով Գերմանիա՝ նա երկու տարի ժամանակ է ունենում լեզուն յուրացնելու ու քննություն հանձնելու համար: Քննությունը բարեհաջող է հանձնում և ընդունվում է HTW Berlin-University of Applied Sciences համալսարանի մեքենաշինություն բաժնի մագիստրատուրան, որտեղ էլ այժմ սովորում է: Հարցին՝ ինչո՞ւ նորից որոշեց վերադառնալ մեքենաշինությանը, Կարենն այսպես պատասխանեց. «Գերմաներեն սովորելու ընթացքում ուսումնասիրեցի նաև Գերմանիան ու հասկացա, որ մեքենաշինությունն ամենալավ տարբերակն է՝ կայուն և ապահով ապագա ունենալու համար, քանի որ Գերմանիայում այն շատ զարգացած է: Բացի այդ՝ դա իմ մասնագիտությունն էր, ու ավելի ճիշտ համարեցի ուսումս հենց այդ ուղղությամբ շարունակել: Իսկ հաղորդավարությունը մնաց՝ որպես հոբբի»:

Karen Martirosyan (8)

Խոսելով համալսարանական կյանքի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ առօրյան շատ հագեցած է. «Այստեղ հնարավոր չէ միայն դասի գնալով ավարտել: Կաշառք հասկացողությունը չկա: Միայն սովորելով ու քո գիտելիքների շնորհիվ կարող ես ավարտել: Խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակը բացառված է: Այդ իսկ պատճառով՝ ավարտողներից յուրաքանչյուրը գիտելիքների մեծ պաշար է ունենում: Մի քիչ դժվար է Հայաստանի հետ համեմատել: Այստեղ գործնական աշխատանքներն ուղղակի հաճույք են պատճառում, քանի որ գործ ունես վերջին տեխնոլոգիաներով հարուստ լաբորատորիաների հետ, որտեղ կատարում ես տարբեր փորձարկումներ և սովորում այն ամենը, ինչ տեսականորեն անցել ես, ինչը, իհարկե, բացակայում է Հայաստանում: Այդտեղ լաբորատորիաներն այդքան էլ լավ վիճակում չեն: Մեզ դասավանդում են պրոֆեսորներ, որոնք Գերմանիայի մեքենաշինության մեջ մեծ դեր են ունեցել և ունեն: Այստեղ ուղղակի հնարավոր չէ չսովորել: Դե՛, իսկ կրթական համակարգն ի օգուտ ուսանողի է: Կիսամյակի ընթացքում մեզ տրվում են տարբեր գործնական աշխատանքներ, բոնուս առաջադրանքներ, որոնց օգնությամբ կարող ենք միավորներ հավաքել և տարեվեջում գումարել մեր մնացած միավորներին: Այնպես որ, ավելի հեշտացնում են բարձր միավորներ ունենալը: Չգիտեմ՝ հիմա ինչպիսին է Հայաստանում այդ համակարգը, համենայնդեպս այստեղ շատ արդյունավետ է»,- նշում է նա:

Karen Martirosyan (1)

Karen Martirosyan (7)

Նախկին հաղորդավարը վստահեցնում է՝ օտար երկրում սովորելը միայն դրական ազդեցություն է ունենում. «Նախ և առաջ, դրսում ապրելով, շփվելով տարբեր մշակույթներ կրող երիտասարդների հետ, համեմատելով նորը՝ քո իմացած հնի հետ, ընդլայնում ես աշխարհայացքդ ու, բնականաբար, շատ բաների սկսում ես այլ տեսանկյունից նայել, միշտ կարելի է նոր բան սովորել: Մարդկանց միշտ նորություն է անհրաժեշտ, որպեսզի համեմատելու կարողությունը չկորցնեն և կարողանան ճիշտ ընտրություն կատարել»:

Karen Martirosyan (2)

Սակայն Կարենը նաև ընդգծում է. «Լինի ուսում թե աշխատանք, միշտ զգում ես, որ քո երկրում չես: Իսկ գերմանացիներն առիթը բաց չեն թողնում հասկացնելու, որ դու օտար ես ու ապրում ես իրենց երկրում»:

Վերջում հետաքրքրվեցինք, թե ինչ պլաններ ունի, մտածո՞ւմ է արդյոք ավարտելուց հետո հայրենիք վերադառնալու մասին, ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան. «Վերադառնալու մասին չեմ շտապում մտածել, քանի որ շատ եմ տանջվել ներկայիս վիճակին հասնելու համար և չեմ պատրաստվում այդ ամենը ջուրը գցել: Միշտ էլ կարող եմ վերադառնալ, բայց նախ և առաջ՝ կփորձեմ հասնել այն ամենին, ինչին ուժերս կբավարարեն: Միգուցե կողքից հեշտ թվա, բայց հավատացեք՝ օտարության մեջ ապրող մարդը լիարժեք չէ: Լիարժեքությունն ընտանիքի և հայրենիքի մեջ է: Այստեղ ունեմ շատ ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնց հետ հետաքրքիր է շփվելը, նրանց մշակույթին ծանոթանալն ու գիտելիքներիս պաշարն ավելացնելը»:

Karen Martirosyan (4)

Վերջում հավելեց. «Համենայնդեպս, երբեք չեմ փոշմանել, որ նման որոշում եմ կայացրել: Իհարկե, շատ եմ ցավում, որ ընտանիքիս կողքին չեմ, բայց մարդը կարող է ամեն ինչին համարվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս