Բաժիններ՝

Արտաքին ռիսկերը խոցելի են դարձրել ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը. ԿԲ

Համաշխարհային անկայուն տնտեսական աճը, ԱՄՆ դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխությունը և հատկապես ՌԴ-ում առկա տնտեսական հիմնախնդիրները բացասաբար են անդրադարձել ՀՀ ներդրումային միջավայրի, տնտեսական աճի և արտահանման աճի ու մասնավոր փոխանցումների վրա:

Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Արտաքին տնտեսական անբարենպաստ զարգացումների պահպանման պայմաններում ձևավորված ռիսկերը անդրադարձել են ՀՀ ներքին տնտեսության վրա՝ խոցելի դարձնելով ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը:

Տարվա ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացված խթանող հարկաբյուջետային և ՀՀ ԿԲ ընդլայնող դրամավարկային քաղաքականությունների շնորհիվ 2015 թ. արձանագրվել է կանխատեսվածից բարձր տնտեսական աճ:

2015 թ. տնտեսական աճը, համաձայն ԱՎԾ տվյալների, կազմել է 3.0%: Տնտեսական աճը ապահովվել է հիմնականում արտահանելի ճյուղերի, մասնավորապես` արդյունաբերության և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման հաշվին: Արդյունաբերության ոլորտում պահպանվել են առաջին կիսամյակի վերջին գրանցված դրական զարգացումները. մետաղական հանքաքարի արդյունահանման ճյուղի թողարկման ծավալների 1.5 անգամ ավելացման շնորհիվ գրանցվել է արդյունաբերության ավելացված արժեքի տ/տ 6.3% աճ:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 11.4%: Ընդ որում, ճյուղի աճը ապահովվել է բուսաբուծության, անասնապահության և ձկնաբուծության ենթաճյուղերի թողարկման ծավալների, համապատասխանաբար, 15.2%, 6.1% և 6.4% աճի հաշվին:

2015 թ. շինարարության ճյուղի ավելացված արժեքը նվազել է տ/տ 4.2%-ով, ինչը կազմակերպությունների և պետական ու համայնքային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների կրճատման հետևանք է: Միևնույն ժամանակ, աճել են միջազգային վարկերի, մարդասիրական օգնության և բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները, համապատասխանաբար, 20.5%, 73.0% և 1.5%-ով:

Ծառայությունների ոլորտում ավելացված արժեքի աճը, ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թ. կազմել է 1.8%, որն ապահովվել է մատուցված ծառայությունների 2.7% աճի, մասնավորապես` մշակույթի, զվարճանքի և հանգստի (68.1%), ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության (3.6%) ենթաճյուղերում արձանագրված աճի հաշվին:

Միևնույն ժամանակ, դրամական փոխանցումների նվազմամբ պայմանավորված` բնակչության տնօրինվող եկամուտների կրճատման արդյունքում նվազել են մանրածախ և մեծածախ, ինչպես նաև ավտոմեքենաների առևտրի ծավալները` համապատասխանաբար 10.1%, 4.2% և 9.8%-ով:

Համախառն պահանջարկի տարր հանդիսացող մասնավոր սպառումը, համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, նվազել է 7.9%-ով: Նվազման խորացմանը հիմնականում նպաստել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների շարունակական կրճատումը, գործարար ակտիվության ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումը: Մասնավոր հատվածի ծախսումների կրճատումը մեղմվել է ՀՀ Կառավարության կողմից ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ, մասնավորապես` պետական սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է 3.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության շարունակական թույլ ներդրումային ակտիվության պայմաններում մասնավոր ներդրումները նվազել են 6.5%-ով: Ներդրումների անկումը պայմանավորված է եղել մի կողմից ներքին պահանջարկի կրճատմամբ, մյուս կողմից` ձեռնարկությունների վարկավորման թուլացմամբ: Ի տարբերություն մասնավոր ներդրումների նվազման, պետական ներդրումներն ավելացել են 12.3%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս