Բաժիններ՝

Ադրբեջանում դեռևս 80 քաղբանտարկյալներ կան. The Guardian

Չնայած վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Ադրբեջանում դեռեւս 80 քաղաքական բանտարկյալներ կան:

Այս մասին հայտնում է The Guardian թերթը` հղում կատարելով Freedom House միջագային իրավապաշտպան կազմակերպությանը:

«ԱՄՆ-ում կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության գծով Freedom House կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում խուլիգանության եւ թմրանյութերի մեղադրանքներով ձերբակալված նվազագույնը 5 լրագրողների հետ 80 քաղբանտարկյալներ կան», -գրում է The Guardian-ը:

Ադրբեջանցի իրավաբան Նիջաթ Մամեդբեյլին Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքին հայտնել է, որ մայիսի 27-ին Բաքվում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր ակտիվիստը` Ադրբեջանի NIDA երիտասարդական շարժման անդամ Անար Աբդուլլաեւը եւ տարվել է Բաքվի Նարիմանովի շրջանի ոստիկանական բաժանմունք: Ոստիկանությունը չի հայտնել ակտվիստին ձերբակալելու պատճառը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Անար Աբդուլլաեւը NIDA-ի թվով երրորդ ձերբակալված ակտվիստն է:

Բաքվի վճռաբեկ դատարանը մայիսի 27-ին մերժել է անցյալ շաբաթ ձերբակալված NIDA-ի երիտասարդ ակտվիստ Բայրամ Մամեդովի եւ «Ձախ ճակատի» անդամ Գիյաս Իբրահիմովի մեկուսացումը տնային կալանքով փոխարինելու մասին դիմումը: Այս մասին «Թուրան»-ին հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը:

Երիտասարդները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, սակայն, նրանց ձերբակալության իրական պատճառն, ինչպես իրենք են գտնում, Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ անելն է:

Ադրբեջանցի ծաղրանկարիչ Շաիք Ջաֆարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից անմեղ մարդկանց բանտերը նետելու, իսկ նրա կնոջ` խորհրդարանի պատգամավոր Մեհրիբան Ալիեւայի կողմից խորհրդարանում ներման մասին նախաձեռնություններով հանդես գալու իրողությունը բացահայտող ծաղրանկար է հրապարակել, որն անվանել է «Ալիեւների քաղբանտարկյալների «հրաշալի հարահոսը»« (Meydan TV):

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է. «Այսպիսով, ամուսինը` նախագահ Ալիեւը շինծու մեղադրանքներով անմեղ մարդկանց նստեցնում է բանտերում, իսկ նրա կինը` Հեյդար Ալիեւի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մեհրիբան Ալիեւան հանդես է գալիս ամնիստիայի մասին նախաձեռնություններով, որոնցով ազատ են արձակում որոշ աղմկահարույց քաղբանտարկյալների: Ամնիստիայով եւ ներումներով նախագահ Ալիեւը լուծում է իր արտաքին քաղաքական խնդիրները` չեզոքացնելով երկրում մարդու իրավունքի զանգվածային խախտումների հետ կապված արտասահմանից իր վրա ճնշումը, իսկ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան բարեգործի իր վարկանիշը պահպանում է նման հարահոսի շնորհիվ»:

Թերթը հավելել է, որ Շաիք Ջաֆարովի ծաղրանկարը նվիրված է Ադրբեջանում Ալիեւների ստեղծած հենց այդ պարադոքսային իրավիճակին:

Meydan TV-ն գրում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետազոտող-լրագրող Խադիջա Իսմայիլովայի պայմանական ազատումը բանտից Ալիեւները կատարել են միջազգային հզոր ճնշման շնորհիվ: Իսկ հաջորդ օրը նույն Ալիեւների հանձնարարությամբ Բաքվում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստ Ամիդ Սուլեյմանովը եւ լրագրող Էլնուր Մուխտարը:

Օրերս Մեհրիբան Ալիեւայի նախաձեռնությամբ Ադրբեջանի խորհրդարանը չորորդ ամնիստիան է հայտարարել, որով պետք է ազատ արձակվեն 3500 բանտարկյալներ, սակայն, որոնց մեջ ոչ մի քաղբանտարկյալ չկա:

Մարտի վերջին ներում էր շնորհվել մի խումբ բանտարկյալների, որոնց մեջ 15 քաղբանտարկյալներ են եղել: Ալիեւն այդ առիթն օգտագործել էր Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովին մասնակցելու հրավեր ստանալու եւ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Ջոն Քերիի հետ լուսանկարվելու համար:

Կայքը հիշեցնում է, որ միջազգային կազմակերպություններն Իլհամ Ալիեւին «Մամուլի թշնամի» են հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս