«Մեր խնդիրը հիմա Ադրբեջանը չէ»

168.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը

Տիկին Զոհրաբյան, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների չիրագործման պայմաններում՝ որքանո՞վ է ճիշտ նորից Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ նստելը, և ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա հունիսին նախատեսվող ՍարգսյանԱլիև հանդիպումը:

– Երկու օր առաջ արտաքին գործերի նախարարի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ որևէ փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող: Հունիսի հանդիպումը նախագահների մակարդակով եթե տեղի ունենա, ընդամենը նախնական հիմք պետք է լինի բանակցությունները վերսկսելու համար, որովհետև տոտալ անվստահության այս պայմաններում, երբ Վիեննայից հետո կրկին Ալիևը և Մամեդյարովը հայտարարեցին, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ես ուղղակի չեմ տեսնում որևէ մոտիվացիա Ադրբեջանի ղեկավարության հետ շատ ավելի լուրջ հարցեր քննարկելու:

Այս պահին միակ հարցը, որ կարող է քննարկվել ադրբեջանական կողմի հետ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ՝ դա բանակցությունների վերսկսման համար հիմքի նախապատրաստումն է, իսկ հիմքի նախապատրաստում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը համաձայնի մշտադիտարկման իրականացմանը, ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների հետաքննությանը: Ես կարծում եմ՝ միայն սրանից հետո իմաստ կունենա խոսել բանակցությունների վերսկսման մասին:

Ոչ միայն որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի խախտի հերթական պայմանավորվածությունը, այլև 100 տոկոսով կարող ենք պնդել, որ բոլոր հանդիպումներում Ադրբեջանի քաղաքական էլիտան՝ ի դեմս Ալիևի, հերթական անգամ բանակցային սեղանի շուրջ հայտարարելու է մեկ բան, իսկ իր երկրում հանդես է գալու բոլորովին այլ կոդերով և մեսիջներով: Պատահական չէ, որ ես ասում եմ, որ մեր խնդիրը հիմա Ադրբեջանը չէ, որովհետև, եթե մենք փորձենք զբաղվել Ադրբեջանի և Ալիևի վերադաստիարակությամբ, ապա դա առնվազն ժամանակի ուղղակի վատնում կլինի:

Այժմ գնդակը միջազգային հանրության և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտում է, որոնք շատ ավելի հստակ, կտրուկ պետք է լինեն իրենց քայլերում և գործողություններում, և պետք է Ադրբեջանին բերեն ռացիոնալ տրամաբանական դաշտ, եթե չեն ցանկանում, որ տարածաշրջանում շփման գծում սկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողություններ: Իսկ իրենք ունեն անհրաժեշտ ճնշման գործիքներն Ադրբեջանի վրա:

Բայց տեսանք, որ անգամ Վիեննայի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս չեն իրագործվում, ի՞նչ է պատճառը, ըստ Ձեզ, որ իրենք գործի չեն դնում իրենց լծակները:

– Երբ իրենց հետ խոսում ես «off the record» տարբերակով, ասում են, որ իրենց՝ կողմերի միջև հավասարության նշան դնելը, շատ ավելի կտրուկ հայտարարություններով հանդես չգալն ընդամենը մեկ նպատակ է հետապնում՝ բանակցային գործընթացին չվնասելը, իրենք փորձում են բացատրել, որ, եթե իրենք կտրուկ լինեն իրենց գործողություններում, դա կարող է առավել սրել իրավիճակը, բայց ես, իհարկե, համաձայն չեմ այդ գնահատականների հետ, որովհետև իրենց լռության և լղոզված հայտարարությունների գինը մենք տեսանք նաև ապրիլյան պատերազմում, այնպես որ, հիմա արդեն շատ ավելի հստակ քայլեր պետք է ակնկալել միջազգային հանրությունից, որը շատ լավ հասկանում է, թե ինչի կարող են բերել լայնամասշտաբ պատերազմական գործողությունները տարածաշրջանում: Գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, ունեն արբանյակային հետախուզության իրենց տվյալները և հրաշալի գիտեն, որ ապրիլյան պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Այս դեպքում ընդամենը պետք է իրականացնեին այն, ինչ արդեն պայմանավորվել էին, գոնե հրապարակայնորեն: Ի՞նչն է հետ պահում, որ արդեն իսկ տեղադրեն այդ մեխանիզմները:

– Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ պայմանավորվածություն է խախտում: Հիշեք՝ Կազանում, երբ ուղղակի անակնկալ մատուցվեց Ալիևի կողմից, և 10 նոր առաջարկ դրվեց սեղանին, բոլոր ֆորմատներում Ադրբեջանը մշտապես խախտել է պայմանավորվածությունը, և, անկեղծ ասած, ինձ համար միանշանակ սպասելի էր, որ Վիեննայից վերադառնալով Բաքու՝ Ալիևը և Մամեդյարովը նշելու են, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Դրա համար եմ ասում՝ այստեղ խնդիրը Մինսկի խումբն է, որը պետք է արդեն շատ հասցեական, կոնկրետ Ադրբեջանին ուղղի իր մեսիջները, որ՝ Դուք խախտել եք պայմանավորվածություն: Եթե Ադրբեջանը չի հարգում ձեռք բերված պայմանավորվածությունը, սա արդեն հստակ մեսիջ պետք է լինի Ադրբեջանին, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, ինչին մենք պատրաստ ենք, բայց ինչի հետևանքները կործանարար են լինելու ողջ տարածաշրջանի համար:

Օրերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում նշվում է ԼՂ մասնակցության մասին: Դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, եթե, ամեն դեպքում, գործընթացներում մենք Ղարաբաղին չենք տեսնում՝ որպես կողմ:

– Մեկ բան հստակ է. որևէ պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել՝ առանց Ղարաբաղի մասնակցության, և նույնիսկ, եթե ընդունենք, որ Ադրբեջանը և Հայաստանն ինչ-որ բան պայմանավորվեցին, միևնույն է, պետք է վերադառնալ զրոյական կետի և նորից սկսել բանակցությունները Ղարաբաղի հետ, ուստի որքան շուտ ԼՂՀ-ն դառնա բանակցային պրոցեսի լիիրավ մաս, այնքան շատ ավելի արդյունավետ և օպտիմալ մենք կկարողանանք բանակցային խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել:

Որևէ պայմանավորվածություն առանց Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել, անգամ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ խնդրի շուրջ պայմանավորվեն, միևնույն է, այդ պայմանավորվածությունը պետք է ընդունի կամ մերժի Ղարաբաղը: Ժամանակն է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցեն բանակցային գործընթացին, և մեր արտաքին քաղաքական վեկտորը Ղարաբաղի հարցում այդ հստակ շեշտադրումներով այլևս պետք է հանդես գա, որ մենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն ենք, բայց առանց Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշման՝ Հայաստանը որևէ պարտավորություն իրավունք չունի ստանձնելու այդ խնդրում:

 

Տեսանյութեր

Լրահոս