«Ցավոք, սրանք այստեղ ժամանակավոր են». Արա Ալեքյան

«Մոսկվա» կինոթատրոնի հարակից՝ Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում հայտնվել է Արա Ալեքյանի նոր «Արջը»: Մենք նրան հանդիպեցինք հենց այդտեղ, որտեղ քանդակի հեղինակն ինքը լվանում էր սեփական աշխատանքը։ Հետևելով Արա Ալեքյանի աշխատանքին, փորձելով չխանգարել նրան` մենք զրուցեցինք մեր քաղաքին յուրատիպ գույն հաղորդած քանդակագործի հետ։

– Պարոն Ալեքյան, «Սա՞րդն» եք վերանորոգում։

– Այո, ամրացնում եմ, որովհետև երեխաները բարձրանում են, շարժվում են վրան, ճաքեր է բացվում, զոդված տեղերը չեն դիմանում։

– Պարբերաբար գալիս, հետևո՞ւմ եք։

Կարդացեք նաև

– Ամեն անգամ, ամեն շաբաթ ուշադիր հետևում եմ, որ ինքը միշտ ամուր վիճակում լինի։

Ara Aleqyan (7)

– Իսկ այն արձաննե՞րը, որոնք արդեն Հայաստանում չեն։

– Դրանք, փառք Աստծո, Եվրոպայում շատ ապահով ձեռքերում են, որովհետև այնտեղ իմ աշխատանքները շատ բարձր են գնահատում ու շատ ուշադիր են։ Արձաններն այնտեղ իմ ուշադրության կարիքը չեն զգում, այնտեղ պետությունը կամ անհատ սեփականատերը շատ ուշադիր հոգում է քանդակի մոտ առաջացած բոլոր խնդիրները։ Խնդիրն այստեղ է՝ մեզ մոտ։

– Ի՞նչ խնդիր։

– Մարդիկ մի քիչ կոպիտ են վարվում քանդակների հետ, վայրենավարի են օգտագործում դրանք, վերջին հաշվով՝ սրանք ուժը փորձելու համար չեն նախատեսված։ Սրանք քանդակներ են, որոնցով պետք է հիանան, սրանք մարդկանց պետք է ուրախություն պատճառեն, այսքանը։

Ara Aleqyan (5) Ara Aleqyan (6)

– Ցուլը որտե՞ղ է։

– Ստամբուլում։

– Ո՞նց հասավ էնտեղ։

– «Էքսպո»-ի գնաց, գնեցին, ու մնաց այնտեղ՝ Ստամբուլի կենտրոնում է տեղադրած։

– Իսկ ինչո՞ւ այս անգամ՝ հենց «Արջ»։

– Ինձ մոտ արջ քանդակելու պահանջ կար՝ արջն ամեն ինչի սիմվոլն է, հենց այնպես կենդանի չէ արջը։ Մեկն արդեն արել էի՝ ավելի փոքրը, բայց Հայաստանում շատ քիչ մնաց՝ 10-15 օր, հետո տեղափոխվեց Բրյուսել։

– Քանդակի միտքը գալիս է ձեռքի տակ այդ պահին ունեցած հումքի՞ց, թե՞ հատուկ ներշնչանքի արդյունքում։

– Պատահել է, որ երկաթն է ինձ հուշել, թե ինչ քանդակեմ, բայց ավելի հաճախ թեման եմ ընտրում ու սկսում եմ անհրաժեշտ երկաթները հավաքել։

– Դուք առավել շատ հոգեհարազատ աշխատանք ունե՞ք։

– Չունեմ նման աշխատանք, բոլորն էլ հատուկ նվիրումով ու սիրով եմ անում ու սիրով էլ բաժանվում եմ իրենցից։ Ես չեմ տառապում։ Հիմա մեր տանը շատ քիչ գործեր ունեմ՝ 2-3 աշխատանք։

– Ո՞ր գործերն եք Ձեզ մոտ պահել։

– Մի «Քրիստոս» ունեմ արած, մի «Ձուկ», որ նվիրել եմ տիկնոջս՝ խոհանոցում է կախել, երկու «Բզեզ» ունեմ, որոնք իրենք իրենցով լուսամփոփներ են, երեկոյան վառում եմ, իրենք սիլուետներով շատ գեղեցիկ տեսք ունեն։

Ara Aleqyan (1)

– Հե՞շտ եք դրանք նվիրում։

– Չէ, ա՛յ, նվիրելուց շատ շռայլ չեմ, միայն շատ մտերիմ մարդկանց եմ նվիրում իմ աշխատանքները, շատ քիչ մարդկանց, միայն նրանց, ովքեր ինձ համար շատ թանկ են։

– Հայաստանում պատվեր ունեցե՞լ եք։

– Միայն մի անգամ՝ «Շողակաթ» հեռուստաընկերության դիմաց տեղադրված կինոխցիկը, իրենք էին պատվիրել, մնացած բոլոր աշխատանքներն ինքս ինձ, ազատ, գժոտ, վերցրել՝ արել եմ։ Հետո Աստված տնօրինում է դրանց ճակատագրերը՝ որը վաճառվում է, որը ցուցադրվում, որը հեռանում է Հայաստանից։

– Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր քանդակների համար Շառլ Ազնավուրի հրապարակը դուք ինքներդ շատ եք սիրում։ Մեծ թվով աշխատանքներ հենց էստեղ են տեղադրվել առաջին անգամ։

– Այո, ճիշտ եք նկատել, հարազատ բան կա՝ այս տարածքի հետ կապված, հետո մեր քաղաքի կենտրոնն է, մեր քաղաքի սիրտն է, ո՞վ իր սիրտը չի սիրում, չի գուրգուրում։

– Ձեր քանդակների մասին լսած ամենակառուցողական քննադատությունը ո՞րն է եղել, որ լսել եք։

– Գիտե՞ք, ես հենց դրա համար եմ ցավում, որ նման բան շատ քիչ է եղել, չի էլ եղել երևի։ Ամեն անգամ, երբ նոր աշխատանք եմ տեղադրում, հետևում եմ մամուլի արձագանքներին՝ ոչ մի արվեստաբան չի քննադատում կամ քննարկում դրանք, ընդհանրապես քննարկում՝ որպես այդպիսին, չի լինում։ Տպավորություն է, որ արվեստի քննադատ չկա այստեղ։ Պարզապես լրագրողներն են գալիս ինձ հետ զրուցում, գովաբանում են, վերջանում-գնում է, բայց ախր այդպես պետք է չլիներ։

Ara Aleqyan (2)

– Դուք պատրա՞ստ եք լսել քննադատություններ։

– Ո՞նց պատրաստ չեմ, ամենահետաքրքիրը հենց այդտեղ է ծնվում՝ քննադատությունների ընթացքում, որ արվեստագետն իմանա՝ ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, ի՞նչ անի, որտե՞ղ է սխալվել, ի՞նչն ուղղի, չսխալվի հանկարծ։

– Այդ դեպքում Ձեր սխալների ուղղումն ինչպե՞ս է կատարվում, հե՞շտ է ամեն անգամ կողքից միանձնյա օբյեկտիվ հայացքով նայել ձեր աշխատանքներին, կրկնվելու կամ սխալը կրկնելու մտավախություն չկա՞։

– Ինքս եմ այդ բեռը վերցրել ինձ վրա։ Օրինակ, երբ մոտ 7 տարի առաջ «Ցուլն» արեցի, բերեցի, դրեցի այստեղ, արվեստանոցում չէի զգացել, որ մի բան կար, որը սխալ էր, ինձ դուր չէր գալիս։ Այստեղ՝ հրապարակում, տեղադրելուց հետո, դա ակնհայտ երևաց։ Բնականաբար, հենց այստեղ չէի կարող ուղղել, նորից քանդել-հավաքել, զոդել, բայց երբ այն գնեցին և տեղափոխեցին Ստամբուլ, այնտեղ տեղում տեղադրելուց ես լիարժեք փոխեցի՝ ուղղեցի, իդեալական տեսքի բերեցի քանդակը և վերջապես հանգստացա։

– Որտե՞ղ են գտնվում Ձեր քանդակները, պարոն Ալեքյան։

– 4 մոնումենտալ աշխատանք գտնվում է Բրյուսելում, Ռուսաստանում երկու մեծ աշխատանք ունեմ՝ 2 մետրանոց «Ցուլ», Մոսկվայում շատ մեծ սարդ ունեմ, Երևանի սարդից 1.5 անգամ ավելի բարձր։ Այդ սարդը շատ յուրօրինակ աշխատանք ստացվեց, որովհետև արվեց հենց իրենց գործարանի մետաղներով, որը Դյուսելդոլֆի «Էքսպո»-ում ցուցադրվեց, մեծ ճանաչում ստացավ և վերադարձավ Մոսկվա։ Սրանք՝ մոնումենտալ աշխատանքները։ Բայց փոքր աշխատանքներ աշխարհի բոլոր մայրցամաքներում ունեմ՝ անհատներ են գնել, պետությունները։

Ara Aleqyan (4)

– Դրսից ի՞նչ արձագանքներ եք լսել։

– Շատ են եղել։ Ամենահիշարժանը երևի Ֆրանսիական Քոբուրգ քաղաքում ձիերին նվիրված ամենամյա փառատոնի հետքերով եկած արձագանքներն էին, որին մասնակցել է մեր տաղանդավոր օպերատոր և ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանը։ Ինքն իմ քանդակած ձիերից մեկի մասին պատմող ֆիլմ էր նկարել, որն այնտեղ Grand Prix ստացավ։ Դրանից հետո ֆրանսիական մամուլում մեծ թվով հոդվածներ տպագրվեցին այդ ֆիլմի և, բնականաբար, իմ մասին, որովհետև վերջին հաշվով՝ ֆիլմի հերոսը ես էի։

Երբ այդ հոդվածները թարգմանեցինք, զարմացել էինք, թե ինչ հրաշալի բան էին գրել, իրենք, պարզվում է, ցնցված էին։ Լրագրողներից մեկն ասուլիսի ընթացքում Սուրենին հարց էր տվել, թե՝ պարոն Ալեքյանի մյուս աշխատանքը ո՞րն է լինելու, ի՞նչ է պլանավորել անի, ինքն էլ, դե գիտեք երևի, շատ հումորով մարդ է, ասել էր՝ Արան պատրաստվում է հաջորդ անգամ գալ Փարիզ, Էյֆելյան աշտարակը թերթերով փաթաթի և այրի։ Ֆրանսիացի լրագրողները ոչ թե ծիծաղել էին, այլ շատ լուրջ դեմքերով դա ընդունել էին՝ որպես իրականություն, ու տպագրել իրենց մամուլի էջերում, իբր ես պատրաստվում եմ այրել Էյֆելյան աշտարակը։

Սուրենն ասում է՝ ես ապշել էի՝ սրանք հումորի զգացում չունե՞ն, չե՞ն հասկացել, որ կատակ եմ արել։ Ասում է՝ հետո հասկացա, որ չէ՝ դա ոչ թե հումորի զգացումի բացակայությունից էր, այլ նրանից, որ իրենք մտածել էին՝ իսկ ինչո՞ւ չէ, Արա Ալեքյանն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ, այո, կարող է գալ մի օր քաղաքապետին կամ նախագահին ասել ու այրել Էյֆելյան աշտարակը (ժպտում է.- Ն.Մ.)։

– Պարոն Ալեքյան, ինչո՞ւ են Ձեր հեղինակած բոլոր քանդակները բացվում այրվելով։

– Սովորաբար բոլոր քանդակները սպիտակ սավանով են բացվում, բայց իմ քանդակներն առաջին անգամ այրվելով են ներկայանում, որովհետև դրանք կրակով են ծնվում, հենց ինքը՝ երկաթը, կրակով է ստեղծվում, ես իրենց կրակով եմ ամրացնում, այսինքն՝ դրանք ստեղծվում են կրակով, և ես վերջում կրակով էլ հոգի եմ տալիս դրանց։

Aleqyan

– Կարելի՞ է հարցնել, դուք հորոսկոպի ի՞նչ նշանի կրող եք։

– Առյուծ…

– Պարզ է… մենք գործ ունենք կրակի տարերքի հետ, ես հասկացա։ Բոլորովին վերջերս մեր քաղաքում երկու արձաններ բացվեցին՝ Գարեգին Նժդեհինը և մարշալ Համազասպ Բաբաջանյանինը։ Դուք դրանք տեսե՞լ եք։

– Ոչ, երկուսն էլ չեմ տեսել։ Դրանց մասին ոչինչ չեմ կարող ասել, միայն արձագանքներն եմ լսել, հիմնականում՝ բացասական։

– Պարոն Ալեքյան, արդյո՞ք մենք ապրում ենք մի ժամանակում, որտեղ դեռ արդիական է սոցռեալիզմ հիշեցնող արվեստը։

– Մշտապես ամեն ինչ պետք է լինի, հասկանո՞ւմ եք, ուզում է՝ սոցռեալիզմ լինի, ուզում է՝ աբստրակցիա թե ուրիշ բան, միայն, եթե լավ է արված, իզմերը կապ չունեն, կարևորը՝ մեջը հոգի դրված լինի։ Միայն այդ պարագայում այդ աշխատանքները դարերով չեն կորցնի իրենց արժեքը, դարերով արդիական ու ավանգարդ կմնան։

– Ի՞նչն է պակասում մեր քաղաքի մշակութային դեմքին։

– Մեր քաղաքին շատ պակասում են ազատ ոճի աշխատանքները, ինչ ուզում է լինի՝ ազատ լինի, մեջը կյանք լինի, ջերմություն։ Վերջերս նկատել եմ՝ մի տեսակ գերեզմանային գործեր են հայտնվում մեր քաղաքում՝ ծանր, անտանելի շնչով արված։ Եթե այդ նույն արձանները տանես, գերեզմանոցում դնես, ոչ մի բանով չեն տարբերվի տապանաքարերից։

– Իսկ միգուցե դա հենց այն աուրան է, որ հիմա իջել է մեր քաղաքի վրա։

– Համաձայն չեմ։ Ես պատվիրատուին եմ մեղադրում, որ չունի այն զարգացածության աստիճանը, որպեսզի հասկանա՝ ո՞րն է լավ, ո՞րը՝ վատ, քանդակագործին եմ մեղադրում, որ մի երկու կոպեկի համար նման պատվերներ է վերցնում ու անում։ Մեղք են այդ արվեստագետները…

Ara Aleqyan (3)

– Մեր պատվիրատուները սխալ ընտրված մարդիկ են ուրեմն։

– Այո, դա վաղուց այդպես է, ցավոք, նրանք մասնագետին են թելադրում իրենց սեփական անճաշակ ճաշակը։

– Այդ պատվիրատուները Ձեզ երբևէ ոչինչ չե՞ն պատվիրել։

– Եղել են դեպքեր, բայց ես հրաժարվել եմ։ Այն կրակն ու լույսը, որ ես տալիս եմ իմ ժողովրդին, ինձ լրիվ բավարարում է։

– Ինչո՞վ կամ ումո՞վ եք Դուք ոգեշնչվում։

– Իմ կնոջով։

– Պարոն Ալեքյան, որտե՞ղ են մեր սիրելի «Ձիերը»։

– «Ձիերը» Բրյուսելում են, սիրուն մի պուրակում կանգնած են իրենց համար։

– Իսկ հնարավո՞ր է, որ մի օր էլ հանկարծ մեր «Սարդը» լքի մեզ։

– Շատ հնարավոր է։ Նույն հաջողությամբ՝ նաև «Արջը», ճիշտ այնպես, ինչպես մյուսները «լքեցին»գ Այստեղից գիտե՞ք քանի քանդակներ են գնացել՝ «Փոքր ցուլը», «Արջը» երկու «Ձիերը»։ Ես վաճառում եմ դրանք։

– Իսկ Դուք չե՞ք մտածում այն մասին, որ մենք արդեն սովորել ենք իրենց ներկայությանը, մենք կապվել ենք իրենց հետ, մենք սիրում ենք իրենցգ

– Դրա մասին քաղաքապետն ու քաղաքի տնօրինությունը պետք է մտածի, ես չեմ կարող մտածել, ես ի՞նչ մտածեմ։ Ինձանից հասնում է՝ հնարավորինս լավ աշխատանքներ անել ու ցույց տալ իմ ժողովրդին։ Ցավոք, սրանք այստեղ ժամանակավոր են…

– Իսկ ի՞նչ անենք, որ դրանք չհեռանան մեզանից։

– Որպեսզի չհեռանան, պետք է գնեն դրանք, խնամեն, գուրգուրեն, ոչ թե ես ամեն շաբաթ ինքս գամ նայեմ՝ կեղտոտվե՞լ են, լվանամ, սրբեմ։ Դրանք պետք է պատկան մարմիններն անեն՝ մեկը՝ լվանա, մեկը՝ սրբի, մեկը՝ գա-տեսնի՝ վրան ճաք չի՞ առաջացել, զոդի, լուսավորություն ապահովի։ Գիշերով անցնում ես՝ մեծ «Սարդը» չի երևում։ Մի խոսքով, պետք է սիրեն դրանք, պարզապես սիրեն, որպեսզի դրանք էլ չլքեն, չհեռանան։

Լուսանկարները` ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ

 

Տեսանյութեր

Լրահոս