««Հակամարտություն» բնորոշումը թեթեւ է ասված, որ այստեղ իսկական պատերազմ է». լիտվացի լրագրող

Զինվորական երկու «Ուազները» կանգ են առնում դիրքի մատույցներում: Ուղեւորները դուրս են գալիս, ապա՝ հանդերձավորվում: «Press» նշումով մուգ կապույտ սաղավարտները, զրահաբաճկոններն ու թիկնոցները հուշում են` լրագրողներ են: Լիտվական, բուլղարական եւ ուկրաինական լրատվամիջոցների ներկայացուցիչները եկել են «Ուղղաթիռի դիրք»՝ սեփական աչքերով տեսնելու ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքները: Նրանք միանգամից գործի են անցնում` տեսանկարահանում եւ լուսանկարում: Հարցնում են զինվորներին` «Ինչպե՞ս եղավ», հետաքրքրվում են հրադադարի խախտման հաճախականությունից, ապա տեսանյութ նկարահանում խոցված ուղղաթիռի համապատկերին: Համաձայնում են նաեւ մեր հարցերին պատասխանել:

Լիտվական Alkas.lt-ի թղթակից Աուդրիս Անտանայտի սը ասում է, որ լրագրողի գործն է լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բան է կատարվում, դրա համար էլ եկել են. «Մի քանի տարի  է` ընդհանրապես ոչ մի լուր չէինք հաղորդում Արցախից:  Մտածում էինք` այդքան էլ վատ չէ այստեղ:  Հիմա հասկանում ենք, որ  այս մասին պետք էր խոսել, շատ խոսել եւ ոչ լռել: Երբ հեռվից ես հետեւում, ամեն բան կամ շատ սարսափելի, կամ էլ ոչ այնքան լուրջ է թվում: Իսկ տեղում արդեն պարզեցինք, որ «հակամարտություն» բնորոշումը թեթեւ է ասված, որ այստեղ իսկական պատերազմ է: Այսպիսի հարցերը պետք է խաղաղ լուծվեն»:

Ուկրաինական  «KyivPost»-ի լրագրող Անաստասիա Վլասովան լուսաբանել է Ուկրաինայի արեւելքում ծավալված ռազմական գործողությունները, եղել է նաեւ Ղրիմում, հաջորդ թեժ կետը Արցախն է. «Այստեղ զինվորներն անհամեմատ ավելի լավ են հանդերձավորված: Բոլորը զրահաբաճկոն ու սաղավարտ ունեն, միանման համազգեստով են, ինչը հաճախ չես տեսնի պատերազմական գոտիներում: Նրանք ամուր են, առույգ, հոգնածություն չնկատեցի, սիրով են իրենց գործը անում»:

Hromadske.tv-ի թղթակից  Ժաննա Բեսպեչուկի աչքից էլ չեն վրիպել ծավալված ինժեներական աշխատանքները. «Արցախի բանակը ամուր պաշտպանություն է ստեղծում, մոտեցումը շատ հստակ ու պրոֆեսիոնալ է: Ուկրաինական լրատվադաշտում տեղեկատվությունը սուղ էր, եւ կարծրատիպեր, սխալ պատկերացումներ կային: Մեր խնդիրը հենց սկզբնաղբյուրից ինֆորմացիա ստանալն է եւ իրականությունը ներկայացնելը: Մեր լրագրողները դեռ շփման գծի մյուս կողմը չեն տեսել: Կարծում եմ` այս կողմում եղած լրագրողներս այլեւս հնարավորություն չենք ունենա այնտեղ էլ լինելու, ինչը, սակայն, հնարավորություն կտար ավելի հանգամանալից ներկայացնելու իրավիճակը: Այս պահին մի բան կարող եմ ասել` այստեղ մեծ մարդկային ցավ կա»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor

Տեսանյութեր

Լրահոս