«Երկու օր դիակները մեր դիրքում էին… Բայց մատով էլ չկպանք»

Հարավարեւելյան ուղղություն: Ապրիլի երկուսի առավոտ: Հակառակորդի ՄԻ-24G ուղղաթիռը գրոհում է հենակետը: Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցում է մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը` հողին հավասարեցնելով հակառակորդի հավակնությունները: Այդ դրվագը դիրքապահ տղաների կյանքը, ծառայությունը  բաժանել է «առաջ»-ի եւ «հետո»-ի: Փոխվել է նաեւ հենակետի անվանումը. այժմ առաջնագծում այն հայտնի է որպես «Ուղղաթիռի դիրք»:

Հեռվից  նկատում ենք խոցված ուղղաթիռի` երկինք ցցված մետաղական երկու անզոր կտորները: Արդեն  դիրքում պարզ է դառնում` ուղղաթիռն ամենուր է: Աջ, թե ձախ` որտեղ  էլ կանգնես, այն տեսադաշտումդ է եւ քո կամքից անկախ ցցվում է աչքիդ առաջ: Տղաները սովոր են, մենք` ոչ: Այս հենակետի բոլոր զինվորներն էլ  ծառայության զգալի փորձ ունեն, բայց, թվում է՝ մոռացել են այդ մասին եւ պատմում են միայն տեղի ունեցածից: Նրանք նոր իրականությունում են հայտնվել, որ կառուցվել է իրենց դիրքում ընկած թշնամական  ուղղաթիռի շուրջ: Այսօրինակ ուղղաթիռի մեկ միավորի շուկայական գինը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է: Սակայն, նայելով այդ տեխնիկայի ջարդոններին, այժմ դրան դժվար է հավատալ:

6-1-1-13

«Իսկ մենք այն տեսել ենք օդում` որպես վտանգ մեր գլխավերեւում կախված»,-ասում է գնդացրորդ Համլետ Սարգսյանը` նայելով հեռվում գոյացած  մոխրի մեծ կույտին:

Նա պատմում է, որ  ուղղաթիռը նախ իրենց դիրքն է գրոհել. «Գետնատնակում էինք:  Դիտորդը ձայն լսեց ու կանչեց: Հասանք դիրք այն պահին, երբ ուղղաթիռն արդեն մեր տարածքում էր: Մեզ չկորցրինք, ով ոնց կարողացավ՝ դիրքավորվեց: Ես իմ գնդացրով  խրամատից  դուրս եկա, որ խոցելու ավելի հարմար դիրք զբաղեցնեմ: 100 փամփուշտ կրակեցի: Ուղղաթիռի անձնակազմը շփոթված էր: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել` խուճապի մեջ: Անգամ չհասցրին հրթիռներ արձակել: Իջա գետնատնակ, որ զենքս լիցքավորեմ, այդ ընթացքում ուղղաթիռը շարժվեց դեպի կողքի դիրքը: Նարեկն էլ  խոցեց»:

Համլետը ափսոսում է, որ այդ պահը սեփական աչքով չի տեսել:

Դիրքի ավագ, սերժանտ Արամ Մուրադյանը դժվարանում է հարմար բառ գտնել իր  զգացածը փոխանցելու համար. «…Դուք ի՞նչ էիք զգում փոքր ժամանակ, երբ հեքիաթում երեք գլխանի հրեշին սպանում էին, նման զգացողություն էր»: Անձնակազմի երկու անդամները դեռ ողջ էին, եւ Նարեկը եւս մեկ անգամ գործի դրեց նռնականետը:

«Երկու օր դիակները մեր դիրքում էին: Ես մինչ այդ դժվարանում էի նայել մահացած մարդուն, այս անգամ ինքս ինձ վրա զարմացա` խղճահարություն չզգացի: Ոչ մի խղճահարություն… Բայց մատով էլ չկպանք»,- անկեղծանում է Արամը եւ քայլերն ուղղում դեպի խրամատ, որի հեռավորությունը հակառակորդից 180 մետր է, տեղ-տեղ էլ՝ ավելի քիչ:

Դիրքապահներն այստեղ սպասում էին հակառակորդին: Նրանք վստահ էին` թշնամին հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կձեռնարկի, կփորձի տարհանել իր զոհված սպաներին:

«Երկու օր չենք քնել, չենք հանգստացել: Սպասում էինք,- հիշում է Արամը:- Չսխալվեցինք: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում նկատեցինք հատուկջոկատայինների վեց հոգանոց խումբը: Հուժկու կրակ բացեցինք նրանց ուղղությամբ եւ ետ շպրտեցինք ելման դիրքեր»:

Գետնատնակ ենք մտնում և սուրճի սեղանի շուրջ շարունակում ենք մեր զրույցը: Տղաներն ասում են` «Մեր հենակետում ապրիլյան պատերազմը մեկօրյա էր. նրանց ստիպեցինք ետ քաշել գրոհի սպասող 15 տանկերն ու եւս մեկ ուղղաթիռ», «Այդ օրը իսկապես զինվոր դարձանք», «Փոխվեցինք, էլ նույնը չենք», «Հասկացանք` ինչ է ընկերությունը»:

Զրույցը լուռ լսող Անդրանիկն էլ վերջապես խոսում է. «Որոշել եմ` պայմանագրային ծառայության եմ անցնելու»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս