Էդվարդ Նալբանդյանը բացում է փակագծերը

Այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քառօրյա պատերազմը ՀՀ իշխանությունների անհետևողական քաղաքականության արդյունքն է և ներկայացրեց մի շարք փաստեր, մասնավորապես` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը համարժեք արձագանք չտրվեց և նա ազատության մեջ է, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու ուղղությամբ մի քանի տարի բանակցելուց հետո մեկ օրում պայմանագիր կնքվեց ԵԱՏՄ հետ` դա պայմանավորելով անվտանգության խնդիրներով, բայց հետո տեսանք, որ անվտանգություն չունենք, հայկական ուղղաթիռի խփմանը համարժեք պատասխան չեղավ, ՀՀ-ն շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղյան կարգավորման շուրջ ի հեճուկս այն փաստի, որ ԼՂ-ն դուրս է մղված, իսկ ՀՀ ԱԳ ներկայացուցիչները պաշտպանում են Ադրբեջանի տեսակետը և նշում, թե Ադրբեջանը չի ուզում բանակցել ԼՂ-ի հետ, Սարսանգի ջրամբարի մասին զկեույցի ընդունումը, ԵՏՄ վարչապետների հանդիպման ամոթալի չեղարկումը Երևանում, որին ևս համարժեք արձագանք չտրվեց:

«Դուք և Սերժ Սարգսյանը հայտարարել եք, որ ռազմական գործողությունների դեպքում կճանաչվի ԼՂ անկախությունը: Ունեցանք ապրիլյան 4-օրյա պատերազմ և 800 հեկտարի կորուստ, ի՞նչն է համարվելու լայնամասշտաբ, որ քայլեր անեք,- հարցրեց Ն.Փաշինայնը` շեշտելով, որ հայկական կողմից հայտարարություններին գործողություններ չեն հետևել,- Արդյոք չեք կարծո՞ւմ, որ ՀՀ անհետևողականությունը առնվազն մեկն էր այն պատճառներից, որ հանգեցրեց պատերազմի»:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հակադարձեց, թե հայկական կողմից համարժեք արձագանք միշտ եղել է: Նա չհամաձայնեց վերուծությունների հետ, որ Ադրբեջանը փորձեց իր դիվանագիտական հաջողություններն ամրագրել ռազմի դաշտում, այլ, ըստ նրա, պատերազմ սկսում է պարտված կողմը:

Ըստ նրա` չմնաց որևէ միջազգային կառույց, որը խստորեն չդատապարտեր այդ խայտառակ դեպքը. «Դուք կարծում եք դա օդի՞ց է, այդ արձագանքները, կամ իրենք նստում են ուսումնասիրում ու այդպես արձագանք են տալի՞ս: Այո, դա մեր աշխատանքի արդյունքն է»:

Նալբանդյանը նկատեց, թե այնպես չէ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ էր, հետո մեկ օրում դարձավ ԵՏՄ անդամ: Նրա խոսքով` ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է ԵՄ-ի հետ զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին:

Անդրադառնալով ԼՂ-ի բանակցային կողմ լինելու խնդրին` Նալբանդյանն անկեղծացավ և, իր իսկ խոսքով, մի քիչ բացեց փակագծերը` բոլոր փաստաթղթերում, որոնք մինչ օրս քննարկվել են և ի պահ են դրվել Վիեննայում, կա կետ, որ ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին և առանց ԼՂ-ի որևէ փաստաթղթի մշակում ու ստորագրում անհնար է:

Է.Նալբանդյանի խոսքով` Սարսանգի բանաձևը իրավական տեսակետից որևէ ազդեցություն չէր կարող ունենալ, քանի որ խորհրդարանական վեհաժողովների ընդունած բանաձևը բանակցող կողմերի համար որևէ նշանակություն չունի, այն երբևէ չի արծարծվել ԵԱՀԿ ՄԽ համանախագհների կողմից:

«Իրականում Դուք ոչ թե իմ հարցին պատասխանեցիք, այլ ելույթ ունեցաք, և շատ ձանձրալի»,- նկատեց Ն.Փաշինյանը` կրկին պնդելով, որ Ադրբեջանի բոլոր գործողություններին հայկական կողմը հակադրել է միայն հայտարարություններ, հայտարարություններ, հայտարարություններ: Նա կրկին հարցադրում արեց, թե ե՞րբ հայտարարությունները կվերածվեն գործի ԼՂ ճանաչման հարցում:

«Դուք ի՞նչ եք առաջարկում, մենք էլ խփեի՞նք երկու ինքնաթիռ»,- տարակուսեց Նալբանդյանը:

«Այո»,- եղավ Փաշինյանի պատասխանը:

Նալբանդյանը մատնանշեց, որ բացել է փակագծերը, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերոմ նշվում է ԼՂ մասնակցության մասին: Ըստ նրա` պատերազմը կասեցվեց միջազգային հանրության կողմից և հայկական կողմը չէր կարող որևէ բան անել:

Տեսանյութեր

Լրահոս