Վինի Թուխի մասին նոր գիրք է լույս տեսել Եղիսաբեթ թագուհու 90-ամյակի առթիվ

Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Վինի Թուխի արկածների մասին պատմող նոր նկարազարդ գիրք՝ միանգամից երկու 90-ամյա հոբելյանների՝ ամենահեքիաթային հերոսի եւ բրիտանական գահի տիրակալի՝ Եղիսաբեթ Բ-ի հոբելյանների առթիվ: Զուր չէ ստեղծագործությունը կոչվում «Վինի Թուխը եւ արքայական ծննդյան օրը» (Winnie the Pooh And The Royal Birthday): Տեքստի հեղինակը Ջեյն Ռիո րդանն է, իսկ նկարազարդող նկարիչը՝ Մարկ Բերգեսը:

Գործողության վայրերից մեկն էլ դարձել է Բուկինհեմի պալատը, ուր Վինի Թուխն իր տիրոջ՝Քրիստոֆեր Ռոբինի, ինչպես նաեւ Դնչիկ խոզուկի եւ Իա Իա իշուկի հետ գնում է՝ Եղիսաբեթ Բ-ին նվեր մատուցելու նրա 90-ամյա հոբելյանի առթիվ:

Թագուհին նկարներից մեկում ներկայանում է կարմիր ժակետ հագած, կարմիր փոքրիկ գլխարկով եւ սեւ ձեռնոցներով, եւ լսում է Վինի Թուխին: Արջուկը նրան պատահաբար նկատել էր զբոսանքի ժամանակ եւ որոշել էր ուրախացնել ծննդյան օրվա պատվին նվիրված բանաստեղծությամբ:

Գրքի հերոսների թվում է նաեւ թագուհու ծոռը՝ արքայազն Ջորջը, որի երեք տարին լրանում է հուլիսին: Թեեւ, նրա անունը գրքում չի հիշատակվում. այնտեղ ասվում է, որ դա Նորին Մեծության հետեւից վազվզող փոքրիկ տղա է: Սակայն, այդ տեքստն ուղեկցող նկարում, ինչպես դժվար չէ կռահել, պատկերված է հենց Ջոջը:

Վինի Թուխի մասին առաջին գիրքն անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնը հրատարակել է 1926 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ այն բանից կես տարի անց, երբ ապրիլի 21-ին լույս աշխարհ եկավ Եղիսաբեթը՝ այն ժամանակ դեռ արքայադուստրը, եւ ընդսմին ոչ գահաժառանգը: Հենց այդ ժամանակ էլ Միլնը նրա պատվին գրեց մի ամբողջ շարք բանաստեղծություններ՝ «Թավշե արջուկը եւ մեր վաղ մանկության այլ երգեր» (Teddy Bear And The Other Songs From When We Were Very Young) վերտառությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս