«Մի օր կլսես, որ դիրքերն արդեն մեր ձեռքում են». «Ազատություն»

Հանրապետական Առաքել Մովսիսյանը պնդում է, որ շուրջ ամիսուկես Ղարաբաղում արել է ամենը, ինչ հրահանգվել է, այդ թվում՝ զինվորների հետ խրամատ է փորել:

«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառանալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու:

«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա: Մի օր աչքերդ կբացես՝ կտեսնես, որ էդ դիրքերը տեղում են: Մի մետր էլ հող չի կորելու, ավելանալու ա, չի պակասելու: Նախագահը հո չի՞ ասի՝ մենք կխփենք, կվերցնենք: Ամեն ինչ իրա հունով գնում ա: Աչքերդ կփակես կբացես, մի լավ օր կլսես, որ էդ դիրքերն արդեն մեր փառապանծ զինվորների ձեռքում ա, և առանց զոհերի»,- ասում է Մովսիսյանը:

1990-ականներին ղարաբաղյան պատերազմին մասնակցած Առաքել Մովսիսյանը վստահ է՝ եթե ադրբեջանական կողմը կրկին փորձի կրկնել այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ապա այդ դեպքում հայկական կողմը կանգ չի առնելու, և մարտական գործողություններն էլ միայն դիրքեր վերցնելով չեն ավարտվելու: «Ավելի վատ կլինի իրանց համար, շատ վատ կլինի: Ոչ թե այ սենց վատ, ավելի վատ: Էդ վախտ, Աստված տա իհարկե, կամ Թարթառում, կամ Հորադիզում, կամ Միրբաշիրում, կամ Կիրովոբադում քեֆ կանեք, եթե մի հատ էլ շշկռվեն»,- ասում է Մովսիսյանը:

Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ապրիլյան ամենաթեժ օրերին, այնպես էլ դրանից հետո եղել է զինվորների կողքին՝ կատարելով հրամանատարական կազմի հրահանգները: Թե կոնկրետ մարտական ինչ գործողությունների է մասնակցել՝ այս հարցին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել: «Ես ձեզ կարող եմ նկարներ ցույց տալ, որ խրամատ էլ եմ քանդել, ես ինքս, այս օրերին: էսօր ամեն ինչ պետք ա անես, ի օգուտ զինվորի, որ մի բանով պիտանի լինենք: Թե չէ էթալ գառ ուտել, ուտել խմել, հետ գալ, ասել՝ ես գիտես՞ ինչեր եմ արել․․․ ոչ: Ամեն ինչ արել եմ, ինչ հրահանգ իջեցվել ա՝ ամբողջը կատարել ենք, ես ձեզ չեմ կարող գաղտնիքները բացահայտել․․․»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս