Անջելինա Ջոլին նշանակվել է Լոնդոնի ամենահայտնի բուհերից մեկի պրոֆեսոր

Հոլիվուդի նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլիին նշանակել են Լոնդոնի էկոնոմիկայի եւ քաղաքական գիտությունների դպրոցի դասախոս: Այս մասին տեղեկացնում է դպրոցի կայքում:

Բուհի կազմում շուտով հայտնվելու է նոր հետազոտական կենտրոն՝ նվիրված կանանց, խաղաղության ու անվտանգության հիմնախնդիրներին: Այնտեղ Ջոլին հանդես կգա որպես ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հատուկ դեսպանորդ:

«Ես շատ ոգեւորված եմ նման ծրագրի ստեղծմամբ: Հուսով եմ՝ կրթական մյուս հաստատությունները կհետեւեն այդ օրինակին, քանի որ անհրաժեշտ է ընդլայնել քննարկումները կանանց իրավունքների եւ այն բանի շուրջ, թե ինչպես վերջ դնել նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը, ինչպիսին է, օրինակ, սեռական բռնությունը հակամարտությունների պայմաններում»,- ասել է դերասանուհին՝ ելույթ ունենալով համալսարանական լսարանի առջեւ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոլին կարդալու է դասախոսություններ, մասնակցելու է հետազոտությունների եւ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ իր ինքնուրույն աշխատանքն է կատարելու գենդերային իրավահավասարության զարգացման, տնտեսության մեջ, հասարակական ու քաղաքական կյանքում կանանց դերի ուժեղացման, նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս