Ադրբեջանցի օլիգարխի միլիոնները կորան. ֆրանսիական Lans-ն անցավ հային

Փարիզի առեւտրային դատարանի որոշումով ֆրանսիական ֆոտբոլային Lans ակումբը, որը պատկանում էր ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովին, նոր սեփականատեր է ունի: Այն դարձել է լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությունը, որի հետեւում կանգնած են մադրիդյան «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներ Իգնասիո Ագուիլլոն (մադրիդյան ակումբի վարչական խորհրդի անդամ) եւ Միգել Անխել Հիլը («Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն), ինչպես նաեւ բրիտանական ներդրումային Ambe rCapital ընկերությունը, որի հիմնադիրը հանդիսանում են ծագումով հայ լիբանանցի Ժոզեֆ-Մարի Օգուրլյանը եւ ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական virtualaz.org կայքը` նշելով, որ Հաֆիզ Մամեդովը Lans ակումբի վրա 26 մլն եվրո էր ներդրել: Սակայն, Մամեդովի RCL հոլդինգը, որը հանդիսանում էր Lans-ի սեփականատերը, մայիսի 4-ին Ֆրանսիայում սնանկ էր հայտարարվել` հաշվի վրա ունենալով ընդամենը 5735 եվրո:

Lans-ը «Սոլֆերինո»-ն գնել է 660 հազար եվրոյով` պայմանով, որ ակումբի վրա ընկերությունն անհապաղ կներդնի 5 մլն եվրո: Վճարված 660 հազար եվրոյի 500 հազար մասը կգնա պետական գանձարան, իսկ մնացած 160 հազար եվրոն կհասնի ադրբեջանցի օլիգարխին` այն դեպքում, որ վերջինս ակումբի վրա արդեն 26 մլն եվրո էր ծախսել:

 

Տեսանյութեր

Լրահոս