Զինվորին ծանր վիճակից դուրս են բերել պրոֆեսիոնալիզմի շնորհիվ

18-ամյա զինվորը մարտի սկզբին ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում։

«Մեր բաժանմունքում երկար բուժում ստացավ։ Վիրուսային ախտահարմամբ նյարդային համակարգի սուր բորբոքումներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում։ Արամ Ս.-ի մոտ հիվանդությունն ընթանում էր ծայրահեղ ծանր։ Այն բավական խորացած էր, խանգարվել էին կենսական կարևոր ֆունկցիաները, ջերմությունը բարձրանում էր մինչև 380»,-վերհիշում է շտապբուժօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով որոշ մանրամասներ։

Հիվանդին անմիջապես արհեստական շնչառական սարք է միացվել։ Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ բուժանձնակազմը լուրջ պայքար է տարել Արամին այդ վիճակից դուրս բերելու համար։ Երիտասարդի համար հեշտ չէր։ Անզգայացել էին վերջույթները, խանգարվել էին ոչ միայն շնչառական, այլև կլման ֆունկցիաները։ Սթափ գիտակցությունը մի կողմից ընկճում էր նրան, մյուս կողմից` աջակցում, որ գեներացնի ներքին ուժերը` հիվանդությունը հաղթահարելու համար։

«Անհրաժեշտ բուժումը, բոլոր միջոցառումներն իրականացվում էին, բայց կարևոր էր նաև զինվորի տրամադրվածությունը»,-պատմում է Սամվել Կարապետյանը։ Բուժման արդյունքում բավական լավ դրական տեղաշարժ է արձանագրվել։ Տասն օր անց հաջողվել է հասնել նրան, որ արհեստական շնչառության սարքի անհրաժեշտություն չլինի, ընդհանուր վիճակը կայունացել է, վերականգնվել են հիվանդի շնչառությունը, կլման ակտը։

Ապրիլի սկզբին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծում ստեղծված լարված իրավիճակում զինվորն շտապում էր ապաքինվել ու հասնել Հադրութ, զինակից իր ընկերների մոտ։ Սակայն վերջնական ապաքինման համար դեռ երկար ճանապարհ էր պետք անցնել։

Նույն կենտրոնի նյարդաբանության բաժանմունքում` վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ իրականացված բուժումը զգալիորեն նպաստել է զինվորի վերջույթների ֆունկցիայի վերականգնմանը։ Նյարդաբան Արմինե Սողոյանը ևս հավաստում է, որ քիչ հանդիպող այս հիվանդության` սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիայի կամ, ինչպես ասում են` Գիյեն Բարեի համախտանիշի դեպքում վերջնական արդյունքի հասնելու համար երկար բուժում է անհրաժեշտ։ Մասնագիտական բուժումից որոշ ժամանակ անց հիվանդի կլման ակտը եղել է ազատ, ստորին վերջույթներում հայտնվել են մինիմալ շարժումներ, վերին վերջույթներում` չափավոր արտահայտված պարապարեզ: Նա ուղեգրվել է վերականգնողական բուժման:

Նշենք, որ հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել զորամասում։ Զորամասի բուժ կետ է դիմել 380 ջերմությամբ, ստացել է համապատասխան բուժում: Երկու օր անց թուլություն է նկատվել վերին վերջույթներում։ Այնուհետև թուլացել են ստորին վերջույթները, դիտվել է նաև կլման դժվարացում: Հիվադը տեղափոխվել է Ստեփանակերտի, ապա Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Այստեղից էլ ուղեգրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս