Բաժիններ՝

Որ բանկերը կարող են միաձուլվել

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 18-ին Ազգային ժողովում նշել է, որ  Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացը անցած տարվանից շարունակվում է: Հիշեցնենք, որ 2014 թվականին ԿԲ-ն բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից բարձրացրեց մինչև 30 մլրդ դրամ։ Գործող բանկերի համար այդ պահանջը ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։

Սա նշանակում է, որ 30 մլրդ-ից պակաս նորմատիվային կապիտալ ունեցող բանկերը կա՛մ մինչև 2017 թվականի սկիզբը կմիաձուլվեն այլ բանկերի հետ, կա՛մ կվաճառվեն, կա՛մ կվերածվեն վարկային կազմակերպությունների։

Անցած տարի «Պրոկրեդիտ» բանկը միաձուլվեց «Ինեկոբանկի» հետ, այժմ երկրորդ միաձուլումն է ավարտին մոտենում` «Հայէկոնոմբանկն» իրեն է միացնում ղազախական «ԲՏԱ» բանկը:

Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ՝ ԿԲ պահանջին բավարարում են թվով 7 բանկեր, որոնց ցանկը տեսնում եք։

Կարդացեք նաև

Բանկի անվանումը   Ընդհանուր (նորմատիվային) կապիտալը, հազ դրամ
Ամերիաբանկ   80 326 792,0  
  ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ   45 397 077,0  
  HSBC բանկ Հայաստան   41 096 898,0  
  ՎՏԲ-Հայաստան բանկ   39 806 993,0  
  Արդշինբանկ   39 266 447,0  
  Ինեկոբանկ   36 884 258,0  
  Արմսվիսբանկ   30 367 820,0  
Հայբիզնեսբանկ 25 690 265,0
Պրոմեթեյ բանկ 21 696 401,0
Արարատբանկ 21 347 165,0
Յունիբանկ 18 985 170,0
Կոնվերս բանկ 17 871 583,0
Մելլաթ բանկ 17 030 380,0
Հայէկոնոմբանկ 15 623 319,0
Անելիք Բանկ 11 722 132,0
Արցախբանկ 11 179 682,0
Զարգացման հայկական բանկ 8 865 596,0
Առէկսիմբանկ – Գապր. խումբ 8 676 910,0
Բիբլոս բանկ 7 568 435,0
ԲՏԱ Բանկ 5 322 265,0

Իսկ ի՞նչ է լինելու մնացածի հետ։ ԿԲ նախագահն այսօր մի ուշագրավ հայտարարություն է արել՝ «միաձուլումների այլ պրոցեսներ են սկսվում»։ Սակայն այդքանից ավելին նա փակագծերը չի բացել՝ նշելով, որ այդ մասին կոռեկտ չէ խոսել:

Ճիշտ է, բանկային ոլորտի համար ենթադրություններ անելը ճիշտ չէ, սակայն փորձենք հասկանալ հնարավոր սցենարները՝ ինչ կլինի 19 բանկերի հետ (ՊրոԿրեդիտ և ԲՏԱ բանկերի հարցն արդեն պարզ է)։

Ինչպես նշեցինք, վերը նշված 7 բանկերն արդեն փաստացի բավարարում են ԿԲ պահանջին։ Միաձուլումներ տեսականորեն կարող են տեղի ունենալ մնացած 12-ի դեպքում։ Սակայն միաձուլման հավանակությունը, ըստ առանձին բանկերի, խիստ տարբեր է։

Այսպես ասած, մնացող բանկերի խմբին կարելի է դասել  «Հայէկոնոմբանկը»։ Ինչպես տեղեկացրել էր այս կազմակերպության լրատվական ծառայությունը, ԲՏԲ բանկը իրեն միացնելու արդյունքում «Հայէկոնոմբանկի» նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ ՀՀ դրամ: Մնում է 3 մլրդ դրամով այն ավելացնել, ինչը անկասկած բանկը կանի մինչև տարեվերջ։

Վարկային պորտֆելի ծավալով ՀՀ խոշորագույն բանկերից մեկի՝ «Հայբիզնեսբանկի» նորմատիվային կապիտալը 25.7 մլրդ դրամ է: Այս դեպքում նույնպես քիչ հավանական է, որ բանկը վաճառվի մեկ այլ բանկի։

«Արարատբանկի» նորմատիվային կապիտալն ավելի քիչ է, սակայն այստեղ հակված չեն միավորվելու կամ ձուլվելու մեկ այլ բանկի հետ։ Բանկի ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ ունի համապատասխան միջոցներ՝ բանկ կամ որևէ բանկի վարկային պորտֆել ձեռք բերելու համար։ Ընդ որում, բանկի ղեկավարության հայտարարությունների հիման վրա կարելի է ասել, որ այդ տարբերակը նրանց համար ավելի նախընտրելի է։

Իրանական «Մելլաթ Բանկը», ամենայն հավանականությամբ, նույնպես կմնա շուկայում։ Հատկապես Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո բանկը մտադիր է ամրապնդել իր ներկայությունը Հայաստանում։ Հիշեցնենք, որ վերջերս «Մելլաթ Բանկը» համալրեց իր կանոնադրական կապիտալը` հասցնելով այն 23.1 մլրդ դրամի:

Այսպիսով, հաշվի առնելով կապիտալների մեծությունը, ընթացիկ պրոցեսներն ու հնչած  հայտարարությունները՝ վերը նշված 7 բանկերին կարելի է ավելացնել նաև այս 4-ը, որոնք կպահպանվեն իրենց ներկայիս տեսքով (նկատի ունենք՝ կպահպանեն բրենդը)։

«Առէկսիմբանկի» դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Նորմատիվային կապիտալը քիչ է՝ 8.7 մլրդ դրամ։ Սակայն չի կարելի մոռանալ, որ այն «Գազպրոմբանկի» խմբի անդամ է։ Իսկ «Գազպրոմբանկը», մեղմ ասած, միջոցներ ունի իր «դստրեր»նորմատիվային կապիտալը ԿԲ չափանիշին համապատասխանեցնելու համար։ Այստեղ ցանկության հարց է։

Իսկ անհրաժեշտություն ելնելով հնարավոր կլանումներ կամ միաձուլումներ կարող են տեղի ունենալ հետևյալ 7 բանկերի դեպքում՝

Պրոմեթեյ բանկ,
Յունիբանկ,
Կոնվերս բանկ,
Անելիք բանկ,
Արցախ բանկ,
Զարգացման հայկական բանկ,
Բիբլոս բանկ։

Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ այս բոլոր բանկերը մեծացնեն նորմատիվային կապիտալը և մնան շուկայում։ Սակայն ԿԲ նախագահի խոսքերը՝ «միաձուլումների այլ պրոցեսներ են սկսվում», թույլ են տալիս եզրակացնել, որ կլինի առնվազն երկու միաձուլում։

Այսինքն՝ նշված 7 բանկերից առնվազն երկուսը մինչև տարեվերջ կա՛մ կմիավորվեն այլ բանկերի հետ, կամ պարզապես ձեռք կբերվեն դրանց կողմից։

Ժամանակը ցույց կտա:

Ըստ B4B.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս